Saturday, August 7, 2010

Ոչ մի խճանկար

Մի շաբաթից ավելի է, եթե ոչ շատ, ոչինչ չէի գրում՝ բլոգի համար։ Միգուցե և նկատած կլինեք, չնայած հազիվ թե, Հայկ Զ.-ն հազիվ թե թողներ որ նկատեիք կամ նկատեինք։ Երիտասարդական եռանդն ու խանդավառությունն ասում է իրենը։) Հետաքրքիր էր հետևել, ընթերցողի աչքով հետևել այդ ամենին, դրսից հետևել, սակայն ներսից նայելու հնարավորություն ունենալ, համեմատել, համեմատել, համեմատել, հետևություններ անել, նայել։ Հետաքրքիր է այդ ամենը, իրոք, եթե տեղադրում ես ավելի բարդ կոնտեքստի մեջ ու փորձում ավելի լայն շրջանակում նայել։ Չափազանց պարզ է այն ինչ վիրտուալ իրականություն են անվանում, երբեմն պարզունակության աստիճանի։ Բայց այն մի այլ առավելություն ունի՝ այն մոդել(ոտ) է ու շնորհիվ իր պարզության (տարրերի միջև կապերը խիտ չեն) ելքային ինչ որ գաղափարներ է հուշում, թույլ տալիս տեսնել ավելի բարդ երևույթների առանձին կողմերը։

Հայկ Զ.-ն բլոգում կարծեք թե հրապարակախոսական ու քաղաքական հատվածը իր վրա վերցրեց, արձագանքներն արդեն շատ բան են ասում, ես չեմ շարունակի։) Ես կշարունակեմ փորձարկել, անկանխատեսելիության տարրեր կան փորձի մեջ, չնայած կանխատեսելիությունն ամենակարևորն է, ինչին ձգտում եմ ինքս։
Վերջին երկու ամիսը կամ 63 օրը դուրս էր իրականությունից, իրականությունից, որը ստիպեց «չարությունը», բողոքը, զայրույթը, հոգնածությունը, ոչ մի կերպ ելք ու հնարավորություն ու հեռանկար չտեսնելը, գլուխը պատովն ու քարով տալը վերածել ուրբաթ իրիկունի։ Այդ առումով վերջ օրերի դադարն ինչ-որ առումով իմաստ ունի, ուրբաթ իրիկունի «չպահանջարկվածության» կամ «վերաիմաստավորման» իմաստ ունի այն։ Այն դադար էր, որը նախ մի փոքր դադարի հնարավորություն տվեց, հետո խորհելու, հետո օրեր մթնացնելու, հետո իրեն գտնելու, հետո իրականություն գտնելու, հետո սոցիալական նոր կապեր գտնելու, հետո ինքն իրեն տեղադրելու ու առաջ շարժվելու կամ շարժվելու պատրանք ստեղծելու հնարավորություն տվեց։ Հետո այս ամենը, իհարկե, փլուզվելու է, մի քանի վայրկյանում, հենց դու ինքնդ զգացիր որ դուրս ես այդ իրականությունից, մեկ վայրկյանում փլուզվելու է ու նորից՝ նոր իրեր, իրերի նոր շրջադարձ ու դասավորվածություն, այն իմաստավորելու հաջողվող կամ ձախողվող փորձեր։ Ավելի պարզ՝ չկպավ, կպցնենք, բրթենք, մի բան անենք մի բան լինի։ Ոչ մի տրամաբանություն՝ տրամաբանություն պատճառահետևանքային կապերի իմաստով։ Ընդհատ հատվածներ, որոնք ոչ մի կերպ չեն հավաքվում, մասեր են, որոնք խճանկարի անգամ չեն վերածվում, ցաք ու ցրիվ։
Տրամաբանությունն ու ընդհատությունը միգուցե ընկալման խնդիր է միայն, միգուցե, չեմ ժխտի, թեև հաստատ էլ չեմ պնդի։
Ոչ մի կերպ չի հավաքվում, անգամ գրառումը ոչ մի կերպ չի հավաքվում։
Չգիտես ինչու հիմա ավելի շատ եմ ավելի շատ հետ նայում, քան առաջ։ Մասնագիտական հետաքրքրությունը միգուցե մեղքի իր բաժինն ունի, ավելի խորը տեսնելու ցանկությունը միգուցե ևս, էությունը կամ բնությունը (մարդկային) միգուցե ևս։ Թվում է, թե դա պիտի օգնի, թույլ տա կապ տեսնել տարիների կամ ամիսների միջև։ Սակայն հազիվ թե, կապերը չափազանց թույլ են, այնքան թույլ, որ հատուկ ճիգեր պիտի գործադրել, դրանք ինչ որ կերպ առանձնացնելու համար։ Սա իր հերթին ենթադրում է, որ անցյալի կապերի վրա հիմնված կանխատեսելիության մասին երևի թե իզուր է խոսել, բացառությամբ ճակատագրի կամ պատահականության կամ ավելի շուտ իրերի խիստ բարենպաստ դասավորվածության հավանականության։ Իրականության մեջ լուծվելու տարբերակը ևս ոչինչ չի տա, իրականությունն է չափազանց խայտաբղետ, իսկ այն սահմանափակելու հնարավորությունները նեղ են։ Կասեք ինչի մասին էր սա, ... ։) Անտարբերության։
Պիտի արդյոք միշտ, ինչպես Գրիգորը կասեր, «ձգտրած» լինել, իսկ «չձգտրտածի» հնարավորությունը միթե այդքան թույլ, նեղ, քիչ կամ գրեթե անհնար է։ Հիմա կասեք «ձգրտածության» աստիճանից կամ այս աստիճանի ընկալումից է դա կախված։ Հասկանում եմ, ամեն ինչ հարաբերական է, չեմ կարծում, որ մեզանից ինչ որ մեկը ոչ հարաբերական, չեմ ասի բացարձակ, սկզբունքներով է քայլում, շնչում, ապրում։
Ինձ թվում էր, թե հնարավոր է նայել կողքից, դուրս, դուրս ինչ որ բանից նայել այդ ինչ որ բանի վրա։ Պարզվում է՝ չէ, ոչ։ Ինչ որ բանից դուրս գալը, պարզվում է, հնարավոր չէ, առավելագույնը, այս կամ այն կողմ տեղաշարժվելը, ավելի լավ տեսնելու համար։ Կախված ինչ ու ինչքան ես ուզում տեսնել, ու այդ ինչ որ մի բանի դիմադրությունից, շարժումը սկսում է այս կամ այն մեծությունները կրել, իսկ քո մոտ՝ փոխվել այդ մեծությունների ռեֆլեքսիան։
Երբ փորձում ես նայել անկյունից, թվում է, թե ոչինչ, բայց չգիտես, չես հասկանում ինչու, զզվելի է, ծանր, անհագիստ՝ հոգում։ Անմիջապես մտածում ես, խնդիրը ռեֆլեքսիայի հետ է։ Ամենահեշտ ու պարզ բացատրությունը երևի դա է, եթե ունակ չես ավելի շատ տեսնել, քանի որ քո դիրքը հարմար չէ օբյեկտը, որի մի մասը դու ես, հասկանալու համար։ Կասեք ինչ մասին էր սա, ...։) Կախված է նրանից, թե ինչ դիրքում եք դուք ինքներդ։)
Կհարցնեք, ավելի շուտ ես ինքս նույն հարցը կտամ, և ի՞նչ ...

