Monday, August 22, 2011

Տարօրինակ զգացում է՝ զգալը ...

Հոգնածությունից քունս չի տանում, չնայած աչքերս փակվում են: Անորոշ՝ մտքերով, քայլերով, ամեն ինչով: Ինչքան դժվար է պատասխանատու լինելը, նաև հաշտվելը մտքի հետ, որ քեզանից ինչ-որ բան է կախված: Քայլերում երեխայական խառնաշփոթն այլևս տեղին չէ, չնայած և չափազանց հարմար է ու միգուցե այն, ինչին ենթագիտակցորեն ձգտում ես: Կարծում եք ասելի՞ք չկա, միգուցե:

Որքան անհուն ու հետաքրքիր է մարդկային էությունը, խոսքը, գործը: Երբեք չես գուշակի, ինչ է հաջորդելու, կամ հաջորդելու է արդյոք ու ինչու հենց այնպես, ինչպես է:

Ինքնադիտարկումը ուղի է, որը ըմբռնելու փոքր ինչ պատրանք է ստեղծում: Այն ամուր, մշտապես արթուն միտք է ենթադրում, նաև՝ սթափ ենթադրություններ անելու ունակություն: Հակառակ դեպքում ուղին չես էլ անգամ պատկերացնի թե ուր կտանի:

«Չափելու» մասին խորհե՞լ եք: Չափել ամեն ինչ՝ երկարություն, լայնություն, հեռավորություն, զգացմունքներ, հավատարմություն, գրպանի պարունակություն ու այսպես շարունակ: Ջանքը այս շարքում ամենաանորոշն է, թեև միակ հիշատակության արժանին: Մարդկային ջանք բոլոր ուղղություններով, նաև վերոհիշյալ:

Պարզվում է չափելի է նաև ջանքը, խնդիրն այս դեպքում չափման միավորի ընտրության մեջ է: Ամենապարզունակը, պարզվում է, գումարայինն է: Այն նաև ամենահեշտն է, միգուցե և տարօրինակ հնչի, թեև հազիվ թե: Պատասխանատվություն, մարդկային ոչինչ չունի իր մեջ այս միավորը: Այն դեպի անդունդ տանող ուղի է, ամեն ինչ փշրող, խաթարող, խզող ուղի: Սա չի նշանակում կամ միգուցե և նշանակում է, թե «փողը ձեռքի կեղտ է» և այլն՝ նույն տրամաբանությամբ: Չէ, այն ուղի է որ ոչ մի տեղ էլ չի տանում, անգամ թվացյալ լուծումը չի ապահովում:

Դեպի Ղուկասյան-Աշոցք տանող ճանապարհը մեկ առավելություն ևս ունի՝ միմյանց արագ հաջորդող բնապատկերներ, լուծված մեքենայի արագության մեջ: Ակամայից սկսում ես մտածել ու նայել ու նայել ու նայել ու նայել, երբեմն նաև ինքդ քեզ վրա:

Գիտեք ինչը ինձ տարօրինակ թվաց այդ ճանապարհին: Զգացումը ու փորձը, թե հնարավոր է փոխհատուցել մարդկային հոգիների միջև խզված կապի գոյությունը ու այդ գոյությունը չխզված պահելու մարդկային ջանքը, ու այդ փորձը չափելի է: Գլխի ընկաք երևի, ինչով ... Իսկ չափման միավորի չափը մի շարք տարօրինակ գործոններից է կախված, տվյալ դեպքում՝ արձակուրդայինից ... :

Ի՞նչ եմ փորձում գնել կամ ինչո՞ւ ... Միգուցե խաղաղությո՞ւն հոգում, խղճում: Ո՞ւմ համար կամ ումի՞ց ... Միգուցե ինք՞ս ինձ համար ու ինձանի՞ց ...

Պապն ու տատը մեծացել էին, մի տեսակ ծերացել։ Փառք Աստծո, դեռ առույգ։

Տարօրինակ զգացում է՝ զգալը ...

Իրիկուն, Մարատ

Հ.Գ. Երբեմն «կես բերան խոսալ»-ն էլ է գրեթե անհնար, հույսը ինչ-որ ուղղությամբ լուռ հայացքն է:
--

1 comment:

  1. Ի՜նչ հոյակապ էսսե էր, Մարատ ջան...

    ReplyDelete