Wednesday, May 8, 2013

Զուսպ, Ֆեդյա, զուսպ

Ընտրական հերթական թոհուբոհը վերջնականապես ցինիզմի վերածեց ամեն ինչ։ Առանց առողջ ցինիզմի հատիկի (մանանեխի հատիկի պես) հազիվ թե հնարավոր է համարժեք մնալ այս իրականությանը։ Խոսքը կորցնում է արժեքը, քանի որ դատարկաբանությունից այն կողմ չի անցնում։ Բառը կորցնում է իմաստը, քանի որ իրականությունում չի գտնում նյութը, առարկան, երևույթը, գործողությունը, որին պիտի հղի։ Խոսքն ու բառը ոչ մի կերպ չեն անդրադառնում մեզանից յուրաքանչյուրի վրա։ Արդյունքում թվում է, թե բոլոր բառերն են դատարկ ու ամեն ինչին պիտի ցինիզմով արձագանքել։

Իսկ աշխարհը հայի արխայինությամբ ու դինջությամբ ու «լավ է լինելու»-ով չէ, որ ապրում է։ Աշխարհն այլ կերպ է ապրում՝ իր դարդ ու ցավով, ու երբեմն մեզ մոտ էլ է գալիս, ասենք Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության տեսքով։ Իսկ մենք վաղուց, կասկածում եմ՝ նույնիսկ փոքր ածու լինելու տարիներից, դեռ ընտրություն ենք խաղում։

Թե ինչու էր ԱՄՀ-ն այս անգամ եկել, կարելի է այստեղ կարդալ։ Բայց տողատակերով պիտի կարդալ։

Կարդացածից դեռ մի կողմ թողնենք իշխանություններին ոչինչ չասող գործարար միջավայրի բարելավման ու հարկային հավաքագրումների ավելացման հորդորները։ Ավելի հետաքրքիր են զսպողական դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականությանը հավատարիմ մնալու ԱՄՀ-ի ձևակերպումները։

Զսպողականը նկատի ունի՝ ես, դուք, շատերը գոտիներս դեռ ձգած ենք ապրելու։ Ինչքան ենք ապրելու, հայտնի չէ։ Աշխարհը դեռ եվրոգոտու պարտքային խնդիրները պիտի լուծի։ Իսկ մեզ հույների ու իտալացիների ու կիպրացիների ու իսպանացիների ու պորտուգալացիների ու մյուսների պարտքերը շա՜տ են հեռու թվում։ Ու աշխարհը փոքրիկ գյուղ լինելու մասին պնդումները քուչի պարապ զրիցի պես անցնում, գնում են։ Գեղ է վերջը, հո Էրևան չէ։ 

Վերադառնանք մեր գոտիներին։ Դրանք պետք է ձգել, որովհետև պետությունը զսպելու է ծախսերը, խոշոր ընկերություններից հարկերը չի կարողանալու հավաքել կամ էլ այնքան է հավաքելու, որ բացի իշխանավորների կարիքները հոգալուց ժողովրդին միայն «մի երկու քոռուփուչ կոպեկ» մնա (կոպեկի ու վերնագրի համար չմեղադրել ռուսամետության մեջ), ու սպասելու է, որ դրսից ժողովրդին փող ուղարկեն, որ «մի երկու կոպեկ փող էլ դրամի կուրսի վրա աշխատի»։ Մնացածը՝ ընտրություն, խոստումներ, բարեփոխումներ, աշխատավարձի բարձրացումներ, տնտեսական աճի ինչ-որ ցուցանիշներ, դե բան է, խոսում ենք էլի…

Այս կառավարությունը անելու է այն, ինչ ԱՄՀ-ն է ասելու։ Իսկ ԱՄՀ-ն ասում է. «Ո՛չ, մենք չենք կարծում, որ Հայաստանը պետք է անցում կատարի ընդլայնողական քաղաքականության, քանի դեռ Հայաստանի կամ գլոբալ տնտեսության էական շոկ չկա։ Նույնիսկ այդ պայմաններում, ընդլայնողական քաղաքականության անցնելու Հայաստանի հնարավորությունները կարող են սահմանափակված լինել ֆինանսական միջոցների հասանելիությամբ (տե՛ս վերոնշյալ հղումը)»:

Պարզ ասած՝ ուզում եք լավ ու հեշտ ապրել (իմա՝ համարյա ընդլայնողական), ապրեք, խնդրեմ, հարց չկա, բաց փողը մենք չենք տալու։ Դե մենք էլ չենք կարողանում ավելի շատ հարկ հավաքել, ամերիկաներում ու եվրոպաներում էլ ճգնաժամ է, և ողջ հույսը ռուսական խոպանն է ու նավթի բարձր գները, որ ռուսները շինարարություն կարողանան անել։ Եթե ավելի պարզեցնենք՝ ահա կառավարության գործունեության ծրագիրը, որը դեռ պիտի հաստատի ԱԺ-ն։ Մնացածը, ժողովրդական իմաստությամբ՝ քրդի լոլո է։

Զուսպ, Ֆեդյա, զուսպ...

Մարատ, հինգշաբթի, Սիվիլնեթի համար։
--

No comments:

Post a Comment