Monday, May 23, 2011

ԳԻԼՅՈՏԻՆ, ԹԵ՞ ԿԱԽԱՂԱՆ

Բացում ես ճաշացանկն ու տեսնում ճիշտ է, թանկ, բայց հետաքրքիր ու քիմք գրգռող ուտեստներ։ Մոտ տաս րոպե ծանր ու թեթև անելուց հետո ընտրում ես դրանցից մեկն ու կանչում մատուցողին։ Պարզվում է, որ կրակոցը շեղ էր, այսինքն, ուտեստը գոյություն ունի միայն թղթի վրա, այլ ոչ թե «Պիցցա դի Ռոմայի» խոհանոցում։ Առանձնապես չես տխրում, քանի որ ճաշացանկը հարուստ է ու բազմազան։

Սակայն ցավոք, այդ բազմազանությունը նույնպես թվացյալ է ու խաբուսիկ, քանի որ այդպես էլ մնում է թղթին պատկերված իդեա՝ առանց համապատսխան դրսևորման մատերիայի աշխարհում, այս պարագայում՝ «Պիցցա Դի Ռոմայի» խոհանոցում։ Քանի որ դժվար է ապրել զուտ իդեաներով, ապա փորձում ես գտնել այն շրջանը, որտեղ ճաշացանկում ամփոփված իրականությունը համընկնում է օբյեկտիվի հետ։ Արդյունքում բացահայտվում է, որ համընկնումն ընդամենը է շվեդական սեղանին դրված «երկրորդ թարմության» սալաթներ են, կոտլետ ու նմանատիպ այլ մսեր, մեկ էլ մի քանի ստանդարտ պիցցա, այսինքն, ճաշացանկի 60-70 տոկոսը միայն։ Մատուցողի հետ թեժ ու խճճված բանակցություններից հետո եզրահանգում ես, որ այս պարագայում չարյաց փոքրագույնը դա սովածությունն է, ու քանի որ շատ հոգնած ես, որոշում ես գոնե մի բաժակ հյութ խմել ու մի քիչ հանգստանալ։

Ավաղ... «Պիցցա Դի Ռոմայում» չկա ուրիշ գազավորված ըմպելիք բացի «Սիլ կոլայից»։ Պատճառը, իհարկե, ոչ հյութի որակն է և ոչ էլ դրա պահանջարկվածությունը։ Պատճառը հյութի «ծագումնաբանությունն» է, որ տանում է դեպի «Գռզո» բրենդը։ Ստացվում է, որ «Պիցցա Դի Ռոմայում» թքած ունեն, թե ի՞նչ է ցանականում հաճախորդը։ Այնտեղ անուղղակիորեն պարտադրում են. կամ օգտվիր «Գռզո» բրենդի արտադրանքից, կամ էլ մնա ծարավ։ Դե իսկ «Պիցցա Դի Ռոմայի» տարածքում գովազդվող Wi-Fi-ի տոտալ բացակայությունը ճաշացանկի ստերի արժանի լրացումն է։

«Սիլ կոլա» կոչվող հեղուկից խուսափելուց հետո գնում ես «Երևան Սիթի», որպեսզի ընկնես այլ բնույթի ծուղակ։

«Երևան Սիթին», ինչպես գիտենք բոլորս, զարդարված է աշխարհի ամնեաայլանդակ ու վանող գովազդներով, որոնց տեղադրողն առաջնորդվել է միմիայն «հնարավորինս շատ, հնարավորինս խայտաբղետ, հնարավորինս մեծ» կարգախոսով։ Արդյունքում 200 մետր շառավղով մերձակա ողջ տարածքը նմանվում է «Մալաթիա-Սեբաստիանին», ինչ, եթե կրկին անդրադառնանք «ծագումնաբանությանը», նույնպես զարմանալի չէ։

Ներսում իրավիճակն այլ է։ Անկեղծորեն, «Սիթիում» ամենինչ բավական գեղեցիկ է ու բարձրակարգ, ինչպես նաև էժան։ Ուղղակի կա մի տխրեցնող փաստ։ Այդ «ամենի» շուրջ 50 տոկոսը, ավելի ճիշտ «ամենի» այն մասը, որ հնարավոր է կեղծել կամ նմանակել, կեղծված է, ընդ որում նախանձելի հմտությամբ։ Դե իսկ սպասարկումն ու որակի մյուս կոմպոնենտները նույնպես չեն ուրախացնում։ Իսկ ի՞նչ կարելի է պահանջել աշխատողներից, որոնց վճարում են կոպեկներ, ընդ որում այն պարագայում, երբ «Սիթին» իր եկամտաբերությամբ կարող է մրցել ասենք «Apple»-ի հետ։ Ուղղակի «Սիթիում», ինչպես նաև «Դի Ռոմայում», աշխատում են հանուն մեկ ընդհանուր նպատակի. գերշահույթ։ Իսկ թե ի՞նչ ուղիներով է իրագործվելու այս խնդիրը՝ խաբեություն, հաճախորդների նկատմամբ արհամարհանք, աշխատակիցների կիսաֆեոդալական շահագործում, այնքան էլ կարևոր չէ։

