Tuesday, October 20, 2015

Մուսան սևուկ չէր

Երևի ամենախառը կլինի, ինչ եղել է երբևիցե։ Չգիտեմների պակաս հաստատ չեք զգա։ Երաժշտությունը Արիկ Բամբիռինն է, Վարդան Փարեմուզյանի հետ։ Աչքիս տղերքը մեծ Բամբիռից անջատվել են։ Եթե հա, ապա լավ չէ, սիրուն էին երգում։

Միջին տարիքի սինդրոմը ես չեմ հորինել, չնայած սա հազիվ թե տղամարդու բան է։ Ինչ սինդրոմ, ինչ բան, ախր սինդրոմի ժամանակ ով ունի, լիքը գործ կա անելու, քիթ սրբելու ժամանակ չկա, իսկ դու էլի «նվնվոց», էլի սինդրոմ-բան։

Համսունի «Երկրի հյութերում» հրաշալի մի հատված կա, համարյա վերջում, երբ ավագ որդին ճամպրուկ ունենալու սիրուն թողնում է ամեն ինչ ու կորում, ու հայրը հարցնում է ինքն իրեն, թե երևի փոքր տարիքից արմատից կտրեցի, դրանից է, բան դուրս չեկավ էս մի որդուցս։ 

Համսունը, ի դեպ, ամենախորն է, ամենածանրը, իր պարզության մեջ, ում հանդիպել եմ։ Խեչոյանի «գյուղի» մասին պատմող գործերն են էդպիսին։

Հարցեր չտալը երևի չմտածելու հետ կապ չունի։ Պարզապես ապրում ես ու վերջ։ Երբեմն ստացվում է։ Հաջորդականություն կամ անընդհատություն երևի սա է միայն ապահովում։ Ախր ամենաբարդը ձևակերպումների մեջ է։ Թվում է, թե բառ է՝ էլի։ Ախր ինչ բառ տվեցիր դրան, էդպիսին է այն լինելու։ Էլի հարցեր, հարցեր։

Գրում ես, խոսելու փոխարեն, ու թեթև է երևի։

Մուսան սևուկ չէր, արևոտ չէր, սառը չէր, չէր փայլում, պայծառ էլ չէր, գունեղ էլ չէր, լուռ էր չէր, խաղաղ ու հանդարտ էլ չէր, մռայլ էր՝ թուխպ, ծանր, զվարթ էր երևի, յուրովի զվարթ, արագ, արագ, արագ, քո մուսան չէր, շփոթել էր, երևի, ինչ էր ուզում, դո՞ւ էիր կանչել, սպասել, սպասել, սպասել, իսկ ինչ էիր ուզում, չլինի հույս ունեիր, չէ որ քոնը չէր, թվո՞ւմ էր, ինչ էր թվում, չլինի՞... ու... մոլորվել եմ, էս տեղերին ծանոթ չեմ, ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ, քույրիկ ասա որն է ճամփան Բինգյոլի... կամ ամենասիրունը՝ շարվեշարան անցան զուգված ուղտերը, յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի։ Իհարկե, Արիկ Բամբիռի կատարմամբ։

Ամենակարևորը, թե ինչ բառեր կընտրեք։

Երեքշաբթի առավոտ, Մարատ
--

No comments:

Post a Comment