Tuesday, September 21, 2010

Անկախություն պետք չէ, եթե բլոտ չես սիրում, չես թքում ու մեքենա էլ չունես

Երեկ նայում էի Գագիկ Հարությունյանի հետ հարցազրույցը «Արմենիա»-ով, անկախության 19-ամյակի շուրջ, լրագրողը, ով վարում էր հարցազրույցը դեբիլոտ էր, Հարությունյանը վերջինիս ֆոնի վրա ու ոչ միայն, ավելի ընկալելի էր։ Լրագրողն ամեն կերպ փորձում էր խոսք քաշել, մոտավորապես, թե «ոնց է, որ իշխանությունները գալիս գնում են, Դուք մնում եք»։ Գ.Հարությունյանը, իհարկե, բացատրեց, որ երկիրը, պետությունը, իշխանությունից տարբեր է, բայց լրագրողն էլի իր անպատասխան հարցով մնաց, մարդ, որն այդպես էլ չկարողացավ հարցազրույցի ընթացքի, համատեքստի, միջավայրի ու բովանդակության մեջ մտնել։ Լրագրողի շատակերության կամ բախտավորության մասին դատել չեմ կարող, բայց որ բթոտ էր, հաստատ, թեև չաղ էլ չէր։)

90-ականները ես լավ չեմ հիշում, թեև պիտի որ հիշեի, ինչ որ աղոտ խոսակցություններ տանը, մեծերի միջև, հետո անկախության, հռչակագրի մասին հաստատ բան չեմ հիշում, հետո ինչ մյուսները ցուրտ ու մութ տարիներ են անվանում, թեև Ղուկասյանում միայն դրսում էր ցուրտ, իսկ տանը մութ համարյա չէր։ Հետո Ղարաբաղ ու ամեն կերպ Ղարաբաղ գնալուց խուսափող երիտասարդներ, հետո հայրս, Ղարաբաղում։ Հետո «ալան-թալանն» եմ հիշում՝ դեպի Թուրքիա գնացող պնղձով բարձած բեռնատարների ու արագ հայտնվող Վոլգաների ու Մերսեդեսների (հայերեն՝ շիսոտ) տեսքով։ Հետո մաքսատունը՝ սահմանի վրա, ու շատ ավելի արագ տեմպերով հարստացող երևանցիներ։ Հետո 1995թ.՝ Երևան, ու այլ՝ գաղութա-քրեականին ամեն կերպ նմանակվել ու ապրել ցանկացող ուսանողություն՝ մինչև 2003թ.։ Հետո ամեն ինչ մի քանի տարով փոխվեց, հետո ամեն ինչ սկսվեց նորից։ Ահա սրանք են այն իրադարձությունները, որոնք 19 տարով ու շատ հպարտ չափում են շատ շատերը։
Պարբերությունը, իհարկե, միայն սոցիալական ժամանակագրություն է, ուրիշ ոչինչ։ Գնահատակններից հեռու եմ ես, թեև դեմ չեմ լինի քաղաքական ու պատմական գնահատականներ լսել այս ամենի վերաբերյալ։ Հիմա, երբ մտածում եմ, իհարկե, տարիքն այն չէր, ինքն իրեն ինչ-որ իրադարձությունում ներգրավված, մասնիկ զգալու, գիտակցելու համար։ Թեև հիմա տարիքը կարծես թե այն է, իսկ գիտակցությունը, միևնույն է, չկա։ Չեմ նվնվում ու չեմ բողոքում, տեքստը այս դիտակետով կարդալ պետք չէ, չնայած այն կարող է հենց այդպիսին թվալ։
Գ.Հարությունյանը, այն ինչ հիմա ունենք հասարակական տրամադրություններում՝ դժգոհություն, լևոնականություն, սերժա-քոչարյականություն, օլիգարխներ, գաղութա-քրեական ինչ-որ շերտ, որը 1995-ում է մնացել, բացատրում էր արժեհամակարգի կտրուկ փոփոխությամբ, ավելի շուտ փլուզմամբ կամ բեկմամբ։ Մոտավորապես՝ ժամանակն ավելի արագ է, քան հասարակական գիտակցությունն է հասցնում ընկալել ու իմաստավորել այն։ Լոտմանը խարույկների վրա այրվող մարդկանց առատությունը Եվրոպայում նույն տրամաբանությամբ էր բացատրում՝ հասարակական վախով հասարակական շարժի արագությամբ։ Միգուցե ... այդ դեպքում մենք պատմական այնպիսի մի շրջանում ենք ապրում, որում ապրել կերազեր ցանկացած մեկը, ով երազում է ինչ-որ կարևոր մի բանում ընդգրկված լինել ու կյանքն իզուր չապրել։ Բայց գիտակցում ենք մենք այս պատասխանատվությունն ու արդյոք շարժվում ենք մենք այդ պատասխանատվության զգացումով։
Գ.Հարությունյանին մի կողմ թողնենք, մի կողմ թողնենք նաև շատ մեծ հնչողությամբ բառերը, որոնք դեռևս բառային հնչողության մակարդակում են՝ պատասխանատվություն, հասարակական գիտակցություն, անկախություն, պետականություն, պետություն։ Իհարկե, այս բառերը ներքևում դեռ շատ եք կարդալու, բայց դրանց բովանդակությունը (ոչ իմաստը) հենց ընթացքում է գալու։
