Wednesday, February 25, 2015

Մի սիրո չափ պարզ

Գրում եմ, երբ չգիտեմ ինչ անել, կամ գիտեմ ինչ անել ու չեմ անում, որովհետև զահլա չկա, չստացվելն ավելի հավանական է, քան ստացվելը։ Չնայած ստացվում է միշտ։ Մի քիչ մեծամիտ է հնչում, բայց օգնում է ժամանակն ու համբերությունը ու մի քիչ էլ չար համառությունը։ Ժամանակն անսպառ չէ, իսկ ահա, համբերությունն ու համառությունը... ու ժպտում եմ։ Չնայած ինձ ժպտալով որևէ մեկը հիշո՞ւմ է։ Ես որ չեմ հիշում։

Ու այս ամենը տրամադրություն է։ Պահի տակ, պահի մեջ։ Փրկում է միայն ինքդ քեզ հետ ազնիվ ապրելը։ Չէ՞ որ պահերը տարբեր են լինելու, հակասական ու չես էլ կարողանալու հիշել, թե որ պահին ինչ կամ ինչու ես ասելու։ Ու սխալվելու ես ու սայթաքելու ու կորցնելու ամեն ինչ ու ամենակարևորը՝ քեզ։ Փրկում է միայն ազնվությունը։ Քեզ է փրկում։ Գրքերում ասում են շրջապատն էլ է փրկում։ Ինչ-որ շատ փրկչական է ստացվում։ Բայց չէ։ Ասում են վերջում հոգեառներն են գալու որոշելու, թե ով ու ինչու է առնելու քո հոգին։ Վերջը, տեսնում եք, ինչքան կարևոր է։ Չնայած հազիվ թե ինչ-որ մեկը վերջի համար է ապրում։ Ապրում է ու վերջ։ Գիտեք ինքը գիտի ինչի է ապրում։ Հա, հա, հա... Ծիծաղում եմ, ավելի շուտ՝ հեգնում։ Ոչ մեկը գիտի։ Ոչ մեկը։ Ինչի չեմ գրում ոչ ոք, գիտե՞ք ես գիտեմ։

Թումանյանն էր երևի գրում, որ ամեն ինչ սկսվում է կարոտից։ Ու կարոտից ես գրում։ Երևի հեշտ է կարոտի մեջ ապրելը, որովետև երազներում ինչ-որ բան ես սարքում, օդից ու օդի մեջ, եթերային կասեին սրան, ու գիտես որ եթերային է, կարոտում ես։ Չէ՞ որ այն տարել ես անցյալ, կամ ուղարկել ես ապագա։ Չնայած երբեմն էլ հենց այդ պահին ունես։ Հենց այդ պահինը երկար չի տևում, ասենք մի լիամետրաժ ճապոնական մուլտի չափ՝ աղջկադ հետ, կամ էլ մի երկու շրջան հեծանիվ՝ որդուդ հետ, մինչ ինքը կհասցնի ծակել անիվը ու դու էլ կբարկանաս, նա էլ կարդարանա ու դու կժպտաս ու նրա հոգում էլ կհաստատվի հույսը, որ դու իրականում չես էլ բարկացել ու թեև խոստացել ես երկու շաբաթ նոր անիվ չգնել, որ պատժես, միևնույն է առավոտյան իրար հետ եք իջնելու Սուրմալու, վարպետի մոտ, որը Սունդուկյանի դերասան է ու անիվ եք առնելու ու ինքը շտապելու է, իսկ դու չես շտապելու, որովհետև հենց այդ պահին ես զգում, թե ինչքան կարևոր է քո համար կյանքը, որովհետևը Դադը սպասում է, որ դու իրեն համար մի կարևոր բան կանես ու դու հա ձգում ես, որովհետև փայլը, որ հետո հայտնվելու Դադի աչքերում, երբ ձգում ես անիվը ու հեծանիվը շուռ տալիս, մի երկու վայրկյան ես հասցնելու տեսնել։ Դադը շատ արագ է հեծանիվն առնելու ու թռնելու։

Գիտես, որ թռնելու է նա, գնալու է, նա իր կյանքն ունի ու իր ապրելը։ Ինչպես և դու, երբ ամեն անգամ Ղուկասյանից գալիս ես Երևան ու հայրդ դռան դիմաց կանգնում է ու գլխիկոր, ավելի շուտ՝ գլխահակ գնում տուն։ Կամ էլ ամեն անգամ հրաժեշտ տալուց չի նայում աչքերիդ ու դու էլ չես նայում նրա աչքերին։

Փաստորեն պարզ է կյանքը։ Մի սիրո չափ պարզ։

Հինգշաբթի, կեսօրից հետո, Մարատ
--

3 comments:

  1. Anna Davtyan-Gevorgyan02 March, 2015 23:53

    վկաներ կան, փորձիր վերանայել հիշողությանդ հնարավորությունները եվ, վերջապես, ի՞նչ եղան հապա վիրտուալ այս տարածքում ընկերներին բաշխված "սմայլիկները".....դրանք կեղծավոր չեն լինում, չէ՞

    ReplyDelete
  2. Anna Davtyan-Gevorgyan02 March, 2015 23:54

    Հա, մեկ էլ՝ գրիր, որովհետև ընթերցողներ կան, որ սիրում են, երբ "ուրբաթ իրիկուն է" լինում շաբաթվա ամեն մի օրՃՃՃՃ

    ReplyDelete
  3. Հուզվեցի!!!

    ReplyDelete