Wednesday, October 19, 2011

Մինչ կհասցներ հեռախոսը զանգել

Երբեք չէի մտածի, որ բլոգում նույնպես գործն ինքնագրաքննության կհասնի։ Ոչ այս բառի դասական իմաստով։ Իհարկե, գրել ու շարունակելու եմ գրել այն, ինչ ուզում եմ կամ էի կամ ուզենալու եմ գրել։ Խնդիրն ինչ-որ մի այլ տեղում է, շատ ավելի խճճված։
Նկատած կլինեք, վերջին գրառումները բոլորովին այլ են, դրանք այլևս այնպիսին չեն, ինչպիսին էին։ Երևի տրամադրության ու հոգեվիճակի փոփոխությամբ են պայմանավորված, կամ էլ առաջնայնությունների ու գերակայությունների։ Իսկ այդպիսիք ինչ-որ խառը տեղերում են՝ գլխում, հոգում, սրտում, տանը, հարազատների և ոչ այնքան հարազատների հետ շփման մեջ, ամենուր, մի խոսքով։

Չգիտես ինչու ինչ-որ պահի հոգնեցի, չնայած հազիվ թե հանգիստ էի ինչ-որ պահի։ Հոգնեցի նրանից, ինչ ես երկար ժամանակ «նվնվոց» էի անվանում։ Ս.Բ.-ն դրա համար, այսօր առավոտյան, շատ ավելի ճիշտ, ադեկվատ, տեղին բնորոշում էր գտել՝ ըմբոստություն։ Հոգնեցի նվնվոց-ըմբոստությունից։

Կծիծաղեք՝ հազիվ թե հանգստության ու հանդարտության մեջ ըմբոստություն է լինում։ Իհարկե, հանգիստ ու ծաղաղ ու դանդաղ, երբեմն դանդաղկոտ, շատ ավելի քիչ կամ շատ ավելի շատ՝ անտարբեր։ Միգուցե դրանք արտաքին են, միգուցե, չգիտեմ։ Բայց անհանգիստ, միշտ անհանգիստ, փորփրող, բզբզող, ինչ-որ տեղ ինչ-որ մի բան հաստատ այն չէ, չգիտեմ։

Հեռացանք ինքնագրաքննությունից ... ըմբոստ լինելը, օգնո՞ւմ է, ի՞նչ եք կարծում, օգնո՞ւմ է ապրել։ Փորձում եմ ստիպել (իմա՝ գրաքննել) ինձ չնվնվալ ու գլխում, հոգում, սրտում, տանը, հարազատների և ոչ այնքան հարազատների շփման մեջ, ամենուր, մի խոսքով, ըմբոստություն ու նվնվոց չփնտրել, միգուցե դա օգնի ինքս ինձ հետ ավելի խաղաղ ապրել ...

Լույս չորեքշաբթի գիշեր, մինչ կհասցներ հեռախոսը զանգել, Մարատ

Հ.Գ. Հետաքրքիր է, հնարավոր է ոչ ըմբոստ ըմբոստություն։ Բառախաղ ու նույնաբանություն ու դատարկաբանություն չէ, իրոք, հետաքրքիր է։
--

2 comments:

  1. միգուցե դա օգնի ինքս ինձ հետ ավելի խաղաղ ապրել ... խաղաղությունը լավ բան է, մանավանդ, երբ ինքդ քո հետ ես խաղաղ, բայց մի հատ պաբոչնի էֆեկտ ունի, հանգեցնում է լճացման: չեմ կարծում, որ արժե շատ ձգտել այդ խաղաղությանը:))))

    ReplyDelete
  2. Համաձայն եմ, բայց որ պատկերացնում ես՝ տանը, տաք, երեխեքի հետ մուլտիկ ես նայում, վազել չկա, բան չկա, հավեսով, հետո գրադարան, էլի տաք, լիքը գիրք, էլի վազել չկա, հետո համալսարան, էլի առանց վազելու, հանգիստ, ուսանողների հետ, հետո այգի՝ վազում են միայն երեխաները, դու էլի քո համար հավեսով, մի բաժակ տաք սուրճ ... այ այսպիսի խաղաղություն եմ ուզում ։)

    ReplyDelete