Saturday, June 9, 2012

Մե ծափ, մե հրճվանք

Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստից տպավորությունը համարյա այնպիսին էր, ինչպիսին մայիսի 7-ին՝ թանձր լռություն ու մի փոքր էլ երեխայի հրճվանք (միգուցե ցինիկ), որ կրկեսում է։

Տպավորություն էր, որ իրականություն է, որում դու չկաս կամ որի մասնիկը դու չես։ Իրականություն, որը թեև պիտի ներառի քեզ ու քո շահերը, բայց հեռու է այդպիսին լինելուց։ Ու քանի որ դու ներկայացված չես ու չես էլ ուզում ներառված լինել, մնում է միայն կողմնակի ու արտաքին դիտորդի դերը և իրադարձությունների «դրսից» արտացոլման հնարավորությունը։

Եվ այսպես. ծափերը՝ նորընտիր պատգամավորների յուրաքանչյուր անվան հայտարարումից հետո։ Լավ է՝ գլխի ընկան, որ 131 ծափը կերկարի, ու արդեն երրորդ-չորրորդից դադարեցին։ Չնայած «կարևոր» անունները, այնուամենայնիվ, չխուսափեցին դրանից (ինքնամոռաց սուլոցներ չեղան)։

Ծափը կարճ անց դարձավ այն միջոցը, որն արտահայտելու էր ընտրյալների վերաբերմունքն ու լեգիտիմություն հաղորդելու պատմական այդ պահի ընթացքին։ Ու երբ հայտարարվեց, որ պիտի քվեարկության միջոցով հաստատել ԱԺ նախագահի առաջադրված միակ թեկնածությունը, պատգամավորներից մեկը առաջարկեց՝ «Ծափ տանք, անցնենք առաջ» (կեսկատակ, բայց լուրջ)։

Իհարկե, ինչ կարիք կա, միևնույն է, թեկնածությունը մեկն է, այն հաստատվելու է, ոչ մի անակնկալ չի լինելու, կենցաղավարությունը հաղթելու է՝ բոլորը ժպտալու են, շնորհավորելու, ողջագուրվելու («մերձավորները»), թիկունքում միգուցե մի երկու չարախինդ հիշատակում լինի, բայց անցնելու է գնա, ի վերջո՝ մի քանի տարի իրար երես են նայելու։ Ինչ կարիք կա երկար-բարակ քվեարկելու՝ լիքը գործեր կան…

Ծափն ամենակարճ ճանապարհն էր, միգուցե և ամենալեգիտիմն ու ամենապրագմատիկը՝ ստեղծված իրավիճակում։ Ծափն իրականության այն պատկերացումն էր, որն իր մեջ այդ պահին (գոնե գերակշիռ մեծամասնությամբ) արտացոլում էր խորհրդարանը։

Իհարկե, ծափ չտվեցին, հաղթեց ԱԺ կանոնակարգը, բայց թե խնդիրը մնաց։

Մնաց երկու իրականությունների խնդիրը՝ կանոնակարգված ու պետականամետության և ծափային ու հարցլուծողական։ Իսկ հաղթեց ոսկե միջինը՝ ԱԺ նախագահի հարցը լուծվեց, ինչպես և պահանջում էր օրենսդրությունը։ Զավեշտ։

Անելանելիության ինչ-որ տարօրինակ զգացում էր այդ պահին՝ զգացում, որ պրծում չկա ծափերի իրականությունից, զգացում, որ այդ իրականությունն ընդունելի չէ, որ այդ իրականության հետ անգամ ընդհանուր լեզու գտնել հնարավոր չէ։ Չնայած ապրում ես դրանում (ոչ դրանով), շատ թե քիչ օգնում, օժանդակում, երբեմն (հոգացավ ու «թշնամաբար») խարխլում դրա գոյության հիմքերը, բայց թե ապրում ես։

Ծափի դեմ պայքարելը, իհարկե, անիմաստ է, ծափը հետևանքն է՝ պատճառը, հիմքը չէ։ Այն ճիշտ և ճիշտ իրականության արտացոլում է, ինչպիսին և այս տողերն են։ Բայց թե անելանելիության զգացումը մնում է՝ շրջապատում շատ են ծափերն ու հարց լուծողները։

civilnet.am-ի համար։

Մարատ
--

No comments:

Post a Comment