Monday, September 8, 2014

Դե կյանք է, ենթարկվում ենք էլի...

Գիտեի, որ համալսարանի համն էլ էր ելնելու, ինչ որ պահի ելնելու էր. ու թվում էր, թե այդ պահը դեռ կգա, հիմա դեռ դրա ժամանակը չէ։ Բայց ուրբաթները շաբաթից շուտ գալու սովորություն էլ ունեն։ Հիմա ելավ արդեն։

Քո համար հանգիստ նստած ես հորդ հետ, գարեջրում ես, հայրդ նայում է քեզ, ու զգում ես, որ համը ելավ. գարեջրինը չէ. լավն է, Ալեքպոլ, մի քիչ դառնոտ է, բայց գործարանի ամենահաջողված գարեջուրն է, եթե իհարկե չանի սիրահար չես։ Իսկ համը համալսարանինը ելավ։

Ինչքան էլ թվա, միանգամից չէ, որ ելավ, քիչ-քիչ. ամեն անգամ երբ, մտար շենք ու պահակը հարցրեց, թե ուր ես գնում ու ով ես, ամեն անգամ, երբ աշխատավարձ ստացար, ամեն անգամ, երբ փորձեցիր անկեղծ նայել ուսանողների աչքերի մեջ ու այնտեղ անորոշություն տեսար, երբ գրադարանում Լևոն Խեչոյան չգտար, որովհետև չկա, երբ գիրք պատվիրեցիր ու մի քանի օր գնացիր գրքի հետևից ու այդպես էլ չվերցրեցիր (այդպես էլ չհասկացար, թե ինչու), երբ սուրճի ապարատը դադարեց համով սուրճ եփել, որովհետև էլ մաքուր չէ, երբ զուգարանի դուռը ոտքով բացեցիր, որովհետև այլ կերպ հնարավոր չէ, երբ համալսրանի պատկերով կրծքանշաններ միայն «համալսարանականներին» բաժանեցին, ու այդպես էլ չպարզվեց, թե ինչու հենց դու համալսարանական չէիր (կարո՞ղ է «լևոնական» էիր, բայց ախր համալսարանի շենքը շատ էիր սիրում, 95-ին ահավոր տպավորվել էիր), երբ դուրս եկար արհմիության կազմից, իսկ արհմիությունն այդ մասին հրամանը մի հինգ-վեց տարի հետո ուղարկեց, հին ամսաթվով, չնայած շարունակում է անդամավճար գանձել, երբ արհմիությունը պաթոսով նամակներ գրեց  վարչապետին, երբ մագիստրոսական ծրագրի իրագործմանը ամեն կերպ խոչընդոտեցին, որովհետև քաղաքական նախընտրությունները մի փոքր այլ են ու չնայած դու քառորդ դրույքով մի ամբողջ տարի անվճար աշխատեցիր, երբ քո գործընկերոջը մականուններ կպցրեցին ու արգելեցին դասավանդել, իսկ դու կուլ տվեցիր, մյուսն ինքը թքեց ամեն ինչի վրա ու գնաց, ու դու էլի կուլ տվեցիր, երբ ամեն ինչ հետաքրքրեց վերևներին, բացի բովանդակությունից, երբ համալսարանի հետ գնալով ավելի քիչ աղերսվեց այն, ինչ շատերը մայր բուհ են նախընտրում անվանել, երբ մի երկու պատճենված քոսոտ գիրք, որոնք քարշ տվեցիր մի քանի հազար կիլոմետր ու Փոթիում վրացիները ծիծաղեցին, թե շատ բան էինք տեսել, բայց... երբ... երբերը շատ կարելի է շարունակել։ Շատ բան կարելի է շարունակել։ Բայց համը, ամեն դեպքում, ելել է։

Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում իմ գործընկերներից, միգուցե վիրավորում եմ նրանց, չնայած ինձ էլ եմ վիրավորում։

Իհարկե, եթե ազնիվ լինեի, ինչքան թվում է, պիտի լինեի, համալսարան էլ չպիտի գնայի։ Ու երևի չգնալը ամենաազնիվը կլիներ. իսկ Վանոն ասում է՝ դե կյանք է, ենթարկվում ենք էլի...

Երկուշաբթի առավոտ
Մարատ
--

2 comments:

  1. Anna Davtyan-Gevorgyan28 April, 2015 00:26

    ես հասկացա, խնդիրն այն է, որ "ՈՒրբաթ իրիկուն"-ում "չի կարելի " երկուշաբթի առավոտյան գրառում կատարել....

    ReplyDelete
  2. Շաբաթ կիրակի դու ես լինում ու քո մտքերը ու միտքը բյուրեղանում է երկուշաբթի առավոտյան ։)

    ReplyDelete