Thursday, December 15, 2011

Հարցեր, որոնք շատերին կարելի է տալ ...

Երբ երկու օր առաջ գրում էի ըմբոստության մասին, այսօր պարզեցի, որ ըմբոստանալու խիզախություն չունեմ, ոչ թե նրա համար, որ խիզախ չեմ ու պլոճիկ չունեմ (մասնավորեցնեմ՝ ոչ ուղղակի իմաստով), այլ որովհետև պլոճիկների հետ հանցավոր համաձայնության եմ եկել ...

Ու կարծում եմ, մեզանից շատերն են հանցավոր համաձայնության եկել սեփական խղճի հետ, որպեսզի կարողանան հեշտ ու հանգիստ՝ հանգիստ խղճով, աչք փակել այն ամենի վրա, ինչի պատճառով արժեր ըմբոստանալ ու փորձել փոխել այն։

Երկար էի մտածում, ճանապարհին, մինչև «հանցագործության վայրից» աշխատատեղ էի քայլում, ինչու վարվեցի այնպես, ինչպես վարվեցի։

Իսկ խղճի հետ հանցավոր համաձայնությունը (այն փոքր կամ մեծ չի լինում, պարզապես լինում է) սա էր՝ հարց բարձրացնելու հնարավորություն ունեի, որից չօգտվեցի, չխիզախեցի։

Իսկ պիտի հարցնեի՝ հավատում եք այն ամենին, ինչ ասում եք՝ որպես մարդ, որպես երկրի ամենախոշոր ու կարևոր կազմակերպություններից մեկի ղեկավար, մենեջեր։ Էլի պիտի հարցնեի, թե պատրաստ է արդյոք նա հանրային պայմանագիր կնքել այդ կազմակերպության աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, որ առաջիկա մի քանի տարիներին ինչ-որ բան կփոխի դեպի լավը։ Ինչպիսի՞ տեսք ունի այդ լավը նրա համար, ու ի՞նչ կլինի, եթե հանրային այդ պայմանագրի պայմանները նա խախտի։ Ես միայն կկորցնեմ տարիները ու ստիպված կլինեն նույքան անհաջող պայմանագիր կնքել էլի նրա հետ, թե անորոշ հույսերով ուրիշ մեկի հետ ... Հարցերը, կարծում եմ, շատերին կարելի է տալ ...

Չհարցրեցի, որովհետև պատասխանները գիտեի, իհարկե, ոչ 100%-անոց ճշգրտությամբ, բայց գիտեի։ Իմ ու շատերի ձևակերպմամբ ու ընկալմամբ. «Փող չկա, քիչ է, դժվար է, առաջարկեք, դրա շուրջ կմտածենք կամ կանենք, անում ենք, սպասեք, ճգնաժամային է, էլի դժվար է, փող չկա»՝ փող, փող, փող, չեմ կարծում, որ այս տրամաբանությունից դուրս պատասխաներ կլինեին։

Չնայած պիտի հարցնեի, մարդ ես, մեկ էլ տեսար ... Չհարցրի, որովհետև նույքան ազնիվ չեմ ինքս ինձ հետ, չխիզախեցի, որովհետև՝ զահլա չկա, միևնույն է, չի փոխվելու, չեմ հավատում, անտարբեր եմ ...

Ախր խնդիրը ֆինանսները չեն, վաղ կամ մյուս օրը միգուցե ինչ որ մեկը կառավարությունում որոշի, որ արժե այս կամ այն ոլորտն ավելի շատ ֆինանսավորել, հետո գանձապահը քեզ կրկնակի կամ եռակի աշխատավարձ կհաշվի ու կհանձնի, բայց թե նույն արագությամբ դու աշխատանքի քո արտադրողականությունը չես կարողանա կրկնապատկել կամ եռապատկել, որովհետև այդ կամ այն ոլորտի առանձնահատկությունն է այդպիսին։

Աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելը տարիներ է պահանջում, մի քանի տարիներ։ Դրա համար պիտի սկսել հիմա, քանի դեռ չես կորցրել այն, ինչ, լավ-վատ, բայց ժառանգել ես։ Լավ-վատ՝ բայց որոշ խանդավառ երիտասարդներ ամսական նախ 7 հազ. հետո 9 հազ. դրամով ժամանակին իրենց աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա աշխատել են ու հույսեր կապել, թե այդ «լավ-վատից» միայն լավը կլինի։ Այսօր հաստատ ամուսնացած երիտասարդ չեք գտնի, որը կհամաձայի այդպիսի աշխատավարձով աշխատել ... չնայած, կգտնեք երևի, եթե նույն տեմպերով շարունակեք ...

Հինգշաբթի առավոտ, Մարատ

Հ.Գ. Միևնույն է, երկիրդ երկիր չէ ... ինչո՞ւ չէ, դժվար է ասել ... վերաբերմունքն է պետք փոխել, ինքներս մեր հանդեպ վերաբերմունքը՝ որ հետո էլ երկիրը՝ այսինքն՝ մենք, փոխվենք ...
--

No comments:

Post a Comment