Բարեբախտաբար, Հայաստանում այսօր արդեն կան տեղեր, որտեղ քեզ չեն պարտադրում խմել «Սիլ-կոլա», չեն սահմանափակում ընտրությունդ, չեն խաբում ու չեն վաճառում կեղծված արտադրանք։ Այսօր, փառք Աստծո, Հայաստանում կարելի է ուղղակի բոյկոտել «Գռզո» բրենդի պիցցաները, ինչպես նաև հրաժարվել գնել բարձրորակ տեխնիկական սպիրտ՝ «Աբսոլյուտի» գնով, կամ էլ, ասենք, ինչ-որ լուծույթ՝ ամանի լվացման բարձրակարգհեղուկի փոխարեն։

Սակայն, ցավոք, այսօր Հայաստանում չկա մի ճանապարհ, որ կբացառի երկրի հետագա տրանսֆորմացիան վերընշված սցենարով։ Ցավոք, այսօր Հայաստանում բազմազանություն ու ընտրելու հնարավորություն ասվածը սկսվում և վերջանում է միայն «պիցցայանոցների», սուպերմարկետների, և նմանատիպ այլ հաստատությունների դաշտում։ Քաղաքական իմաստով, երկիրը կանգնած է երկու ընտրության առջև, կամ բավարարվել նրանով, ինչ-որ ունենք, այսինքն մարդկային փոքր խմբի կողմից մնացյալ ժողովրդի հարստահարում կեղծիքի, շահագործման և «Երևան Սիթիին» բնորոշ այլ մեխանիզմներով, կամ էլ վերադառնալ 2008 թ. և «Սիթիի» մոդելը փոխարինել «Գռզո» բրենդով, ինչն իր հետ կբերի, ասենք, օրենք, որով «Սիլ-կոլան» չխմելը կհռչակվի ոչ իրավաչափ արարք։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենը ոչ հակագովազդ էր վերընշված հաստատություններին, և ոչ էլ ինչ-որ բողոք։ Այս գրառումը մի շատ տխուր փաստի դառը արձանագրումն էր։ Փաստ, որ հայ ազգը հայտնվել է փակուղում, որտեղից ելք, համենայնդեպս ես այս պահին չեմ տեսնում։ Չեմ տեսնում, որովհետև այն միակ այլընտրանքը, որ 2008 թ. առաջարկվեց հայ ժողովրդին, դա «Գռզոն» էր, իր լուսաճաճանչ սրբապսակով։ Մինչդեռ հասկանալու համար, թե ինչ էր իրականում սպասվելու հայ ժողովրդին 2008 թ. հետո, եթե ազգի օլիգարխիան փոխարինվեր «Գռզո» ամբոխով, պետք է ընդամենը մտնել «Պիցցա Դի Ռոմա», որտեղ ձեզ կառաջարկեն ընդամենը «Սիլ-կոլա»՝ այն էլ առանց ընտրության իրավունքի...

Հայկ
--

2 comments:

  1. Այլընտրանքի հնարավորությունը, ինչքան հասկացա մեծ չէ, կամ ավելին, չկա էլ։ Ափսոս, իհարկե, ափսոս հերթական անգամ, ափսոս հերթական օրվա, շաբաթվա, ամսվա, տարվա ու հետագա տարիների համար, հետո ինչ է մնում, ափսոս չապրած կյանքի ու մսխված կյանքի համար ....

    ReplyDelete
  2. Այլընտրանքի հնարավորությունը, ինչքան հասկացա մեծ չէ, կամ ավելին՝ չկա էլ։ Ափսոս, իհարկե, ափսոս հերթական անգամ, ափսոս հերթական օրվա, շաբաթվա, ամսվա, տարվա ու հետագա տարիների համար, հետո ի՞նչ է մնում, ափսոս չապրած կյանքի ու մսխված կյանքի համար ...

    ReplyDelete