Sunday, November 11, 2012

Ո՞վ է հաշվելո՜ւ…

Ազգային ժողովում քննարկվում է պետբյուջեի 2013թ. նախագիծը։ Առայժմ մշտական հանձնաժողովների մակարդակում, ոլորտ առ ոլորտ։ Կրթությունն էլ բացառություն չէ։ Հիմնական պահանջը գործադիրից ու մի քիչ էլ օրենսդիրներից է՝ ավելացնել գիտության ֆինանսավորումը, գոնե մի՜ քիչ, մի՜ պուճուր։ Կավելացնե՞ն։

Ոսկե ցլիկը հիշեցի ու՝ Նաջարյանին, որը անվերջ ժպտացող Գուրգենին, որ եկել է ցեղական մեկ ցուլիկ խնդրելու, իրենց ֆերմայի տեղական ցեղերն ազնվացնելու համար, հանգամանալից բացատրում է.

-Կեցցե՛ք, շատ լավ բան եք մտածել… Ախր ես վաղո՜ւց էի ասում… այդպես շարունակել չի կարելի՜… Խնդրե՜մ, խնդրե՜մ Գուրջեն ջան։ Ես ուրախությամբ քեզ կտանեմ իմ ֆերման, ցույց կտամ կովերի, եզների, ցուլերի, օրագրերը, կծանոթացնեմ խնամքի ռեժիմին…

- Շնորհակա՛լ եմ, ընկե՛ր Նաջարյան…

- Բայց որ պա՛պս էլ հո՛րս ձեռը բռնած գա, ես ցուլիկ տվողը չե՜մ…

Հիշեցի՞ք, ծանոթ չի՞ թվում, ինչ-որ բան չի՞ հիշեցնում, ասենք՝ պետբյուջեի ու գիտության ֆինանսավորման հետ կապված։ Կարծո՞ւմ եք՝ կառավարությունը «վաղուց չի՞ ասում, որ այսպես շարունակել չի կարելի», վաղուց չի՞ ասում՝ խնդրե՜մ, խնդրե՜մ ու ուրախությամբ չի ծանոթացնում… չէ՛, այստեղ շեղվում եմ։

Իսկ ինչո՞ւ պիտի ավելացնեն ֆինանսավորումը։ Ասենք՝ արաբագետի կամ իսլամագետի համար։ Որ Արաբական գարո՞ւն կարողանան հասկանալ։ Ի՞նչ կա հասկանալու, ամեն ինչ առանց այն էլ պարզ է։ Արևելյան բռնակալներ ու արևմտյան ժողովրդավարական արժեքներ՝ Իրաքում, Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում … Սիրիան մի քիչ դիմադրում է, բայց թե։

Իսկ ադրբեջանագետին ինչո՞ւ պիտի ֆինանսավորել։ Որ Ադրբեջա՞ն հասկանա։ Քավ լիցի. երկրի բարձրագույն ղեկավարությունից լավ ու խորը ու բազմակողմանի այսօր ո՞վ կարող է հասկանալ Ադրբեջանը… Դաշտային հետազոտության կարիք էլ չի լինի։ Չէ՛, մի երկու-երեք սերունդ ադրբեջանագիտությունը Հայաստանում հեռանկար չունի։

Թուրքագե՞տ ֆինասնավորել։ Իսկ ՀՅԴ-ն ի՞նչ անել, մի բանով պիտի զբաղվեն, չէ՞. ասենք՝ արթուն պահելով ազգային-ազատագրական ոգին, տարին մեկ՝ նաև ջահերով։ Ումի՞ց, ինչի՜ համար… Չեմ հասկանում, գոնե 1991-ին չազատագրվեցի՞նք, թե՞ էլի պիտի 800 տարի սպասենք…

Ցեղասպանագե՞տ ֆինանսավորել։ Իսկ պահանջատիրության ու Սփյուռքի հետ ի՞նչ անել։ Դե Սփյուռք է էլի, թողնեքն իր համար քիչ-քիչ «բզբզա»։ Մեկ-մեկ հայրենասիրական երգեր կարելի է հանրային հեռուստատեսությամբ միացնել, ա լա «Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են» կամ «Հայոց պաշտպան Քեռին մտավ գերեզման» (հերթագայությունը պատահական է), ցանկալի է Ներսիկ Իսպիրյանի կատարմամբ, սթափությունը չկորցնելու համար, մնացածը նորմալ է։

Լեզվաբա՞ն ֆինասնավորել: Հանուն ինչի՞, տառերը ճանաչում ենք, հայերեն գրել-կարդալ գիտենք։ Պատմաբա՞ն, ի՞նչ է անելու, Խորենացուն 7-րդ դա՞ր տեղափոխի։ Քաղաքագե՞տ՝ իսկ Նժդե՞հը։ Ֆիզիկո՞ս, մաթեմատիկո՞ս, քիմիկո՞ս… էլ ո՞ւր, հերիք չէ՞։ Ինչների՞ս է պետք։

Ի՞նչ ենք անելու։

Որ մի անգամ էլ չկոտորվե՞նք։ Որ մի անգամ էլ 800 տարի չսպասե՞նք։ Մի անգամ շատ, մի անգամ քիչ, մի քանի հարյուր տարի այս կողմ, այն կողմ, ո՞վ է հաշվելո՜ւ…

Մարատ, civilnet.am-ի համար։
---

No comments:

Post a Comment