Ուրբաթ իրիկուն, Մարատ

Հ.Գ. Տեսել եք, ինչպես է Մեթյուզը հարացույցներով ձևաբանական վերլուծության հունական-լատինական մոդելներ բացատրում, իսկ դու ինքդ դա կարդում ես հասկանալու համար, թե կոնկրետ որտեղ փնտրել ձևի (բառի) մասին վաղ արաբական ու հունական, ավելի շուտ արիստոտելյան կամ ալեքսանդրյան նկարագրությունների նմանությունները, երբ դու ինքդ մեծացել ես նկարագրության այնպիսի մոդելի վրա, որը փոխառված է հունականից ու հարմարեցված քո իրականությանը, արաբականը փորձում է Մեթյուզի միջոցով քեզ հրամցնել եվրոպական, դասական եվրոպական բանասիրական մոդելի վրա կրթված Վերստեղը, իսկ Մեթյուզին թվում է, թե ինքը մեկ այլ, հիմքում բոլորովին ուրիշ՝ տրանսֆորմացիոնալիստական ավանդույթի կրող է (մոդայիկ ինքնագիտակցությունը հզոր թմրամիջոց է), իր նկարագրության հիմքերը շաաաատ են ժամանակակից ու հարկ է համարում ամեն ինչ թարգմանել ժամանակակից լեզվաբանի համար (ի դեպ, լավ է ստացվում), իսկ իրականում խոսքը մի բանի մասին է, որ մենք, այսօր, ժառանգել ենք նրանցից, ում փորձում ենք կարդալ ու իբր մեկնաբանել. ինչ ձևի մեջ ինչպիսի բովանդակություն դնել՝ մի փոքր ծուռ կամ շիտակ։ Հարաբերականությունը ամենակարևոր եզրակացությունն է, ինչ մնում է արդյունքում։

Հ.Հ.Գ. Հետաքրքիր է, կհասկանամ ինչի մասին էր այս ամենը հետո։)
--

No comments:

Post a Comment