Friday, March 18, 2011

Փարաքար-Թաիրովի պետական համալսարան

Վերջին մի քանի օրերը խառն էին, ինչպես և մյուս բոլորները :) Իրադարձություններ ու իրադրություններ, որոնք նոր էին իմ համար ու բավականին արագ։ Դրանք հայաստանյան իրականության մեջ արագ կողմնորոշվելու ու արագ որոշումներ ընդունելու հմտություններ էին պահանջում։ Հետո դուխը չգցելու, հետո ընկերների աջակցության, հետո մարդկանց հետ ավելի կոշտ ու հրամայական ու ինչն իմ համար զզվելի էր, արհամարհական, ուրիշին արհամարհելու չափ չհարգելու տոնով խոսելու, «ապե(ր)»-ով հաղորդակցվելու հմտություններ էին պահանջում։ Վերջինը առանձին փակցվածքի թեմա է, իսկ հիմա ուրիշ բանի մասին։

Նոր իրադրությունները նոր լուծումներ են պահանջում՝ պարտադիր չէ կրեատիվ ու նորարար ու հիմնավոր ու համակարգային ու անհրաժեշտ կերպով փաստարկված լուծումներ. այսինքն ոչ այնպիսի լուծումներ, ինչպիսիք պահանջում է այն, ինչ կարելի է «գիտական» կամ «գիտականորեն» ածականով կապակցություններում հանդիպել։ Պարզապես լուծումներ են պահանջում, որոնք պիտի շատ արագ կայացվեն ու պիտի համապատասխանեն տվյալի պահին իշխող տրամադրություններին, իրողություններին, չի բացառվում, հաշվի առնելով նաև հետևանքները։ Չնայած հետևանքների մասին մտածել արագության տակ հնարավոր չէ, եթե հատուկ ունակությունների չես տիրապետում, իսկ այդպիսի ունակությունները տարիներ շարունակ չես վարժեցրել, ասենք տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնում ։)

Բայց խոսքն այս դեպքում նման բարդ բաների մասին չէ, Հայաստանում առայժմ առևտուրն է իշխում, սեփական կանոններով, որոնք կարծում եմ համընդհանուր են՝ աշխատիր չխաբնվել՝ միակ հիմնական սկզբունքը գնորդի ու աշխատիր խաբել՝ վաճառողի համար։

Խաբելը խնդրում եմ բառացիորեն չհասկանալ, ավելի լայն, մոտավորապես այն, ինչ այսօր ամեն քայլափոխի հնչեցվում է որպես շուկայական հարաբերություններ։ Իսկ այդպիսի հարաբերությունները հասարակության, սոցիումի առօրյան կարգավորող բազմաթիվներից մեկն են ընդամենը, միգուցե և ամենից շատ կարևորվողը այսօրվա տիպի հասարակության մեջ։

Շուկայական հարաբերությունների մասին էլ չեմ ուզում խոսել, սա էլ ի դեպ, «ճանապարհին, ձեռքի հետ»։ Բայց շուկայական հարաբերությունները շավ ավելի մեծ մի առավելություն ունեն՝ դրանք համապատասխանում են հասարակական այսօրվա իրողություններին, ավելի շուտ՝ հասարակության այս տիպն է կառուցվում այդ հարաբերությունների գերակայության վրա: Հետևաբար, այն ոլորտ(ներ)ում, որտեղ այդ հարաբերությունները շատ ավելի լավ են հղկված, ոլորտ(ներ)ը շատ ավելի կենսունակ է ու համաքայլ ընթացքին:

Ինչու եմ այս ամենի մասին գրում. Փարաքարից պիտի շինանյութ գնեինք. տանը նախապես նստեցինք, որոշեցինք, գծեցինք ու հետո, մյուս առավոտ, ուղղվեցինք դեպի խանութ:

Երկու հիմնական առանձնահատկություն. խանութներում տեսականին կրկնվում էր, տեսականին թելադրում է գնորդի ճաշակը ու հարևան Թուրքիայում արտադրական հզորությունները: Ամեն դեպքում, չգտանք այն ինչ ուզում էինք, բայց հայկական հնարամտությունն օգնեց, մոգոնեցինք ինչպես մի քանի քայլով ստանալ այն, ինչ ուզում էինք:

Բայց սրա մասին էլ չէ: Ինձ գիտե՞ք ինչը զարմացրեց. կազմակերպումը կամ ավելի մոդայիկ՝ խանութի մենեջմենթը:

