ԲԼՈԳԻ ՄԱՍԻՆ

--- ՆԱԽԵՐԳԱՆՔ ---
Հարցը, թե ինչու որոշեցի բլոգ վարել, երևի ամենից շատ հետաքրքրում է ինձ. պատասխանը նույնպես ավելի շուտ ինձ համար է։ Ընկերներիցս մեկը միշտ կատակում էր, թե «Սողոմոն իմաստունն ասում ա». այս դեպքում Սողոմոն իմաստունը չէ, որ ասում է, բայց դա կարևոր չէ։ Իսկ միտքը մոտավորապես այսպիսին է. «Մարդ միշտ պատերազմների մեջ է, և երբ արդեն չկա մեկը ում հետ կարող է նա պատերազմել, սկսվում է կռվել ինքն իր դեմ»։
Իմ դեմ ես վաղուց եմ կռվում, որն արտահայտվում է հայկական ժողովրդական իմաստությամբ՝ «առողջ տղամարդն ինչ է անում գիշերները» ..., այլ բան չկարծեք՝ մտածում է։
Հիմա կռվի իմ տարբերակն էլ գիշերային «մտորումներն» են, նոր նախագծերն ու ծրագրերը, որոնք կազմում եմ հինգ րոպեում, ու կրկնում մի քանի ժամ, հետո ջղայնանում նախ աշխարհի վրա, հետո գիտակցում որ ավելի հեշտ է իմ վրա ջղայնանալ, որ դրանք հնարավոր չէ իրականացնել ու այսպես շարունակ։
Դե մտածեցի այս ամենը կարելի է գրել, հետո կարդալ ու ծիծաղել կամ չծիծաղել դրա վրա, իսկ շատ ավելի լավ կլիներ նաև խորհուրդներ քաղել գրածներից։
Գրել սեփական համակարգչում չուզեցի, առանց այն էլ ֆայլերի քանակը, որը գրում, գրում, գրում ես, և որը հետո ոչ դու ես օգտագործում և ոչ էլ ուրիշներին մոտ թողնում, շատ մեծ է։ Լավագույն տարբերակը թերևս սա է, կամ էլ ոչ, ժամանակը ցույց կտա։
Իսկ ուրբաթ իրիկուն, որովհետև երգ կար, բայց հիմա հաստատ չեմ հիշում, թե «Ուրբաթ իրիկուն, ժամ տասերկուսին...» էր, թե «Շաբաթ իրիկուն, ժամ տասերկուսին...»։ Կարևորը, որ շաբաթվա մեջ ես ժամանակ կունենամ բլոգը թարմացնել միայն ուրբաթ իրիկուն կամ շաբաթ իրիկուն։
Երկուշաբթի իրիկուն, 31 օգոստոսի 2009թ.
Մարատ

--- ... ԵՐԳԱՆՔ ---
Երկրորդ տարին է գլորվում արդեն: Կհարցնեք կամ կհարցնեմ, շատ բան է փոխվել արդյոք: Միգուցե և փոխվել է: Հաստատ փոխվել է, իրերի դրությունն է փոխվել, ընթացքը նույնպես: Օբյեկտիվորեն, կպնդեին շատերը: Իսկ անհատականորեն՝ մի՞թե փոխվել է նաև իրերի փոխված դրության ընկալումը: Միգուցե փոխվել է՝ այո՞, ո՞չ. Աստված գիտի: Միակ պատասխանը, որն իրական պատասխանի միակ հավակնորդն է: Նույնքա՞ն մտատանջ են գիշերները, ինչպես էին՝ երևի թե, Աստված գիտի:
Ուրբաթ իրիկուն, 5 օգոստոսի 2011թ.
Մարատ

--- ... ԵՐԳԱՆՔ ---
Երրորդն է գլորվում. փոխվելու մասին չեմ էլ մտածում։ Տարօրինակ է՝ մտածել չեմ էլ ուզում, այն խանգարում է ապրել ու «վայելել ճահիճը»։ Երբեմն կորում է երևակայությունը, երազելու ցանկությունը, կորում ես ինքդ, փախչում։ Չգիտեմ ումից։
Ուրբաթ իրիկուն, 1 հունիսի 2012թ.
Մարատ

--- ... ԵՐԳԱՆՔ ---
Գլորվում է չորրորդը։ Ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Կգրեի՝ կյանք է, ապրում ենք էլի, դա էլ չի գրվում։ Նորից մտմտոց՝ փախչելու շուրջ։ Այս անգամ արդեն ինքս ինձանից։ Տեսնենք, տեսնենք։
Ուրբաթ իրիկուն, 24 մայիսի 2013թ.
Մարատ

--- ... ԵՐԳԱՆՔ ---
Գլորվում է հինգերորդը։ Հավատս էլ չի գալիս։ Ինչ-որ բան եք սպասո՞ւմ։ Իզուր։ Շատ իզուր։ Դատարկ տարիներ, դատարկ հույսեր, դատարկ սպասումներ։ Ում էր պետք այս ամենը։
Ուրբաթ իրիկուն, 15 օգոստոսի 2014թ.
Մարատ

--- ... ԵՐԳԱՆՔ ---
Յոթերո՞րդը։ Կյանք է, ինչ ասես կպատահի։) Մեկ-մեկ գլուխդ էլ կջարդեն, որ իրականություն գաս, շատ չկտրվես, մարդ ես, պետք կգա։ Երևի հետևություններ էլ կանես։ Հետաքրքիր է, կանե՞ս իրոք։ Ափսոս, որ անցյալ տարին չեմ արձանագրել, հետաքրքիր է, ինչպիսին էր։ Չնայած դեն շպրտված մարդ էիր անցյալ տարի։ Լավ է լինելու, այլ տարբերակ չկա էլ։
Ուրբաթ իրիկուն, 19 օգոստոսի 2016թ.
Մարատ

--- ՀԱՋՈՐԴԻՎ ---