Sunday, May 20, 2012

Պատ օտարման

Կանխատեսումներն անշնորհակալ գործ են, հատկապես Հայաստանում, հատկապես, երբ այդ կանխատեսումները ադիբեկյանական կամ գելափյան չեն։ Հետահայաց ոչ պոզիտիվիստական դիտանկյունն ավելի իրատեսական է։ Եվ այսպես` ինչպիսի տեսք ունի Հայաստանը Բաղրամյան 26-ից և ինչպես քանդել օտարման պատը մեր ու նրանց միջև։

Պատասխանները կարելի է կարդալ ՀՀԿ 13-րդ համագումարին Սերժ Սարգսյանի ելույթում։

Հարց առաջինին

«Գալիք խորհրդարանական ընտրություններում մենք մեր ժողովրդի դատին ենք ներկայանալու որպես անհատ համախոհների թիմ, որը նպատակադրվել է շահել ժողովրդի վստահության քվեն և ձևավորել կառավարություն: Միգուցե սա դուր չի գալիս ոմանց, ովքեր չեն կարողանում համակերպվել մեր ժողովրդի քվեով մեր երկրում գերիշխող ազգային գաղափարախոսության հետ: Բայց սա իրողություն է, որը միայն օգուտ կարող է բերել Հայաստանին». Սերժ Սարգսյան։

Հաստատական պնդումներով երեք նախադասություն. սկզբում նախ մտադրությունների հռչակում (իմա՝ ճանապարհային քարտեզ), երկրորդում՝ թելադրանք ու զգուշացում բոլոր նրանց, ովքեր…, երրորդում՝ իրողության արձանագրում կամ իրողության, ըստ Բաղրամյան 26-ի, օգտաբեր պարտադրում Հայաստանին (իմա՝ մենք ավելի լավ գիտենք քո փոխարեն կամ՝ Հայաստանը մենք ենք)։

«…Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում՝ հանրության և ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական և ընտանեկան երջանկությունը՝ կողոպտելով և հարստահարելով հանրությանը և ազգին: Եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաև գողանում է անձամբ իրենից և իր ընտանիքից». Սերժ Սարգսյան:

«Հանրությունից ու ազգից» գողացվում է ընտրություն ունենալու իրավունքը, և գողացվում է տրամաբանորեն հակառակ Սարգսյանի հետևյալ պնդման. «Մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց ազատ մրցակցություն երբեք ու երբեք չի նշանակում մեծ փողի առավելություն և այդ մեծ փողով փոքր մրցակիցներին խեղդելու և կլանելու հնարավորություն»: Եթե այդպես է, ապա Բաղրամյան 26-ում կա՛մ մարդիկ չեն, որոնք իրենց «հանրության ու ազգի» անդամ են համարում, կա՛մ էլ այնպիսիք են ու այնպիսին, որը «գողանում է անձամբ իրենից և իր ընտանիքից»։

«Ազնիվ, բարոյական, հարստահարել, կողոպտել»՝ մի կողմ ենք թողնում, սրանք ականջի համար են։ Ընտանիքի ընկալումը թերևս ամենաէականն է այս ելույթում, եթե այն «մեր ավանդական ու պահպանողական»-ն է ու նույնական Բաղրամյան 26-ի ու այս հասցեի հետ երևութական ու աներևույթ թելերով կապվածների հետ։

«Մենք հավատում ենք, որ մեր ազգային գոյությունը երաշխավորող հիմնական և ամենաամուր միջնաբերդը ընտանիքն է. մեր ավանդական և պահպանողական ընտանիքը, որտեղ երիտասարդները հարգում և լսում են ավագին, որի հենասյունն է կինը և մայրը». Սերժ Սարգսյան:

Հեռացնում ենք «կնոջ և մոր» հենասյուն լինելու հատվածը, որը պարզապես տուրք է ականջին և որում, ի դեպ, փոխված է դերերի առաջնությունը (կին-մայր և մայր-կին), մնում է իրական ուղերձը՝ Բաղրամյան 26-ի «մեր» ընտանիքի «ավագին» «հարգելու» ու «լսելու» «ավանդական» ու «պահպանողական» հիմնարժեքային հաստատական ներշնչմամբ։

Հետո փոքրիկ մի տողատակ է. «Սակայն «լսել» չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ, իսկ «ընտանիքի հենասյուն» չի նշանակում խոհանոցի բանտարկյալ»։ Սա, ըստ էության, հակադարձ-հաստատական պնդում է՝ Բաղրամյան 26-ի «մեծերին» «հարգելու» և «լսելու» պատանդ մնալու պարտադրանք նույն այդ Բաղրամյան 26-ից։

Հարց երկրորդին

«Մենք հավատում ենք, որ մեր հանրությունը շատ ավելին է, քան մարդկանց մեխանիկական համադրում։ Մենք հավատում ենք, որ ազգը շատ ավելին է, քան հասարակական պայմանագրով միավորված ընդհանուր բնութագիր ունեցող մարդիկ: Մենք հավատում ենք, քանի որ այդ հասարակական պայմանագիրը ոչ այդքան տառի վրա է հիմնված և տառով է պայմանավորված, որքան այդ ազգի ոգով». Սերժ Սարգսյան:

Սա հենց այն խաղադրույքն է, որը և կատարել են Բաղրամյան 26-ում՝ հանրություն, որը «մերն» է, որը մենք (իմա՝ Բաղրյամյան 26) «ազգ» ենք կոչում (տուրք տալով ավանդույթին, երևի), ու այն հասարակական պայմանագրի տառի հիման վրա ու ընդհանուր շահի գիտակցումով միավորված մարդիկ չեն։ Իսկ վերջիններս մարդկանց այն տեսակն է, որին ոչ մի կերպ տեսնել չի ուզում Բաղրամյան 26-ը։ «Մենքը» հավատում, ավելի շուտ փորձում է հավատ ներշնչել մյուսներին, որ եթե անգամ կա հասարակական պայմանագիր, ապա այդ պայմանագիրը «ազգի ոգին», այսինքն «մենք», իսկ ավելի շուտ՝ իրենք են պայմանավորելու (իմա՝ խաղի կանոնները որոշելու)։

Ու պատահական չէր, ավելին՝ աշխարհընկալային ավելի շուտ հայաստանընակալային տարրեր էր պարունակում Սերժ Սարգսյանի «ենթագիտակցային» հայտնի հայտարարությունը Կոտայքում. «Եվ այստեղ մենք, բնականաբար, պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Բոլորիդ կոչ եմ անում քվեարկել ՄԵՐ պատգամավորների օգտին»։

Էլ ո՛չ մի պատրանք հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո ու նամանավանդ նախագահականի նախաշեմին։

civilnet.am-ից։

Մարատ, չորեքշաբթի
--

No comments:

Post a Comment