Նախ խանութում ներդրված էր այն, ինչ էլի «մոդայիկ» կոչվում է ՏՏ: Նստած էր մի աղջիկ, որը գիտեր օգտվել համակարգչից և ենթադրում եմ միայն մեկ ծրագրից՝ Cutting 2: Բայց դա չէ կարևորը, կարևորն այն է, որ խանութին հենց այդ ծրագիրը բավարար է ամբողջովին: Այսինքն՝ «այլ հավասար պայմանների դեպքում կազմակերպությունում ներդրված են նորարարական ՏՏ լուծումներ»:

Հետո. սպասարկումը շատ արագ էր, խորհրդատվական բազմաթիվ տարրերով, ինչ գնել, ինչու գնել, ինչքան գնել, ինչու սա գնել և ոչ թե այն: Մի պահ դժվարացանք, մոտեցավ մենեջերը, ով հայկական բիզնեսմենի դասական օրինակ էր արտաքինով. լավ սափրված, սև թանկարժեք կոշիկներով ու կաշվից բաճկոնով, ենթադրում եմ Hugo Boss ու ինչն ամենաբնորոշիչն էր՝ Nokia 6600-ով: Նա չգիտես ում զանգեց ու մեզ մեկ ուրիշը սկսեց խորհուրդներ տալ, թե ինչպես վարվել: Վերջում նաև հաշվեցին. դուրս եկավ այնպիսի մի գին, որը չեմ ասի էժան էր, բայց ամեն դեպքում մատչելի էր: IKEA-ն այլ հավասար պայմանների դեպքում գին/որակ հարաբերակցությամբ շատ-շատ ավելի մատչելի դուրս կգար, բայց մի մոռացեք որ երկրում ենք մենք:

Իրոք զարմացած, նույնիսկ ապշած ու մի քիչ էլ ապուշացած էի. Փարաքարն ավելի կոնստրուկտիվ, ՏՏ-ահեն, հաճախորդամետ, որակյալ, արագ, մատչելի է աշխատում, քան ասենք ԵՊՀ-ն:

Անընդհատ մտածում էի, ու դեռ շարունակում եմ մտածել. կկարողանա արդյոք երբևիցե ԵՊՀ-ն աշխատել այնպես, ինչպես Փարաքարը: Իսկ ինչու է հիմա այն շատ-շատ անգամներով զիջում Փարաքարին: Միգուցե շուկայական հարաբերությունները (լայն իմաստով) այսօր դեռ շատ են հեռու համալսարանից, միգուցե համալսարանը այսօր չի կարողանում տեղավորվել այս իրականության մեջ, միգուցե խնդիրներ ունի կազմակերպման ձևի ու որակի հետ, միգուցե աշխատակիցների հետ խնդիրներ ունի, միգուցե սեփական դերն ու նշանակությունը հասկանալու խնդիր ունի:

Չեմ ասի, որ Փարաքարն իր տեսակի մեջ շատ ավելի պարզ է, քան համալսարանը: Իհարկե, երկուսն էլ միջուկային կառավարվող ռեակցիաներ չեն, բայց դրանցից յուրաքանչյուրը բարդ է յուրովի: Բայց մեկը բավականին արդյունավետ ու շահութաբեր, մյուսը շահութաբերի մասով չեմ կարող ասել, բայց արդյունավետության առումով ոչ ուսանողամետ է, ոչ էլ դասախոսամետ: Չգիտեմ ինչամետ է ... :)

Ամեն դեպքում, պիտի որ լավ լինի ... երբ համալսարանի պահանջարկը ու համալսարանին ներկայացվող պահանջները նույնպիսին կլինեն, ինչպիսին Փարաքարի դեպքում է ու գոյատևելու ձգտումն էլ ի վերջո կստիպի մտածել արագ ու հնարամիտ ու այսօրվան ու ապագային ուղղված որոշումներ ընդունելու մասին ու ամենակարևորը՝ մրցակցելու:

Փարաքարն ինձ, ամեն դեպքում, այսօր շատ ավելի մրցունակ թվաց, քան մեկ այլ ոլորտ, որի հետ որպես հաճախորդ կամ որպես աշխատակից առնչվել եմ: Զարմանալի է, ապուշանալու չափ զարմանալի ...

Ուրբաթ իրիկուն, Մարատ

Հ.Գ. Չեմ կարծում, որ Փարաքարում աշխատակիցներին շատ էին վճարում, բայց հաճախորդը բավարարվածության զգացում ուներ, չնայած կլորիկ մի գումար էր (աշխատավարձի համեմատ կլորիկ) թողել Փարաքարում ։)
--

No comments:

Post a Comment