Friday, September 11, 2015

Ոչինչ, իհարկե, ոչինչ

Երբ առաջին կուրսում փիլիսոփայություն էինք անցնում, թե դա ինչ առաջին կուրսի բան էր, հենց սկզբում առօրեական ու փիլիսոփայական աշխարհայացքի մասին հատվածն էր։ Փիլիսոփայականը ոչ մի կերպ չէր ստացվում հասկանալ։ Առօրեականի հետ, դե, իհարկե, խնդիր չկար։

Հետո լեզվաբանությունն օգնեց, աշխարհի լեզվական պատկերը։ Հա, էդպիսի բան կա, դուք խոսում եք, իսկ դիմացինը ուշադիր լսում է, թե ինչու այս բառը օգտագործեցիք, ինչու հենց հիմա, ինչու էս բառից հետո։ Մեկ-մեկ դրան ժողովրդական իմաստություն էլ են ասում։ Ու ժողովուրդը հենց էդ իմաստությամբ է ապրում։

Իսկ ինչ, ձեզ թվում էր, թե բառերը պատահական են ստեղծվում, հնանում, կորչում, նորից հայտնվում։ Չէ։ Ո՛չ (բայց ոչ թալանին, թող մի քիչ էլ թալանեն, տեսնենք հետո ինչ է լինելու)։

Ու բառերը օգնում են, մոմի լույսի պես, տեսնել, թե ուր է շեղվում շրջապատը։ Չնայած շրջապատն էլ իր բառերը ունի, չնայած այդ բառերի հետևում ոչ մի բան էլ չի տեսնում, ու ստացվում է, որ համայնքը զորավոր է։ Շատ է զորավոր։ Իմաստությունը, ի վերջո, իրենն է, չէ՞։

Էմոցիան կորավ, բայց փորձեմ էլի գրել։

Երբ գործատուն կորցնում է լեգիտիմությունը քո աչքերում։ Դե հա, կասեք հիմա, երկիրն ընկել կործանվում է, դու էլ հա գործատու, գործատու։ Վերջին տու֊ն, ինչ֊որ տարօրինակ ասոցիացիաներ է առաջացնում, չէ՞ (մեղա՜, մեղա՜)։

Հա, ինչ էի ասում։

Գործատուն կորցնում է իր լեգիտումությունը քո աչքերում։ Այն ոչինչ է, ոչինչ։ Դու էլ ես ոչինչ։ Ու փոխվում են բառերը։ Հայտնվում է «շնից մազ պոկելու» իմաստությունը։ Մեր դեպքում՝ գործատուից մազ պոկելունը։ Կամ էլ՝ «եղունգ ունես, գլուխդ քորի»։ «Լավություն անողի գլուխը ծակ է», ու էլի էսպիսի իմաստություններ։

Լեզվաբանությունը սրանց մշակութահենք սկրիպտներ, սցենարներ կասեր, որոնք արտացոլում են անհատի կամ անհատների գործելակերպի նորմերը՝ կամ էլ՝ համայնքը զորավոր է ու զորավոր։

Իսկ գործատուն լեգիտիմ չէ։ Չէ ու չէ։ Չես վստահում իրեն։ Չգիտես ինչու, բայց էլ չես վստահում։ Ուղիղ խոսքին չես վստահում, անուղիղին չես վստահում, չգիտես էլ որն է ուղիղը, որը՝ անուղիղը։ Անհասականալի է նա։ Չնայած հասկանալի է, բառերն էլ են հասկանալի, իրեն պայմանավորող նորմերն էլ են հասկանալի, բայց քոնը չեն։ Դու չես այդ համայնքից։ Թաղային բառապաշարով դու գործատուի համար «քյալ» ես, օդերի մեջ, չնայած՝ քյալ։

Ու մյուս բառը գիտե՞ք որն է։ Որը համարժեք է գործատուին, ու հասկանալի գործատուին։ Հայերենում դա «բջոտ» կամ «շուստրի» է կոչվում։ Այլ լեզուներով նկարագրվող իրավիճակներում դա «մրցունակություն», «հավակնություն», «success story» է, բայց հայերենը այն «բջություն» ու «շուստրություն» է կոդավորում։ Էն մյուս բառերը թարգմանություն են, որոնք թեև բովանդակություն ունեն, բայց նախ դենոտատը հայ իրականությունից չէ, իսկ ռեֆերենտը փոխադրություն-թարգմանություն է այլ դենոտատներից։

Ինչ էի ասում։ Բջոտ չես, շուստրի չես ու քյալ ես, երբեմն՝ հոռետես, երբեմն՝ նվնվիկ։

Դե հիմա արի ու...

Իսկ տանը հիմա ցուրտ է, ծառերը վաղուց են դեղնել, կարտոֆիլի թուփը պառկել է ու չորանալու վրա է, հողը գույնը փոխել է, սարերը դեղի՜ն-դեղին են, երկնքի կապույտը անսպառ ու դու ձմռան ես սպասում ու արևի վերջին շողը անվերջ ուզում ոսկորների մեջ ունենալ. մեջքդ դեմ ես տվել պատին ու քարից տաքությունը խլել ես փորձում։

Ու... Դե, ինչ ես ուզում։ Ոչինչ, իհարկե, ոչինչ։

Ուրբաթ, Մարատ
--

No comments:

Post a Comment