Saturday, October 2, 2010

Ումի՞ց, երևի ինքն իրենի՞ց

Զգում եմ, որ գրելու բան չունեմ, բայց չգիտես ինչու գրել եմ ուզում։ Ահա թե ինչու կստացվի այն, ինչ կստացվի, եթե, իհարկե, ինչ-որ բան ստացվի։ Դատարկության զգացումը, կարծում եմ շատերին է ծանոթ, թե՛ գլխում, թե՛ հոգում, թե՛ ստամոքսում։ Հոգնածություն էլ և՛ կա, և՛ չկա, ծույլ հոգնածություն։ Վերա-ն կարծում եմ տեղին նախածանց է այստեղ՝ իրավիճակ, իմաստ, առաջնայնություններ, ցանկություններ, արժեքներ, հեռանկարներ։
Ոգևորությունը, խանդավառությունը և կամ հիասթափությունը, հուսալքվածությունը, թևաթափությունը, անելանելիությունը օգնում են, շատ են օգնում կողմնորոշվել, ուղղություն պարտադրում, հուշում, թելադրում։ Այս ամենի բացակայությունը, ավելի շուտ չափավորված մասնաբաժինները պիտի որ այդքան ցանկալի ոսկե միջինը լինեին, բայց ինչ որ ոսկին շատ հրապուրիչ չէ, միջինի մասին էլ չեմ ասում։ Միջինը կամ բավարարը այն նիշը կամ սահմանն է, որի նկատմամբ եթե ոչ վախի, ապա չգիտեմ ինչ զգացում եմ միշտ ունեցել, հեռու միջինից։ Արծաթյա զարդերը շատ են գեղեցիկ, նկատած կլինեք, սևի հետ «սիրուն», ոչ գեղեցիկ, այլ հենց սիրուն խաղ է ստացվում՝ փայլեցված ու խավ տարբերակներով։ Ոսկին ինչ որ շատ դեղին է։ Թանկարժեք կամ կիսաթանկարժեք, բայց այլ մետաղ է այն ու աշխատանքի այլ հնարավորություններ։
Երևի ժամանակահատվածը, կամ իրականությունը կամ, ավելի շուտ, էությունն է այնպիսին, որ անընդհատ ստիպում է մտածել կամ ինչ նման է մտածելուն՝ իրերի ու իրադարձությունների այս կամ այն դրության ու նշանակությունների, ավելի շուտ իմաստի, նպատակադրության մասին։ Շատ են, հիմնականում այդպիսիք են նախորդ բոլոր գրառումները, երևի առանց բացառության։ Փնտրտուքի մեջ՝ ամեն ինչի ու ամենուրեք։ Փնտրտուքն անիմաստ վազքի չվերածելու ցանկություն կա այդ ամենում, իմաստավորված ու ինչ-որ մի շատ թե քիչ կայուն կամ կայունություն հիշեցնող ուղղության հաղորդելու ցանկություն կա այդ ամենին։
Ընդհատության կամ անընդհատության մասին բազմիցս՝ հաճախ գյալաջիներում՝ արաբագիտական ու լեզվաբանական։ Ինչ-որ մի պահի այն գյալաջիից տեղափոխվում է անմիջական շրջապատ ու իրականություն ու անկախ քեզանից ստիպում ժամանակը չափել իր չափումներով։ Իհարկե, մի քանի հնգամյակը չնչին հատված է նման կատեգորիաների համար, բայց թե իրադարձություններն էլ են աննշան ու ինչ-որ առումով ճղճիմ, պարզ, աննշան։ Ամեն դեպքում, մեկն արժե մյուսին։
Սկսում ես մտածել կարևոր ինչ-որ մի բան անելու մասին. «բան»-երը հիմա նախագիծ, պրոյեկտ են։ Նման նախագծեր, գիտակից հնգամյակներում, բազմաթիվ են ու տարբեր տևողություններով, հիմնականում բարեհաջող ավարտներով։ Միակ «լուրջ ձախողումը» Ֆրանսիական համալսարանի Կառավարման ֆակուլտետում 2 կիսամյակ տևած ուսումնառությունն էր, անավարտ ուսումնառությունը։ Չգիտես ինչու վերջերս շատ եմ հիշում 2 այդ կիսամյակների մասին, թեև հենց սկզբից էլ գիտեի, որ արկածախնդրության նման մի բան է լինելու այդ ձեռնարկը։
Նախագծեր, նոր նախագծեր ձեռնարկել. հետաքրքիր է դա, նոր խաղալիքի ու բարդ, երբեմն շատ բարդ, բայց ոչ անլուծելի բարդ խաղալիքի պես, որի հետ դեռ պիտի սովորել խաղալ։ Իսկ ռուբիկ-կուբիկ այդպես էլ հավաքել չկարողացա (առավելագույն արդյունքը՝ 2-3 գույն), իսկ սովորել էլ չուզեցի։ Ինքնակրթությունն արկած է, առանց իրական առագաստանավի ու առանց իրական քամու ու առանց իրական ալիքների իսկական նավարկություն։ Ահա այդպիսին է ամեն մի ձեռնարկը։
Իհարկե, դժվար է, իսկ ինքնափնթփնթալ ու ինքնադժգոհել, աստված տվել չի խնայել, բայց ԻՆՔՆԱ- ։) Դա անբաժանելի մասն է, աշխատանքի այն մասը, որը սեփական լարքերն («նաստրոյկեքը») է թույլ տալիս կարգավորել, ճշգրտել ու տեղում չմնալ։ Չնայած մի «վատ» հատված կա այդ ինքնակրթության մեջ՝ սոցիալականության պակաս՝ դու ես, գրքերը ու էլի դու։ Բայց մի լավ կողմ էլ կա, ներքին անկախության ու ազատության զգացումը։ Կարդում ես երբ ու ինչ դիրքում ուզում ես, կարևորը վերջնարդյունքն է՝ պատրաստի ապրանքի՝ հոգևոր, նյութական տեսքով։ Ահա թե ինչու եմ սիրում համալսարանը։ Նկատել եք, ինչքան սիրուն է ԵՊՀ-ի շենքը, մի պահ անկողմնակալ նայեք, Չարենցի ու Օղակաձև զբոսայգու Գետառի հատվածում երևանյան հայվեյները հանեք, ու նայեք։ Հիանալի կամպուս է Երևանի այդ հատվածը, պիտի պարզապես փակել մեքենաների համար ու իրական տեխնոքաղաք սարքել՝ մինչև Պոլիտեխնիկ ու Մատենադարան, Ժող-ով, Բժշկականով, Հանրայինով, Սև շենքով, Պոլիկլինակներով՝ որպես Համալսարանական պոլիկլինակներ։ Այ դա կլիներ պատմության ու սերունդների ու տարիների ու գործի ժառանգականություն ու անընդհատություն։
