Tuesday, September 16, 2014

Պիտի որ ծանր չլիներ

Երևի վախկոտ եմ, չէ, հաստատ։ Մանկությունը չեմ հիշում, առանձին դրվագներ. դրանք միշտ վախի հետ են կապված. լուսավոր չեն, պարտության հետ կապված. պարտություն քաջության հանդեպ. երբեմն ազնվության, երբեմն «տղամարդ լինելու»։ Վախ. «ճիշտը չանելու նկատմամբ»։ Ու հետո զզվանք։ Հիշողությունը փաստորեն ընտրողական է, չափազանց ընտրողական։ Դե արի ու գլուխ հանիր։

Չնայած վախի հետ էլ կարելի է ապրել. ծանր է ստացվում, իհարկե, բայց թե ստացվում է. մի օր լավ, մի օր վատ, հիմնականում՝ անորոշ։ Ու կյանքը ծանրանում է ոչ միայն քեզ վրա. այն ծանրանում է մյուսների վրա էլ. զգում ես կամ միգուցե քեզ է թվում, թե մյուսները քո կարիքը ունեն. իսկ դու վախենում ես, վախենում ես օգնել, մարդկանց նայել, ապրել։

Չգիտեմ ինչի ես վերածվում, բայց մի բան հաստատ գիտեմ. կորում ես։ Ինքդ քո մեջ, տանը, երեխաների հետ, շրջապատում։ Սկսում ես փախչել։ Բոլորից։ Բոլորից երբեմն ստացվում է. քաշվում ես մի անկյուն ու երազում, որ հանկարծ քեզ չհիշեն, հանկարծ քեզ չտեսնեն, քո անունը չտան, քեզ հետ չկապվեն, քո կարիքը չունենան, չէ որ դու փոխարենը բացի վախից ուրիշ բան տալ չես կարող։ Իհարկե, նրանց կյանքն էլ կարող ես ծանրացնել։

Փախչել. ինքդ քեզանից,  ափսոս, չի ստացվում։ Վախը կործանող ոչնչության զգացումի է հասնում։ Ստիպում ես քեզ սթափվել. կարճ, սթափ շատ ավելի տանելի է, շատ ավելի։ Երբեմն, իհարկե, քնելն է օգնում, գիշեր-ցերեկ, անընդմեջ, անդադար, եթե օրգանիզմը չի ընդդիմանում, ու մղձավանջն էլ թողնում է։ Աղաչում ես, որ մկաններդ հոգնած լինեն, մահու չափ հոգնած, որ մինչև անկողին չհասնես, ճանապարհին փլվես։ Հաճախ չի ստացվում, գրեթե երբեք չի ստացվում։ Մկանները չեն հոգնում, դրանք ջարդվում են, փշրվում, գորշերը՝ հալվում, բայց չեն դադարում մղձավանջ արտադրելուց։

Ցնդաբանություն է, իհարկե... Իսկ պիտի որ ծանր չլիներ։ Չգիտեմ, իրոք չգիտեմ։ Ապրելու իմաստը, երևի ապրելն է, խաղաղ ինքդ քեզ ու մյուսների հետ։ Չէ, չգիտեմ։

Երեքշաբթի իրիկուն
Մարատ
--

2 comments:

  1. Աննա Գևորգյան21 December, 2014 01:12

    Կամ էլ "խաղաղ" կռիվը ինքդ քո հետ՝ անընդհատ․․․․

    ReplyDelete
  2. Կռիվը միշտ պարտությամբ է վերջանում ։) ՄուՀսինը սկսել է օգնել, քանի միացած է։

    ReplyDelete