Wednesday, March 13, 2013

Աշխարհը որոշ չափով րաֆֆիացել է

Հացադուլի երրորդ օրն է։ Ինչ-որ բան հստակ է։ Ի՞նչ,- կհարցնենք։- Չգիտեմ։ Հույս ունեմ` Րաֆֆին գիտի։ Նա խոսում, ասում է՝ հանրահավաքներին, մամուլի ասուլիսներին, բարևելիս։ Ասում է արևելահայերենի ու արևմտահայերենի խառնուրդով։ Ափսոս խառնուրդից միայն արևելահայերենին եմ տիրապետում։ Տիրապետում, ոչ թե՝ հասկանում ընդհանուր գծերով կամ ենթադրելով։

Խառնուրդը, անշուշտ, հասկանալի է, բայց կառուցվածքը, միտքը, որը կաղապարված է այդ խոսքում, հասկանալի չէ։ Հետագիծն էլ է հասկանալի, բայց ինչ նկատի ունի նա, երբ ասում է՝ «Սահմանադրական դատարանն ունի վերջին հնարավորությունն իր հետագիծը մաքրելու»։

Երկար, շատ երկար նա խոսում էր ինքնաբացարկի մասին։ Բառն ինձ ոչինչ չէր ասում։ Բառ է, իր համար բառ։ Նշանակություն ունի, կիրառվում է, ասոցիատիվ կապեր ունի, կոննոտացիաներ՝ հիմնականում ընտրություններից առաջ (!) թեկնածուներից մեկի ինքնաբացարկի, հետ։ Բայց այն հրաժարական չէր, առավել ևս՝ «Սերժիկ հեռացիր» ասոցիատիվ կապերով։ Ու հիմա նոր եմ հասկանում, որ Րաֆֆու ասած «ինքնաբացարկը» իմ բառապաշարի «հրաժարականն» է, թեև առանց «Սերժիկ հեռացիր»-ի ու «մոնղոլ-թաթարի», ու դեռ պարզ էլ չէ, արդյոք մենք նույն սիգնիֆիկատի մակարդակում ենք։

Իհարկե, նա երբեմն փորձում է նաև ինձ համար հասկանալի խոսել՝ «ասում ենք՝ էլ երբեք չի լինելու զադնայա սկորոստ»։ Դե իհարկե, նա նկատի ունի՝ զադնի չի դնելու։ Բայց թե՝ հասկացա։ «Պօեզդ նե ուշյոլն» էլ էր հասկանալի, չնայած էլի ռուսերենով էր։

Ու երբ նա ասում է՝ «դա իրենք կանեն իմ դիակի վրա», ինձ համար պարզ չէ, արդյոք նա նկատի ունի «չերեզ մօյ տրուպ»-ի հայերեն կալկան՝ «դա իրենք կանեն իմ դիակի վրայով»։ Չգիտեմ, չեմ հասկանում։ Չեմ հասկանում «Աշխարհի րաֆֆիական նաիվ պատկերի» մակարդակում։ Մենք տարբեր ենք (տարբերությունը երբեմն սփյուռք-ով կազմվող բառաբարդումներն են արտահայտում)։

Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար խոսում է 2008-ի քաղաքական համալսարանի մասին։ Մեզանից շատերը քաղաքական կրթություն այդ համալսարանում են ստացել՝ իր մեթոդով, աշխարհի իր պատկերով ու իր բառապաշարով, միֆական իր շղարշով, իր տրամաբանությամբ և այլն, և այլն։

Այսօր 2008-ը չէ։ Ուզում ենք, չենք ուզում, գնահատում ենք, չենք գնահատում, «թռնում ենք 2008-ի վրով» կամ «չենք թռնում»։ Րաֆֆին այլ կերպ է խոսում։ Գործելը դեռ մի կողմ։ Դա դեռ ժամանակ կունենանք տեսնելու։ Նա փորձում է նաև ինձ հետ ու ինձ հասկանալի լեզվով խոսել։ Ես էլ փորձում եմ հասկանալ։ Արդյունքն առայժմ այն է, ինչ նախընտրում եմ անվանել «իռացիոնալ իմպրովիզ»։

Ի՞նչ նկատի ունեմ։

Ժողովրդական իմաստությունը (ասել է թե՝ հայրս ու նրա հայրը) ասում է՝ դևին դժոխքը պիտի ցույց տալ։ Մեկ այլ իմաստություն էլ ասում է՝ «Ասիմետրիկ է պետք դևի հետ, մարդ ես, մեկ էլ տեսար՝ ոչ բոլոր գլուխները հասցրեցիր թռցնել»։ Հիմա սիմետրիկ է պետք, թե ոչ այնքան սիմետրիկ, էլի ժամանակը ցույց կտա։ Մուհամեդն է ավելի ծանր (կշռով), թե սարը, էլի ժամանակը ցույց կտա։

Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։

Թվում է, անսահմանափակ ժամանակ ունենք, ու մեր երեխաներին հատկացված ժամանակներն էլ է մերը։ Հիմա չլինի, մի հինգ տարուց կլինի՝ Մոսկվան միանգամից չի կառուցվել (Երևանը երկու հազար յոթհարյուր չգիտեմ քանի տարում այդպես էլ քաղաք չդարձավ, սա, ի դեպ)։ Չգիտեմ, ունենք ևս հինգ տարի, կամ դրանից հետո էլի հինգ տարի ու այսպիսի հինգ տարիների անվերջ շարան։

Ես չգիտեմ, ես Րաֆֆիի արևելա-արևմտահայերեն աշխարհընկալումը՝ բառաբարդված «սփյուռք»-ով, չեմ հասկանում։ Միգուցե շատերը չեն հասկանում։ Բայց ես ժամանակ չունեմ։

Մարատ, չորեքշաբթի
--

No comments:

Post a Comment