Մեկ-մեկ զարմանում եմ ինքս ինձ վրա, ես փորձում եմ փախչել իմ արմատներից, ավելի շուտ արմատները չափում եմ երևանյան ու հեռուստատեսային ու գրքային ու ինտերնետային իրականություններով։ Ցավոք, այս ամենում մարդը, անհատը շատ քիչ է՝ քաղաք ու վիրտուալ աշխարհ։
Գիտեք ինչն է վատ, հնարավորությունների անսահմանության գիտակցումը. ինչ ուզում ես արա, միայն արա, ոչինչ, գրեթե ոչինչ չի խանգարում ու խոչընդոտում, անգամ Հայաստանում։ Չեմ ասում, որ դժվար չէ կամ Հայաստան կարելի է հենց վաղը բենզին ներկրել, ելք կարելի է միշտ էլ գտնել։ Իհարկե այն չի լինի այնպիսին, ինչպիսին ծրագրում էիր, չնայած երբեմն գերազանցում է անգամ ծրագրվածը, բայց միշտ էլ կարելի է մի բան անել։
Ինչի համար եմ գրում այս. վերջերս մեկը շատ տեղին նկատեց, թե որտեղից հիասթափությունները՝ հնարավորությունները ոչ ճիշտ կամ ոչ տեղին գնահատելուց։ Ժողովուրդն ավելի պարզ, բայց ոչ պակաս իմաստուն է ասում՝ «Ոտքը յորղանի գյորա»։ Սա, իհարկե, չի ասում որ յորղանն ու ոտքը աճելու հնարավորություն չունեն, բայց համամասնությունը ներդաշնակություն է ենթադրում։ Վերջին դեպքում Աստուծուց կրակ էլ պետք չէ։
Ինչի համար եմ գրում սա. ինչ-որ մի պահի պիտի գալ սեփական արմատներին, սկսել խնամել սեփական արմատները, չես ճյուղավորվի հակառակ դեպքում։ Ճյուղերը մեկ-մեկ կտրում են, բայց թե արմատի զորությունն ուրիշ է։
Մտածում էի Անիում նամազ էին անում, իսկ ժամանակակից աշխարհը փակ սահմաններ չունի, Ախուրյանի մեր ափից կարելի էր նույնիսկ «ռագադկաներով» մինչև Մայր տաճար քարեր շպրտել, Ախուրյանի մյուս ափին մեր հայհոյանքը կլսեին անգամ, իսկ Եվրոնյուզի կամերաները Ախուրյանի մյուս ափին հայ երիտասարդներ, գիտակից ու երկրի ապագայի պատասխանատվությունը կրելուն պատրաստ երիտասարդների շարքեր կֆիքսեին։
Իսկ մենք ի՞նչ էինք անում, ես՝ գյալաջի պատմականության մասին պատմական այդ պահին։ Ունեմ ես արմատներ, թե չունեմ։ Թող էլի նամազ անեն, բայց Անիում ինչքան գիտեմ մզկիթ էլ կա, իսկ գնացքից առջևից հերթական անգամ վազել պետք չէ, համբերությունը, բայց ոչ ծույլ, գործուն համբերությունը լավ գործիք է։
Լավ, ես դեռ թքած (չնայած, իհարկե, ոչ թքած), ես պասիվ երիտասարդ եմ, որն իր արմատները չի տեսնում, իրեն երկրի ու պետության ու ազգի մի մաս չի զգում, իսկ օրհնված Միասինը, եռագույն Բազեները, ջահակիր Աղբալյականները, դրոշակակիր ու թռուցիկներ ցրող Հատուկ գունդը ո՞ւր էին, թե սա Սևանում ու Ծաղկաձոր օրական երեք անգամ ռեժիմով խժռել կամ Երևանի փողոցներում քայլել կամ տարին մեկ անգամ հիտլերյուգենդություն անել չէ՝ դեռ «ռագադկա» սարքել է պետք, իսկ շեֆը, պապին, պարոնայք ընկերները վերջից չեն կարգադրել։
Հայրենասիրության, ազգայնականության մասին չէ, հայրենիքը կարելի է չսիրել, պետությունը հարգել պետք է։ Տվյալ ազգին կարելի է պատկան չլինել ու չզգալ, չգիտակցել պատկան լինելը ու մարդաբանական հատկանիշներն էլ չկրել, մարդ մնալն ավելի տեղին է։ Բայց արժե արդյոք տեղի տալ։
Չնայած տեղի տալն էլ է հարաբերական, Եվրոնյուզով մի ամբողջ օր 1-1,5 րոպեանոց ռեպորտաժն այս պահին ավելի ազդեցիկ է ու ընդդեմ այդ նամազի, քան Հայաստանի երրորդ Հանրապետության Արտգործնախարարությունն ու Սփյուռքի նախարարությունը ու հայկական բոլոր հեռուստաալիքներն ու բոլոր փորձագետների մամուլի ասուլիսները միասին վերցված։ Եվրոնյուզի թուրքերեն տարբերակի դեմ պետք է ինչ-որ մի բան անել, որովհետև Եվրոնյուզի գերմաներեն, անգլերեն ու ռուսերեն տարբերակներում նույն ռեպորտաժի միայն պատկերային մասն էր նույնական, մեկնաբանություններն ու ձևակերպումները տարբեր էին շեշտադրումներում, կպնդեմ նույնիսկ, որ էականորեն տարբեր միմյանցից։
Ինչի համար եմ գրում այս ամենը. բանալ է, բայց ոչ անկարևոր՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունն առայժմ միայն ՄԱՐԴ ունի, ուրիշ ոչինչ, անգամ զբոսաշրջություն ու պղինձ ու Ջերմուկ չունի։ Քիչ ու սակավ մարդ ունի միայն։ Պիտի խնամել այդ ռեսուրսը, չփորձել «դալբիտ» անել և ստրուկի ու թագավորի խնամածության ու ողորմածության տակ ապրող զանգվածի վերածել այդ ռեսուրսը։ Պարզապես չպիտի ոչինչ անել, պարզապես այդ մարդկանց ազատ թողնել է պետք։
Չնայած ումի՞ց ազատ, երևի ինքն իրենի՞ց։

