Friday, September 23, 2011

ԲԱՖԵԹԻ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ

While the poor and middle class fight for us in Afghanistan, and while most Americans struggle to make ends meet, we mega-rich continue to get our extraordinary tax breaks.

Warren Buffett

Այս միտքը պատկանում է Աշխարհի երրորդ ամենահարուստ մարդուն` ամերիկացի Ուորեն Բաֆեթին, ում կարողությունը կազմում է շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլար (ըստ Ֆորբսի): Այն քաղված է Նյու-Յորք Թայմսում վերջերս լույս տեսած նրա հոդվածից, որտեղ Բաֆեթը ԱՄՆ Կոնգրեսին հորդորում է վերանայել գերխոշոր բիզնեսների նկատմամբ հարկային իր մեղմ քաղաքականությունը:


«Հերիք է ինչքան միլիարդատերերի բարերար Կոնգրեսը հոգ է տարել իմ և ընկերներիս մասին: Ժամանակն է, որպեսզի կառավարությունը լրջորեն մտածի զոհողության արդեն մեր բաժնի մասին»: «Ինքնադատապարտման» այսպիս տարօրինակ կոչով է ավարտվում միլիարդատերի ուղերձը կոնգրեսականներին:

Ինչքան էլ տարօրինակ հնչի, ԱՄՆ միլիարդատերերը (ի դեմս Բաֆեթի) այսօր ունեն մեկ նպատակ. ամերիկյան գերխոշոր բիզնեսի ահռելի եկամուտների կրճատման հաշվին բարելավել միջին քաղաքացու կենսամակարդակը: Այս գերակայությունը արտահայտվեց նաև Բարաք Օբամայի` սեպտեմբերի ութին Կոնգրեսում ունեցած ելությում, որտեղ աշխարհի թիվ մեկ տերության առաջնորդը կոնգրեսմեններից պահանջեց 447 միլիարդ դոլար` բարենորոգելու ԱՄՆ տնտեսությունը և մեղմացնելու սոցիալական ծանր կացությունը երկրում: ԱՄՆ նախագահը, մասնավորապես, առաջարկեց կոշտացնել խոշոր բիզնեսների եկամուտների հարկման պայմանները և դրա հաշվին թեթևացնել միջին խավի հարկային բեռը: Հասկանալի է, նման առաջարկներ կարող են արվել միմիայն ԱՄՆ բիզնես էլիտայի համաձայնությամբ…

Թե ինչու են ԱՄՆ փաստացի ղեկավարներն ինքնակամ զոհում իրենց միլիարդները, դժվար չէ կռահել: Մեծ պետության քաղաքացիների մոտ կա մի սահման, որից այն կողմ անձնական շահը մղվում է հետնաբեմ: Այդ եզրագիծը հայրենիքի հզորության վտանգվածությունն է: Ծանր փորձությունների նախաշեմին ԱՄՆ բոլոր քաղաքացիները համախմբվում են մեկ դրոշի տակ, մեկ գաղափարի շուրջ` պետության փրկությունը: Եվ քանի որ այս պահին այն կապվում է ԱՄՆ-ում միջին խավի փրկության հետ, ապա հանուն դրա արժե զոհել շատ բան` նույնիսկ մի քանի տասնյակ միլիարդ:

Հայաստանում նույնպես կա նախագահ, կա խորհրդարան, կան միլիարդատերեր (վերջին երկուսի, նույնիսկ երեքի միջև ըստ էության տարբերություն չկա), և, անշուշտ` ծանր փորձությունների ապշեցնող առատություն ու դրանց տակ կքված «միջին» խավ: Թե ինչքանո՞վ են իշխանությունները մտահոգ այս վերջին փաստով, դա քննարկման այլ թեմա է: Այս համատեքստում առավել կարևոր է հայ օլիգարխների վերաբերմունքը պետականության, և, ընդհանրապես, հայ ազգի ճակատագրի նկատմամբ:

Սխալ է կարծելը, թե Օբաման վերահսկում է ԱՄՆ միլիարդատերերին և կարող է նրանց պարտադրել իր կամքը: Ես կասեի` ընդհակառակը: Այսինքն, դա Օբաման չէ, որ ստիպում է Բաֆեթին ուղերձներ հղել Կոնգրես: Անել դա նրան ստիպում են նախ` սթափ դատողությունը, ապաև հավանաբար հայրենակիցների նկատմամբ հոգատարությունն ու պատասխանատվության զգացումը:

Հայ օլիգարխները նույնպես անկառավարելի են: Համենայնդեպս, նրանց անհնար է պարտադրել կյանքի կոչել օրենսդրական ակտեր, որոնք կկրճատեն իրենց եկամուտները` հօգուտ հասարակ հայերի: Սակայն ի տարբերություն ԱՄՆ միլիարդատերերի, ովքեր ծանրագույն ճգնաժամերի պահին մոռանում են սեփական շահի մասին և կամավոր փորձում օգնել հայրենիքին, հայ օլիգարխները նման փորձություններն օգտագործում են բացառապես սեփական բիզնեսի ընդլայնման և նորանոր արտոնությունների կորզման համար:

Մինչ ամերիկացի միլիարդատերը հստակ գիտակցում է, որ իր հարստությունն ու եկամուտները անմիջականորեն պայմանավորված են հայրենիքի հզորությամբ, հայ օլիգարխները խորապես անտարբեր են թե Հայաստանի և թե դրա ապագայի նկատմամբ, քանի որ դրա կործանման պարագայում ուղղակի կմեկնեն Ռուսաստան, կամ էլ լավագույն դեպքում Եվրոպա` վայելելու կուտակած հարստությունը:

Մինչ ԱՄՆ բիզնես-էլիտան իր հայրենակիցներին ընկալում է նախևառաջ որպես մարդ, ապա նոր միայն ռեսուրս, հայ օլիգարխիան ապրում է 19-րդ դարի արդյունաբերական Եվրոպայի սկզբունքներով, երբ բանվորին վճարում էին ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ էր գոյատևելու համար:

Իսկ ընկալումների այս տարբերության բացատրութոյւնը մեկն է: Միլիարդատերը, դա այսպես ասած քանակական կատեգորիա է, մինչդեռ օլիգարխը` բարոյական: Իսկ թե ի՞նչ երանգներով, դատեք ինքներդ…

Հայկ

«Օրակարգ», ԹԻՎ 3, սեպտեմբերի 23
--

3 comments:

  1. Լավն էր, կատեգորիաների հակադրությունը՝ նույնպես։ Երևի մեր երկիրն է փոքր, փոքր շուկայի սինդրոմ կա, արդյունքում օլիգարխներ ունենք ու ոչ միլիարդատերեր։

    ReplyDelete
  2. Չեմ կարծում, որ խնդիրը շուկան ա։ Ստեղ ոչ թե տնտեսագիտական, այլ բարոյական, արժեքային հարթությունում ա պրոբլեմը։ Ռուսաստանը աշխարհի ամենամեծ շուկան ա, բայց ունիմիայն օլիգարխներ։
    Երևի թե քաղաքակրթական կողմնորոշման «սինդրոմ» ա :))

    ReplyDelete
  3. Չեմ կարծում, որ խնդիրը շուկան ա։ Ստեղ ոչ թե տնտեսագիտական, այլ
    բարոյական, արժեքային հարթությունում ա պրոբլեմը։ Ռուսաստանը աշխարհի
    ամենամեծ շուկան ա, բայց ունիմիայն օլիգարխներ։

    Երևի թե քաղաքակրթական կողմնորոշման «սինդրոմ» ա :))

    ReplyDelete