Երիտասարդների մասին կարծրատիպերն այսպիսիք են՝ աշխույժ, շարժուն, եռանդուն, ավյունով, անընդհատ ինչ որ ընթացքների մեջ, մեկը, ով ընդհանրապես չի հոգնում ու գնում է ու գնում։ Ճանաչում ենք մենք արդյոք մեր շրջապատում այդպիսի երիտասարդների, որոնց ընթացքը գործի, նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծելու, զրոյից ստեղծելու՝ արարելու և ոչ սպառելու, ոչ դիզելու, ոչ կուտակելու, ոչ դատարկաբանելու մեջ է։ Չնայած վերջին թվարկվածները նույնպես արժեքներ են։
Ինչ ենք ուզում մենք, ի վերջո՝ մեզանից ու մյուսներից։ Տոները միայն մտորելու առիթներ են՝ 24 ժամ տևողությամբ։ Պետք չէ դրանք, ասենք, հանրային հեռուստատեսությամբ արհեստականորեն երկարաձգել ու նույնքան արհեստականորեն ու ոչ պրոֆեսիոնալ փառավորել։ Կարելի է իհարկե փառավորել, բայց այնպես, որ գոնե չզռռա արհեստականությունը։
Իհարկե, անկախությունը, որն այս դեպքում պիտի որ ազատության հոմանիշ լինի՝ նաև մարդկային ազատության, ոչ-ոք չի նսեմացնում, չի հեգնում, կասկածի տակ չի առնում։ Պարզապես այլ մոդուս է փորձում տեսնել՝ բացի 15 րոպե կամ ավելի քիչ տևողությամբ հրավառությունից ու տանկերի շարասյունից ու նախագահի անունից տրվող ճաշկերույթից կամ ընդունելությունից ու հեռուստատեսությամբ լուրջ դեմքով հիմնականում մեծ-մեծ խոսելուց։ Դրանք պիտի ածանցյալ լինեն ասենք իմ երեխաների հետ սեպտեմբերի 21-ին փողոցում քայլելուց ու տոնելուց՝ ասենք քաղաքային մի պարկում, որտեղ կարելի է նստել կանաչների վրա, իսկ շրջապատում փողոցներ չեն, քաղաքային պարկն էլ տնից ասենք 150 կմ հեռավորության վրա չէ։ Ու այդպիսի ընտանիքները շատ կլինեն՝ պարկը նախընտրելով «նաբերեժնիի» ռեստորաններից (ի դեպ, ես դրանք միայն վերջերս տեսա, ինձ թվաց մեկ այլ Հայաստան ևս կա ու փակ Հայաստան)։
Գիտակցելը, իմաստավորելը, իհարկե բարդ է, երաշխիք էլ չկա, որ այդ իմաստավորումը այն է, ինչը հետո պատմության, երեխաների, թոռների ու սերունդների գովասանքին կարժանանա ու նրանց համար ինչ որ հեռանկար ու երաշխիք կառաջարկի։ Արդյոք մենք անկախությանը ճիշտ այսպիսի հնարավորության ենք նայում՝ որպես երեխաներին ապագայի ու հեռանկարի երաշխիք երաշխավորելու հնարավորության։ Մենքը ես եմ, դուք, երրորդը։
Հասարակությունն ու պետությունը երբեմն իրար փոխկապակցված ու փոխպայմանավորող են գնահատում։ Միգուցե, բայց պետությունն այլ գործիք է, այն հիանալի գործիք է՝ հմուտ ու ազնիվ ձեռքում, մաքուր ձեոքերում։ Ժամանակները հիմա այլ են, պետություն-գործիքը հիմա նույն դերում է, ինչ ասենք գրամեքենան ու ինտերնետին միացված համակարգչի միջև տարբերությունը, համեմատությամբ թղթի, մագաղաթի, թաց կավի կամ կարծր քարի՝ առաջադրվող խնդիրները ընկալելու, նման խնդիրներ վեր հանելու, լուծման ուղիներ առաջարկելու ու իրականացնելու համար։ Տարբերությունը, ամեն ինչից զատ, ժամանակը շատ ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորության մեջ է։ Արդյոք անկախության ու անկախ պետություն, ազատ հասարակություն կառուցելու հնարավորությունը մենք գործիք ենք ընկալում, բայց ոչ գրամեքենա։
Շատերի, մյուսների անունից չեմ ուզում խոսել։ Արդյոք մենք այսօր ինչ-որ հեռանկար կառուցելու հեռանկար ենք տեսնում մեր տանը, շենքում, բակում, աշխատավայրում, բնակավայրում, հասարակության ու պետության մեջ։ Իհարկե, մենք ինքներս պիտի փոխենք կամ չփոխենք այն, ինչի մասին գրում եմ, երբեմն անիմաստ գրում։
