Wednesday, December 21, 2011

Ինչ երեխա ենք ստեղծում ...

Երբ աղքատության մասին են խոսում, ցանկացած երկրում, առաջին հերթին սոված մանուկներ եմ պատկերացնում։ Ոչ ծերեր, ոչ երիտասարդներ, միայն մանկուներ, ոչ այնքան մեծ ու ոչ այնքան փոքր, այնպիսիք, որոնք ինքները, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չէին կարողանա հոգ տանել իրենց մասին։

Հիշում եմ, երբ Գերմանիայում դեռ նոր-նոր էին սկսվում տնտեսական «դժվարությունները», ու շատ ավելի մեծ թվով ընտանքիներ էին հայտնվում եկամուտների այնպիսի մակարդակում, երբ պետք էր այն լրացնել պետական սոցիալական նպաստների համակարգով՝ նվազագույն կենսամակարդն ապահովելու համար, հասարակության մեջ ու հանրային հեռուստատեսությամբ հսկայական մի բանավեճ ծավալվեց, թե ինչքանով է երեխան մեղավոր, որ ընտանիքում ծնողները չեն կարողանում ավելի բարեկեցիկ լինել, ինչու պիտի այդպիսի ընտանիքները երեխաները չունենան բոլոր այն հնարավորությունները, որոնք ունեն բարեկեցիկ ընտանիքներինը։

Ու պետությունը պարտավորվեց երեխաների համար այս հնարավորություններն ապահովել սոցնպաստի երեխաներին հատկացվող գումարային մասի մի փոքր ավելացմամբ՝ մեկ երրորդով։ Դա ծնողներին չէր տրվելու կամ էլ հսկվելու էր, թե ինչպես են այդ գումարները ծախսվելու ...

Պետությունում գնահատեցին երեխաներին տրվող հնարավորությունների առավելությունը։ Այն հետո երաժիշտ, գիտնական, արհեստավոր, մտածող, երգիչ ... չգիտեմ էլ ինչ երեխա էր ստեղծելու։

Պետությունը, իհարկե, վերացական չէ, պետությունը մարդիկ են, խմբեր, հասարակությունը, որը պատասխանատվություն է զգում իր, մյուսների ապագայի համար։

Հիմա կհիշեք, իհարկե, ԽՍՀՄ-ը և այլն և այլն։ Իհարկե, միգուցե, չեմ բացառում, հաստատ, այդպես էր, ավելի բարեկեցիկ էր, ավելի արդար էր հասարակական բարիքների բաշխումը, ավելի մարդկային կամ ոչ մարդկային էր այն, արժեքներն էին ուրիշ, չգիտեմ, հիմա ինձ դա պակաս է հետաքրքրում՝ ԽՍՀՄ-ը չկա ... իսկ Գերմանիան, ահա, կա ... ու մենք էլ կանք՝ հետխորհրդային հանրապետությունները։

Երեխաների ապագան մեր մոտ մի փոքր այլ է կարգավորվում, չգիտեմ ինչպես է կարգավորվում, բայց կարգավորվում է, հաստատ։ Հաստատ պետության մասնակցությունը նվազագույնի է հասցված դրանում։ Հիմա կասեք՝ խաղաղ պայմաններ, անվճար հանրակրթություն, անվճար բուժսպասարկում ... էլ չհիշեցի։ Ես այսպիսի մասնակցության մասին չեմ խոսում՝ դա էլ չլիներ ու պըրծ ...

Հա, իհարկե, բայց արդյոք հասարակությունը՝ ոչ անհատական ընտանիքների/գերդաստանների կամ քավոր/սանիկների մակարդակում, պատասխանատու է զգում իրեն երեխաների ու նրանց ապագայի համար։

Ի՞նչ ենք կառուցում մենք՝ մեզ, մեր երեխաների համար։ Ես չաղ ու բախտավոր չեմ ուզում, ավելի շուտ բախտավոր ուզում եմ, բայց ոչ չաղ, ու բոլորի համար, ու պատասխանատու, ու պատասխանատվությունից չխուսափող ...

Չորեքշաբթի առավոտ, Մարատ
--

No comments:

Post a Comment