Շաբաթ իրիկուն, Մարատ

Հ.Գ. Հեռավորությունը նկատեցի՞ք։
--

2 comments:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 17:51

    "...Հայաստանի երրորդ Հանրապետությունն առայժմ միայն ՄԱՐԴ ունի, ուրիշ ոչինչ, անգամ զբոսաշրջություն ու պղինձ ու Ջերմուկ չունի։ Քիչ ու սակավ մարդ ունի միայն։ Պիտի խնամել այդ ռեսուրսը, չփորձել «դալբիտ» անել և ստրուկի ու թագավորի խնամածության ու ողորմածության տակ ապրող զանգվածի վերածել այդ ռեսուրսը։ Պարզապես չպիտի ոչինչ անել, պարզապես այդ մարդկանց ազատ թողնել է պետք". Մարատ Յավրումյան։ Անվերապահորեն միանում եմ։ Կա՞ն այլ կարծիքներ։

    ReplyDelete
  2. Marat Yavrumyan04 March, 2011 17:52

    Ս.Բ., էսօր (դեկտեմբերի 22) փոշմանեցի. մենք նույնիսկ մարդ չունենք, եթե անգամ էլ ունենք, ապա այնքան ցրված ու հեռու ու անկախ են միմյանցից, որ ընդհանուր կշիռ չունեն ։(

    ReplyDelete