Saturday, October 23, 2010

«Փարի արաքիլ» կամ Սերժեր թե սերժեր


Khatchadour Tankian - Bari Arakeel - Featuring Serj Tankian -- Հետաքրքիր օր ստացվեց, երբեք չէի սպասի որ գործով կգնամ տուն, թեև Լեննականն այնքան էլ տուն չէ, բայց համարյա թե տան պես մի բան։ Ու շատ լուրջ դեմքով։) Աշխարհ, աշխարհ, տունդ բլի աշխարհ։) Իսկ Լեննականը սիրուն քաղաք է, «մի փոքր ճիգ» (մեջբերում է) ու կարելի է ներկայանալի քաղաք ունենալ, քաղաք, որն իր պատմությունն ունի, պատմությունը, որը բացի մարդկանցից, նաև փողոցների ու տների մեջ է։ Ինչու են Լեննականն ուզում տեխնոքաղաքի վերածել, ու ասենք ոչ Վանաձորը, չեմ հասկանում։ Միգուցե թույլ եմ տրամաբանությունից, չեմ բացառում՝ համեմատ Ներսես Երիցյանի։ Ընդունում եմ, միգուցե։)

Սա նախաբանի փոխարեն. ինչու նախաբանի, որովհետև Լեննական գնում ես ու գալիս մոտ 120 րոպե ամեն ուղղությամբ, ու 240 րոպե ազատ ժամանակ ունես խոսելու ու մտածելու ու մեքենայի պատուհանից նայելու տեղ-տեղ բավականին արագ միմյանց հաջորդող  բնապատկերներին ու խորհելու՝ աջից ու ձախից ու վերևից ու ներքևից։
Իսկ Լեննականը սիրուն քաղաք է՝ պատմություն ունի։ Աշունն էլ մի կողմից՝ գունավոր իր ծառներով։
Սերժ Տանկյանն էլ իր «Փարի արաքիլով» ամեն ինչ մեկ անգամ խառնեց, տակնուվրա արեց, ավելի շուտ։ Ավելի շուտ նրա ֆենոմենը ու ֆենոմենի ընկալման ու գնահատման անհրաժեշտությունը։ Կիլիկիայի նման մի բան է նա։
Մի տարի կլինի երևի, շատ հետաքրքրի մի մարդու հետ հենց նրա ֆենոմենն էինք քննարկում, լրիվ ուրիշ թեմայից գալով, իհարկե։ Դասախոսության պես, սկսում ես մի թեմայից ու վերջացնում չգիտես որտեղ, նախադասության կեսից էլ միտքը մոռանում ես ու փորձում վերհիշել թե ինչի մասին էիր ուզում պատմել, ինչի համար սկսեցիր պատմել։)) Ես նվազագույնը երկու այդպիսի մարդու (պրոֆ-ների) եմ ճանաչում՝ ինձ չհաշված (ես պրոֆ. չեմ) ։) «Դագավին», հույս ունեմ։
Մտածում ես Վասպուրականցիներին կամ Արծրունիներին ինչու հանկարծ իրենց Վասպուրականը սկսեց «չդզել»։ Հիմա կարծես թե մենք միանշանակ հպարտ ենք այդ հանգամանքով։
Սերժի դեպքում էլ, Տանկյանի ու հպարտության մասին է խոսքը։ Մյուս սերժը (ուղղագրությունից թույլ չեմ) այսօր Լեննականից էլ հետ գալիս, ինչ մեքենաներ էին։ Ամբողջ ճանապարհին ոստիկաններ էին, ինչի համար, անհասկանալի էր, իրենք իրենց գլուխը որ չուտեն, ուտող չկա, խեղճ մարդկանց ինչի էին շարել ճանապարհի երկայնքով մեկ, թեև պարզ է, բայց տրամաբանական չէ ու անիմաստ։
Հ1-ով Աղթամարի Սբ. Խաչի ու խաչի մասին ռեպորտաժ էր, ոչինչ, քարոզչական ու գրագետ։ Ուրախացա, գրագիտության վրա։ Ամեն ինչ կորած չէ, Սերժի «արաքիլն» էլ յուրօրինակ տրամադրություն հաղորդեց։
Մեր մի տարի հնամենության գյալաջին գիտեք որտեղ ու երբ ավարտվեց՝ երբ հարց առաջադրվեց՝ իսկ մեր, հայաստանյան իրականությունը ինչ է ծնում՝ Սերժեր թե սերժեր։
Ցավոտ հարց է, դրան նաև «խոպանի ու պանդուխտի ու օտարության ու բախտ որոնելու ու Կիլիկիայի ու Արծրունիների ու Սփյուռքի ու Հայկական աշխարհի ու հացուկացի» կոնցեպտները միացրեք ու տեսեք, թե ինչ է ստացվում։
Ուրախանալ ու հպարտանալ, որ Սերժը «Փարի արաքիլ» է երգում, իսկ Ռուբեն Վարդանյանը Տաթևում ճոպանուղու փող է կպցրել, ու Ազնավուրը հայ է, ու հայ են շատ շատերը ու նրանց նայել սպառողի աչքերով, թե այլ ուղի փնտրել։
Լուծում չկա, ելքեր կան, ըստ ցանկության, ըստ հնարավորությունների, ըստ նախապատվության ու ի վերջո՝ ըստ ընտրության։
Մնում է կողմնորոշվել։

Շաբաթ իրիկուն, Մարատ

Հ.Գ. Իսկ Լեննականը սիրուն քաղաք է, կամք է պետք ու գորշ նյութ գանգատուփի մեջ ու ոչ ոստիկաններ ճանապարհին ու շաքարի այսպիսի գործարան։ Սերժը ուր սերժը ուր շաքարը ուր։
--

1 comment:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 17:50

    "...ելքեր կան, ըստ ցանկության, ըստ հնարավորությունների, ըստ նախապատվության ու ի վերջո՝ ըստ ընտրության։
    Մնում է կողմնորոշվել". Մարատ Յավրումյան

    ReplyDelete