Saturday, February 5, 2011

Ո՞ւմ երկիրն է երկիր կամ «բռնակալությունդ բռնակալություն չէ (© Հ.Ք.)»

Հեռախոսը զանգեց, ավելի շուտ զարթուցիչը միացավ, պիտի որ առավոտյան ժամը 7.05-ը լինի. ինչու պիտի որ, հենց առավոտյան 7.05 է: Ատում եմ Sony Ericsson-ը, կյանքում էլ Sony Ericsson չեմ առնի ...

Արագ պիտի վեր կենալ ու լվացվել ու չսափրվել, ժամանակ չկա նման զիբիլ բաների համար, ամեն օր չկա, հետո հագնվել, Դավիթին արթնացնել պետք չէ, նա դեռ փոքր է, բայց Սոնային պետք է, Սոնան պիտի պարտեզ, ավելի շուտ KiGa գնա: Սոնան արթնացավ, արագ հագնվեց, բլբլաց ու բլբլաց, ինչ-որ տարօրինակ լեզվով, խառը լեզվով: Նա իր նախաճաշը վերցրեց, ես՝ նոթբուքս ... սկսվեց:

Օրը բացվեց, սովորական ու հասարակ ու պարզ ու հասարակ ու սովորական օր. Սոնայի հետ դուրս եկանք դեպի պարտեզ: Օրվա ամենապայծառ ու ամենալուսավոր րոպեներն են՝ մի քանի հարկ աստիճաններ ու հաջորդող մի քանի հարյուր մետրը պարտեզի ճանապարհին։ Սոնան սովորականի պես խոսում է ու խոսում, իր խառը լեզվով, ու պատմում ու պատմում ու ոչ մի րոպե կանգ չի առնում ու աջ ու ձախ է վազում, ինչ որ տերև պոկում, հետո ինչ որ ծառ ցույց տալիս հետո ինչ որ ծաղիկ հարևան թփի վրա։

Մտանք պարտեզ. ինչ-որ ծանոթ, բայց խորթ ժպիտ ու բառի առավոտի մաղթանք Սոնայի խառը լեզվով ու նույնքան ծանոթ ու նույնքան խորթ պատասխան իմ կողմից ու դեմքի նույն խորթ ու անիմաստ ժպտացող ժպիտով: Սոնան էլի իր վազվզոցի մեջ է. արագ փոխեց շորերը. խորթ է կարծես նրա համար, միգուցե, նա ամաչում է. չեմ հասկանում ումից կամ ինչից. հարազատ կամ ոչ հարազատը պիտի որ նրա համար ոչ այնքան ռելեվանտ լինի, չգիտեմ, միգուցե միայն ինձ է թվում. նա ինչ-որ քաշվում է շրջապատից. նա այստեղ արդեն Զունա է, ոչ Սոնա:

Սոնան մնաց պարտեզում՝ ես դեպի կանգառ. 7.38-ի ավտոբուսից կարծես թե ուշացա. մյուսը 7.45-ին է, միջքաղաքայինը։ Լիքն է, աշակերտներով լիքը, դպրոց են շտապում: Համալսարանը հեռու չէ, բայց երկու ավտոբուս է պետք փոխել, ամեն դեպքում, չեմ ուշանա. քաղաքապետարանում դրա մասին հոգ են տարել:

Ակադեմիական 15 րոպեն անցնում է առաջին սուրճի բաժակի հետ ու միայնակ, լսարանում, աչքս պրոֆի ճանապարհին ու ներքուստ հույսով, որ միգուցե չգա այսօր, զահլա չկա, լիքը բան կա կարդալու:

Հաջորդող 90 րոպեներն արագ անցան, պրոֆն անհայտացավ նույն արագությամբ, որով հայտնվել էր ու զարմացած, իր համար ոչ մի կերպ ընդունելի հարցադրմամբ, թե հերթական շաբաթն անցավ, իսկ շարադրանք դեռ չկա, միայն բանավոր քննարկում: Տարօրինակ մարդիկ են հայերը, խոսել ինչքան ուզեք, գրել ...

