Monday, October 4, 2010

Զգացե՛ք տարբերությունը...

Երկու շաբաթ է, ինչ վերադարձել եմ Բուխարայից։ Առհասարակ, երբ հայտնվում ես որևէ այլ երկրում, կամա թե ակամա ինքդ քեզ ընդգրկում ես համեմատությունների մեջ։ Առավել ևս, երբ հայտնվում ես այնպիսի մի երկրում, ինչպիսին Ուզբեկստանն է։ Խոստովանեմ՝ բացի միջնադարյան հնություններից այլ բան չէի սպասում այդ երկրից, որն ասոցիացվում է սովորաբար կոշտ ավտորիտար ռեժիմի և մարդկանց կյանքի համար դրանից բխող բոլոր հանրահայտ հետևանքների հետ։


Առաջին տպավորությունս, երբ իջանք ինքնաթիռից և ներս մտանք օդակայանի շենքը. կարծես ժամանակի մեքենայով հայտնվեի սովետական ժամանակներում՝ ստիպված եղա երկու օրինակից լրացնել մաքսային հայտարարագիր, որում մանրամասն պետք էր նկարագրել, թե ի՞նչ ես հետդ ներս բերում երկիր (ընդհուպ մինչև անձնական իրերը, բջջային հեռախոսը, գրպանի մանր տարադրամը)։
Մինչ այդ, մոտ երկու ժամ պետք է սպասեինք անձնագրային կետում, հետո սահմանային կետում, և եթե մեր հոգսերը չթեթևացներ մեզ դիմավորող գործընկերոջ «ծանոթը»՝ տեղի աշխատակիցը, այդպես էլ կլիներ։ Բայց ծանոթի «իշխանությունը» սահմանափակվում էր միայն սահմանային անցակետով, և իրերը ստանալուց հետո, մեր ճամպրուկները ոչ միայն «ճառագայթվեցին», այլ նաև ենթարկվեցին «առձեռն զննման»։ Ճիշտ է՝ քանի որ մենք տեղացի չէինք, բավական մեղմ։ Բայց ի՜նչ էր կատարվում իրենց երկիր վերադարձող Ուզբեկստանի քաղաքացիների հետ՝ լուռ ու հնազանդ նրանք դատապարտված հայացքներով հետևում էին թե ինչպես է անխնա շուռ տրվում իրենց իրերի պարունակությունը... Ինչպիսի՜ նվաստացված տեսք ունեին...
Մենք դուրս եկանք օդակայանից, և ես հանկարծ՝ առաջին անգամ վերջին տարիների ընթացքում մտածեցի, որ մենք շատ հեռուն ենք գնացել՝ միևնույն ժամանակ ենթագիտակցորեն հասկանալով, որ հազիվ թե դա մեր ջանքերի շնորհիվ է տեղի ունեցել՝ բախտներս բերել է, որ մենք ԵԽ անդամ ենք և պարտադրված ենք (որպես կանոն՝ իշխանության կամքին հակառակ) կատարելու որոշ փոփոխություններ որոշ ոլորտներում։
Ուզբեկստանցիների բախտը այդ առումով իհարկե չի բերել՝ նրանցից եթե ինչ-որ բան և պահանջում են, ապա հաշվի նստելով իրողությունների հետ՝ ինչ էլ անեն՝ լավ է, հո չէի՞ն պարտավորվել, հո ամեն քայլափոխին եվրոպական արժեքներին համապատասխանելու ճանապարհին անշեղորեն հավատարիմ մնալու մասին կուրծք չեն ծեծում։
Այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը. ինչ քայլ էլ արվում է դեպի ժամանակակից պահանջների կատարում, անմիջապես դրական արձագանք է առաջացնում թե՛ դրսում (Արևմուտքում), թե՛ ներսում (հասարակության մեջ)։ Ահա Քարիմովը վերացրել է մահապատիժը (հաճելի անակնկալ և բացարձակապես բարի կամքի դրսևորում՝ չէր պարտավորվել)։
Ճիշտ է իրեն քննադատել չի կարելի, իսկ 1917 թ.-ից լույս ընծայվող Правда Востока թերթում հոդվածների ոճը չի փոխվել դեռ այն ժամանակներից, երբ նույն Քարիմովը ոչ թե նախագահ, այլ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր (իմ կարդացած համարում մի բանվորի անունից հոդված էր տպագրվել այն մասին, թե ինչպես իրենց գործարանի կոլեկտիվը մինչև վերջին մարդը հպարտությամբ հետևում էր Քարիմովի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում արտահասած ճառին և ոգևորվում այն միահամուռ հավանությամբ և բուռն ընդունելությամբ, որ ճառն ունեցավ մասնակիցների մոտ), բայց մեր գործընկերներ-պատմաբանները գոհունակությամբ պատմում էին, որ գաղափարախոսական ճնշումը և հսկողությունը նկատելիորեն թուլանում է (չէ՞ որ կարող էր և չթուլացվել՝ ի՞նչ է, պարտավորե՞լ էին)։ Եվ այսպես շարունակ...
Սպասելիքներ, ակնկալիքներ առանձնապես չկան, բայց առաջընթաց (թող և փոքր) կա, և մարդիկ հույսով են լցվում, և մարդկանց աչքերում դրական շարժի լույս կա ու առաջ նայելու ցանկություն։ Նրանք չեն ուզում նմանվել Եվրոպային կամ Ռուսաստանին, նրանք պարզապես ուզում են գնալով ավելի լավ ու ավելի ազատ ապրեն, և որն ամենակարևորն է՝ տեսնում են այդ հնարավորությունը, որովհետև առաջընթաց են զգում (մուտքի-ելքի այդ ռեժիմն էլ երկար չի դիմանա՝ խանգարում է արտասահմանյան տուրիստների ներհոսքի ավելացմանը)։
Իսկ ի՛մ երկրում, որտեղ ճանապարհը ինքնաթիռից դեպի օդակայանի ելքը ընդամենը 15-20 րոպե է տևում, ես հետընթաց եմ զգում...
...Զգացե՛ք տարբերությունը։

Ս.Կարաբեկյան, Շաբաթ իրիկուն
--

No comments:

Post a Comment