Մտածում եք բակում հե՞շտ է փոխել, հեշտ է, եթե կա ում հետ։ Բակը ես փոխում էի 2007-ին, ինքս, սեփական նախաձեռնությամբ, բոլորը վախեցած հարցնում էին, թե արդյոք նոր տեղափոխված այս ընտանիքը աչք չի դրել կանաչ հիշեցնող աղբային այդ հատվածի վրա ու ավտոտնակ չի կառուցելու այդ հատվածում։ Բայց երբ հասկացան, որ ուզում է այդ հատվածը մաքրել աղբից ու ուզում է կանաչ տեսնել այն, բակը նախ զարմացավ, հետո չպատկերացրեց, որ տղամարդը կարող է սեփական նախաձեռնությամբ հող փորել, հետո միանգամից 4-5 «պրարաբներ» հայտնվեցին ու փորձեցին ղեկավարել միանձնյա աշխատանքը, ու հետո բակը ծիծաղեց ու վերջում ես էլ չուզեցա իմ երեխաների համար բակ կանաչազարդել, որովհետև նույն այդ բակում իմ երեխաները պիտի բակ կանաչազարդողի երեխաների համբավ ունենային՝ այսինքն ես իմ ձեռքով, ավելի շուտ բահով ոչ միայն հող էի փորում, այլ բակի գաղութային տրամաբանությամբ այլ աչքով նայվելու հնարավորություն էի փորում իմ երեխաների համար։ Աբսուրդային մի վիճակ, երբ երեխաների համարը վերածվում է ընդդեմ երեխաների, հիմա չգիտես, ով է ոչ ադեկվատ՝ բակը, թե դու ինքդ, թե երկուսով՝ նրանք 1995-ում են, դու՝ 2007-ում։
Բայց բակը փոխվեց, որովհետը պիտի ընտրվեր Գ.Բեգլարյանը ու մեր բակում այդ ամենը համակարգում էր Միշոն, ով գաղութային մտածելակերպով չինովնիկ է, իսկ բակի 1995-ից այս կողմ չեկած բնակիչները հարգում են նրան ու վախում ծիծաղել ու բակում լիքը «թուլեք» կամ «քյոռփեք» կան, իսկ Բեգլարյան պիտի անպայման ընտրվի, որովհետև նա բակի համար պետբյուջեից՝ իմ ու ձեր աշխատավարձերից ձևավորվող պետբյուջեից փող էր պոկել նախընտրական այդ շրջանում։ Բակը, իհարկե, կանաչ է հիմա, բայց բլոտ խաղալու համար՝ ոչ երեխաների ու կրկին աղբի մեջ՝ 1995-ից այս կողմ գալը չգիտես ինչու չի ստացվում շատերի մոտ։ Հերթական մաքուր բակին կարելի է սպասել Բեգլարյանի հերթական ընտրություններից առաջ։ Բակն իրականում ոչ ոքի պետք չէ, եթե բլոտ չես սիրում, չես թքում ու մեքենա էլ չունես։ Մեր պետությունը մեեեեեեծ բակ է, կառավարման, ղեկավարման մեխանիզմները էականորեն տարբեր չեն մեկ բակում գործողներից։
Նման բակը քեզ ու քո ընտանիքի համար ֆունկցիոնալ ոչ մի բեռնվածք չունի, պիտանի չէ ոչնչի համար, որովհետև դու ինքդ Բեգլարյանի կարիքը չունես բակը կանաչ պահելու համար, իսկ բակը քեզ հնարավորություն չի տալիս այն կանաչ ու երեխաների համար պահելու։
Ի՞նչ անել այս դեպքում ... բակը հեռուեն սիրել միշտ կարելի է, երբեմն պետք է նաև, երբեմն պարզապես անխուսափելի, չնայած հիմնականում հնարավորություն չկա հեռուեն սիրել։ Իսկ եթե մտածում ես, իսկ ինչո՞ւ պիտի հեռուեն սիրել։
Պիտի կառուցել բակը, ամեն առավոտ, կարելի է նաև քրտնաջան ու առանց սպասելու Գ.Բեգլարյանին ու Միշոյին, եթե անգամ չես էլ կառուցում, ուրիշի կառուցածի վրա ծիծաղել ու «պրարաբություն» անել պետք չէ։
Անկախությունը բակից հեռու չէ, նույնիսկ բակի մեջ է։ Կարելի է ամեն տարի կամ չորս-հինգ տարին մեկ անգամ անկախություն մասին հիշել, բայց կարելի է նաև ամեն առավոտ, վաղ առավոտ վեր կենալ, անկախության մասին հիշելով գնալ ուր որ ուզում ես գնալ ու անել այն, ինչ պետք է այդ անկախությունը բարվոք, կանաչապատ տեսքով երեխաներին փոխանցելու համար։
Կարելի է նաև իմ ու ձեր աշխատավարձերից պահվող հարկերից ինչ-որ մի մաս գողանալով մի քանի տարին մեկ անգամ փոշին վերցնել, մինչև էլ բան չի մնա, փոշին վերցնելու համար։

21 սեպտեմբերի, Մարատ
--

No comments:

Post a Comment