Մարդիկ զարմանալի չեն, անհատ մարդիկ զարմանալի չեն, զարմանալի է անհատների խումբը, որը երբեմն համալսարան են չգիտես ինչու անվանում ... Հայաստանում...

Գրադարանի պահարանը. սեփականաշնորհված պահարանում հազիվ խցկվում է ուսապարկը, լիքը գրքեր են. հերթը սուրճի երկրորդ բաժակինն է, այս անգամ արդեն շոկոլադով, ու մտորումներինը՝ ոչ կյանքի իմաստի մասին, ժամանակ չկա դրա համար. հետո նույնքան անիմաստ ու անտարբեր բարի առավոտի բարեմաղթանքների շղթան տարօրինակ հայացքով ինձ նայող գրադարանավարների հետ. ինչո՞ւ տարօրինակ հայացքով ...

Հերթական պատվերը, հերթական հոդվածը՝ էլի ռուսերենով, ինչու ռուսերենով, ես էլ չեմ հասկանում ... հերթական հոդվածն էլ վերջացավ, անպետք դուրս եկավ, ավելի շուտ ոչ պետքական։ Հետո մյուսը ... հետո ինչ որ դուրս գրված հատվածներ, հետո գերմաներեն, հետո գերմաներեն շարադրանքի մի քանի տող ... սուրճ ... մենզա ... հոդված ... սուրճ ... շոկոլադ ... սուրճ ... սուրճ ... գրադարանավարների երկրորդ հերթափոխի անիմաստ ժպիտով բարի երեկոյի մաղթանքը ... սուրճ ... ցտեսություն, մութ է, պահարան, միջանցքները սրբող ռուս հավաքարարուհու տարօրինակ հայացքը փակվող գրադարանից, ավտոբուս, էլի ավտոբուս, չորս հարկ աստիճան, Դավիթ, Սոնա, ընթրիք ... հեռախոսն էլի զանգեց ... ատում եմ Sony Ericsson-ը...

Իմա՞ստ ...

Հեռախոսը զանգեց, ավելի շուտ զարթուցիչը միացավ, 7.35 է. Samsung՝ միևնույն է, ոչ մի զգացում ... պիտի վեր կենալ, զահլա չկա, միտքն ավելի արթուն է, քան մարմինը. միտքը ողջ գիշեր աջ ու ձախ է շուռումուռ եկել իմաստի փնտրտուքում, ի՞նչ է փոխելու օրը ... իսկ փոխելո՞ւ է արդյոք ...ունա՞կ է արդյոք ...

Արթնանալու հերթը Դավիթինն է՝ այս անգամ արդեն դեպի պարտեզ, առանց աստիճանների ու մի քանի հարյուր մետր ավելի երկար, քան Սոնան։ Դավիթը չի թռվռում, նա ուրիշ է. շատ ուրիշ։

Րոպեները նույնքան պայծառ են։ Բարի լույսի մաղթանքներ, առանց ժպիտի, բայց նաև առանց պարտավորությունների ու ավելի թեթև ... Հետո ավտոբուս. առանց ժամ ու պատարագի, հետո ...

... ի՞նչ փոխեց օրը կամ ի՞նչ էր փոխելու օրը կամ փոխելո՞ւ էր որ ...

Իմա՞ստ ...

Ուրբաթ իրիկուն, Մարատ

Հ.Գ. Իսկ նկարները տարան Toshiba Tecra A2-ի հետ։(
--

4 comments:

  1. Hovhannisyan Mary04 March, 2011 13:35

    Համով էր շատ... :)

    ReplyDelete
  2. Samvl Karabekyan04 March, 2011 13:36

    Like-ը կարդալուց հետո էր ։) Շատ լավն էր՝ տրամադրություն ձևավորող, մտածելուն դրդող... Իմա՞ստ... Չգիտեմ...

    ReplyDelete
  3. 05.11.2011թ. - Բայրոյթը մի տեսակ կարոտեցի ։(

    ReplyDelete
  4. 29.10.2015թ. - Կարոտը որ չլիներ, ինչով էինք ապրելու։)

    ReplyDelete