Tuesday, July 8, 2014

Մի քիչ էլ, ու վերջ

Սթափվել է պետք, չնայած շատ բան է պետք։ Մի կողմ քաշվելը, թատրոնում միայն հանդիսատել լինելը, կրկեսին չմասնակցելը միայնություն ու մեկուսացում է բերում։ Իսկ ներկայացումը տրագիկոմեդիա է, ցինիզմի ակնհայտ դրվագներով։

Իսկը ժանտախտ. նվնվալը դեռ մի կողմ, սկսում ես հոգնել. մարդկանից, ինքդ քեզնից, ապրելուց։ Չես էլ մեծամտանում, պարզապես հարկ չես համարում քսվել իրադարձություններին։ Որոշում ես, որ զուսպ ես ու մի կողմ ես քաշվում։ Մի քիչ, ու մոռանում են քեզ, որովհետև դու էլ ես քեզ մոռացել։

Ու չարանում ես, բայց Ոչ ոքի ու Ոչ մի բանի վրա, որոնք քեզ պես զուսպ են։ Մտածում ես, մտածում, ու հանկարծ գտնում Ոչինչ։ Նա էլ է քեզ պես զուսպ։ Բոլորդ էլ համառ եք։ Ու փնտրում եք Ինչ-որ մի բան։ Պարզվում է, նա էլ պակաս զուսպ ու համառ չէ։

Հասկանում եք, հանկարծ Իմաստը որոշում է լքել քեզ։ Գիտես, որ այն պիտի լինի, լսել ես, միգուցե տեսել, բայց հիմա չկա։ Հախվերդյանը երջանկության մասին էր երգում, որը պոռնիկ էր։ Իմաստը չգիտես էլ ինչ է։ Կյանքը այն չի կարողանում հասկանալ, չի կարողանում տեղավորել, եթե անգամ գտնում էլ է։

Ու էլի ես չարանում։ Կյանքը սկսում է պտտվել միայն քո շուրջ։ Բոլոր նախադասություններում ամեն ինչ, միևնույն է, սկսում է քո շուրջ պտտվել։ Մեկուսացման առաջին արդյունքն է։ Ուզում էիր, որ քեզ մոռանան, բայց հակառակն է ստացվում. մոռանալ չես ուզում դու ինքդ։ Երևի հասկանում ես, որ կկորես, կցրվես, կցնդես ու մի վայրկյան էլ չի տևի։ Կայիր ու հանկարծ չկաս։

Բարևում ես, խոսում, գնում, գալիս, միգուցե տեսնում են, բայց այս ամենում դու չես։ Չես ուզում դու լինել, չնայած թաքուն հույս ունես, որ չէ, անհույս չէ։

Երևի նեղացել ես, մանկան պես, որին վռնդել են, չգիտես ինչու են վռնդել. միգուցե միշտ քեզ ես փնտրել ու մյուսներին մոռացել ես։ Իսկ դու գնացել ես ու որոշել, որ միգուցե սա է, կյանք կոչվածը։

Ու ծիծաղելի է, անգամ դու ես ծիծաղելի։ Ու կրկին ամեն ինչ քո շուրջ է ու քո... ու զահլա չունես, իսկի չունես։

Ու զայրանում ես, որ մյուսները կան ու նրանք զուսպ չեն։ Վերջ։ Սթափվել է պետք, երևի։ 

Մարատ
Երեքշաբթի

No comments:

Post a Comment