Sunday, April 28, 2013

Նախ հոգուդ մեջ պիտի լցվի

Երբեք մտքովս չէր անցել, որ ցեղասպանության հուշը բեռ է նաև։ Դե զգում էի, որ ցավում է, ճմլում է այլանդակ, բայց ո՜ր բեռ է... մտքովս չէր անցել։ Կարդացելի էի, շատ էի կարդացել ու շատերի մոտ, բայց զգա՜լ...

Պարզվեց, կարելի է զգալ նաև այդ բեռը։ Հանկարծ՝ պայծառ, արևոտ մի օր, պատահական, երաժշտություն լսելիս։ Երբ փորձում ես հասկանալ, թե ինչու է ոմանց մոտ ստացվում անդարդ պարել։ Չեմ ասում ուրախ, թեթև։ Չէ՛, հենց անդարդ։ Պարում է, ու զգում ես՝ մեղքի զգացում, ցավի զգացում, մարմլող կրակի զգացում չունի հոգու մեջ, որը ծանր քարի պես հոգին գետին է սեղմում։

Ու այդժամ ես հասկանում, թե ինչու ես անընդհատ վախենում, որ հանկարծ շատ չհամարվի։

Բեռ է, համոզել են, համոզվել ես, ուզել-չես ուզել՝ կա, կրում ես։ Երևի քո հետ է ծնվել։ Դու տեղյակ էլ չես եղել, բայց որոշել է, որ պիտի գա ու կում առ կում լցվի էությանդ մեջ։ Բայց սկզբում հոգուդ մեջ պիտի լցվի ու կապար դառնա։ Ու դանդաղ եռա՝ մարմլացող կրակի վրա։

Ու չպիտի թողնի պարել։ Կամ եթե թողնի էլ, պարը ուրիշ պար պիտի լինի։ Թեթև չպիտի լինի, ուրախ չպիտի լինի։ Անդարդ չպիտի լինի։ Դառը պիտի լինի, զուսպ պիտի լինի, ատամները սեղմած պիտի լինի, ոտքերը գետնովը պիտի ստիպի տալ, որովհետև գլուխը վաղուց արդեն տվել ես ու փշրել։ Ուրիշ պիտի լինի։ Ուրիշ։

Պիտի գնաս, պտտվես, գաս ձեռքերով ուրիշի ձեռքերին խփես... ինչքան ուժ ունես՝ պիտի ուսդ սեղմես մյուսի ուսին, ձեռքերդ ներքև սեղմես՝ ցավելու չափ, կռանաս՝ երևի հոգու ցավի տակ ու դանդաղ, հողից չկտրվելով, կապարի ծանր լռությամբ դոփես տեղում...

Մարատ, կիրակի
--

1 comment:

  1. Anna Davtyan-Gevorgyan28 April, 2015 11:24

    հրաշալի ես նկարագրել հայկական պարը․․․․ահավոր պատկերավոր է ու ազդեցիկ․․․․

    ReplyDelete