Friday, March 30, 2012

Իմաստ տեսնելու գիտակցություն

Բարդանում է իրականությունը՝ այն ավելի բազմաշերտ ու շախմատային է դառնում ու դեռ դառնալու է ու դառնալու։ Շախմատի սիրահարները շահելու են իհարկե։ Չնայած խնդիրը շահել-չշահելը չէ։ Իրականությունն այլ շերտեր էլ ունի՝ պարզ (ոչ հեշտ) ու պայծառ, շատ պայծառ։

Ամենապայծառը արվեստի այն մի քանի կաթիլն է, որը հիմա Փամուկ ու Փելեշյան ու Ջեյլան է։ Դրանք ժամանակ առ ժամանակ թույլ են տալիս շնչել, աջ ու ձախ նայել, մի քիչ էլ՝ վերև։

Փամուկը դեռ շարունակվում է, դեռ երկար կշարունակվի։ Փամուկը չգիտես ինչ է, երևի արկած՝ երեխայական երևակայությամբ։ Դեռ չգիտես ինչ է լինելու ու չես էլ գուշակում ինչ է լինելու, բայց հետաքրքիր է, շատ հետաքրքիր։ Նոր է՝ ուրիշի հոգու մեջ ու հոգու խորքում. պիտի ուզես տեսնել, որ կարողանաս տեսնել։

Փելեշյանը կադրեր են ու երաժշտություն, Ջեյլանը՝ կադրեր ու կադրեր։

Պատահական չեն կադրերը, դրանք իլոկուտիվ են՝ իմաստը, բովանդակությունը, նշանակությունը նրանց հետևում չէ, իմաստը, բովանդակությունն ու նշանակությունը հենց իրենք են՝ իրենցով, ընտրված լինելով, իրենց հերթագայությամբ ու կապով։ Փելեշյանի մոտ՝ նաև երաժշտությամբ ու շարժով ու մոնտաժով ու կրկին շարժով ու ձգվող ու ձգվող ու ձգվող։

Չնայած երկար չեն դրանք, կարճ, երբեմն՝ շատ կարճ։ Բայց, չգիտեմ, երևի զգացում, որ դրանք մի ամբողջ կյանք են, մի ամբողջ սերունդ ու մի ամբողջ դարաշրջան, բայց, ամենակարևորը, մի ամբողջ գիտակցություն, իրականությունը տեսնելու, ապրելու, իմաստավորելու ու իմաստ գտնելու գիտակցություն։

Դե, իհարկե, արվեստ է ու երևի բարձր, ոչ առօրյա ու գեղեցիկ. պիտի երևի այդպես լիներ։

Կարծում եք նման գիտակցություն չպիտի՞ առօրյայում լինի, որովհետև առօրյա՞ է ...

Ուրբաթ, Մարատ
--

No comments:

Post a Comment