Monday, January 16, 2012

Հաշտ ու դատարկ

Վերջին գրառումը, պարզվեց, անհասկանալի էր ստացվել, նյութի կառուցման ու ոչ միայն այդ տեսանկյունից։ Միգուցե։ Երևի միտքը, որը տեքստի հետևում է, պարզ չէ, հստակ չէ, խառնված է՝ մազերի պես։ Ժամանակ է լինում, որ այդպիսին, այսինք՝ միտք, ընդհանրապես չկա, խաղ է, մտավարժանք, բառերի հաջորդականություն։ Քիչ է լինում, բայց լինում է։ Չնայած հիմա՝ ավելի շատ։ Կարդալ չի ստացվում, մտածել՝ նույնպես, էլ չեմ ասում իրիկունները կամ գիշերները մտածելու մասին։ Երևի նրանից է, որ որոշել եմ հաշտ ապրել՝ ինքս ինձ ու մյուսների ու իրականության ու շրջապատի հետ հաշտ ապրել։

Ահա թե ինչու է ամեն ինչ նույն բանի շուրջ պտտվում, եթե իհարկե, պտտվում է։ Նույն շրջանակները, նույն հատվածատված իրականությունը, նույն իրականության շատ ավելի հատվածական ու զտված ընկալումը, զտված մյուսների կողմից, անգամ սեփական ընկալումում։

Մի քանի օր առաջ սեփական մարմինը բռնացրեցի մտքի վրա, որ ոչ մի նոր բան չի ուզում սովորել, ոչ մի՝ անգամ լեզու։ Չի թամբալացել, պարզապես դա նույն այդ մարմնի ոչ մի մասի այլևս բավարարվածություն չի պատճառում՝ ներառյալ գորշ նյութին։

Իրոք, եթե առաջ գիտակցում էի, որ չգիտեմ, հիմա դա էլ չեմ անում։ Աբսուրդ, ասում էի չէ, մտավարժանք ու խաղ։

Իսկ գրել ուզում էի, ինչպես Վարդանը կասեր՝ ԱՅՍ ԱԽՊԱՐԱՌԵՊԻ մասին։

Առավոտով, երկուշաբթի, Մարատ
--

No comments:

Post a Comment