Friday, April 5, 2013

Չես էլ իմանա

Օրը սկսվեց 1937-ին։ Մինչ այդ հասցրել էի քննարկել, թե որքան կարևոր է հայ իրականության մեջ կամ աշխարհի հայալեզու նաիվ պատկերում կովի ու երինջի, ցուլի ու մոզու միջև տարբերությունը։ Ու ինչ կապ ունի այս ամենը օրիորդության հետ։ Սա ես չեմ ասում, սա ասում է Իմաստաբանական մոսկովյան դպրոցը (տեսնում եք՝ ինչքան բարդ բաներ գիտեմ՝ սրանից հետո նվազագույնը բարձրաստիճան պաշտոնյա պիտի լինեի)։

Առավոտյան համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ տեսել էի երիտասարդի, որը կարդում էր «Հոգևոր Նժդեհը», իսկ ես՝ հրապարակախոսական մի հոդված՝ կորսված կամ կորսվող արժեքների մասին (հեռավոր 90-ականների թոհ ու բոհից)։ Տեսնում եք, ինչքան հակասական է աշխարհը։

Երբեք չես իմանա, ինչպես կսկսվի օրը, ով կզանգի քեզ, քանի գլանակ կծխես ու երեկոյան հանկարծ Ղուկասյանը իր ոտքով վեր կկենա ու կգա քո մոտ։ Իսկ դու տանը գինի կունենաս պահած։ Հատուկ պահած չես ունենա Ղուկասյանի համար, բայց կխմես Ղուկասյանի հետ։

Ու կխմես քաղցած, որ չհասցնի ստամոքս իջնել, ախր Չիլիից է, ափսոս է ստամոքս իջնի։ Ու ոգևորված կպատմես՝ որ Վանո Սիրադեղյան ես կարդացել, որ Վանո Սիրադեղյանը քո կարդացած ամենալավն է, ինչ հանդիպել է մինչև հիմա քեզ։

Ու կխոսես, ու կծիծաղես ու կհիշես, թե ինչպես էիր Դուբայում անհասկանալի արաբերենով անհասկանալի ազգության դալալից փորձում մեքենայի գին գցել ու լավ էր, որ Ղուկասյանը քո հետ վերցրել էիր Դուբայ։

Բայրոյթ էլ էիր վերցրել։ Ու Բայրոյթում դու քո կյանքով էիր ապրում, րոպեներ հաշվում, որ Հովնի հետ խոսեիր ու հետո էլի հաշվում, որ Հովնը գնար, գլուխդ առնեիր գնայիր։ Իսկ Ղուկասյանը Բայրոյթում էլ էր Ղուկասյան ու դու էլի տանն էիր։ Գինի իհարկե չկար, բայց հայկական չրով շոկոլադ կար՝ Տոբակիչից։

Ու 37-ի վրա թքած կունենաս, չնայած վաղուց արդեն ունես, որովհետև «Սովխոզ իմենի Բաումանա» կա ու կա ու Ղուկասյանն էլ, որ եկավ Բայրոյթ հասավ, Մոգիլյով հաստատ կգա ու կգա։

Ջա՜ն, Ծանր լույս ու Ying Yang Twins - Dangerous։

Ուրբաթ, Մարատ
--

No comments:

Post a Comment