Saturday, August 14, 2010

«Մի կիլո կլուբնիկ», որը Հայաստան արժե

Առավոտյան, երբ հավաքվում էի, ու գնացքում էի՝ ճանապարհին, մտածում էի՝ սա կգրեմ, նա կգրեմ, հետո մտածում էի, չէ, երկար կլինի, հետո՝ ոչինչ էլ չգրեցի։ Հետո, երբ արդեն օդանավակայանում նստեցի որ գրեի, արդեն մոռացել էի, ինչ էի գրելու։ Բայց հիշում էի, որ անպայման ինչ-որ մի կոնկրետ բանի մասին էի ուզում գրել ու շատ էի ուզում, որովհետև չափազանց կարևոր էի համարում դա։ Հետո էլի փորձեցի հիշել, էլի փորձեցի հետո ինչ որ աղոտ հիշեցի, բայց չեմ կարծում որ կստացվի հենց այն՝ ինչ ուզում էի առավոտյան։ Առավոտյան այն մի շնչով կգրեի, հիմա պիտի որ արհեստական ստացվի մի փոքր, որովհետև «ուղեղիս զոռ եմ տալու», իսկ զոռ տալով արդյունքները միշտ չէ որ ինձ են գոհացնում։)) Դե, գնացինք ուրեմն։

Ով շատ թե քիչ հետևում է բլոգին ու նաև վերջին շաբաթների գրառումների տրամաբանությանը, միգուցե և ենթադրի, որ ինչ-որ ամփոփող կամ եզրափակող է լինելու գրառումը։ Միգուցե և այդպես լինի, բայց ամփոփել չէ որ հիմա ուզում եմ։
Ճանապարհը երկար էր, ընդհանուր առմամբ մոտ 24 ժամ, հետո հրաժեշտ ծանոթներին, ընկերներին, երևույթներին. հրաժեշտ չեմ սիրում, ինչ-որ կտրուկ սահմաններ է գծում այն, չես հասկանում՝ ինչ-որ բան վերջացավ, թե ինչ-որ նոր բան սկսվեց։ Զզվում եմ, որովհետև դրանից հետո ինչ-որ անորոշ զգացում ունես, չնայած գիտես ուր ես գնում, ինչու ես գնում, գիտես անգամ ժամ առ ժամ ինչ ես անելու, բայց միևնույն է, անորոշության զգացումը չի լքում։
Չի ստացվում հավաքել մտքերս։)
Պիտի որ մեր պետության մասին գրեի, հետո աշխատանքի, հետո հեռանկարների, հետո հասարակության ու հասարակության սպասումների մասին։ Դա հիշում եմ, մտածում էի, երբ գնացքն անցնում էլ Ինգոլշտատով, որտեղ AUDI-ի գործարանն էր։ Տպավորություն էր, արտադրական հզորությունների մասին այլ տպավորություն էր, մոտ 10 րոպե գնացքն անցնում էր գործարանի տարածքով, ու կարող էի նայել այդ ամենին։ Մինչև վերջին մազդ զգում ես ինչ հզորություն է դա, մտածում ես, երևի գործարանը կամ ավտոկոնցեռնն ավելի շահութաբեր է քան Հայաստանի ողջ երրորդ Հանրապետությունը։ Մտածում էի, միգուցե մի հատ AUDI-ի գործարան սարքենք՝ մի 10-15 հազ. աշխատատեղ, 3 հերթափոխով բոլոր 3 մլն հայերով աշխատենք այդ մի միակ գործարանում ու գերմանացիների պես կապրենք։)
Հիշեցի, ուզում էի նաև կառավարության մասին գրել, ավելի շուտ կառավարության կառուցվածքի ու աշխատաոճի, ներսից հետևելու հնարավորություն կա, շատ թե քիչ հնարավոր է հետևել ինչ է կատարվում այնտեղ։ Չէ, բայց չեմ գրի, զահլա չկա, հոգնած եմ նման «լուրջ» թեմաներից, մնավանդ որ այն ավելի շատ փիլիսոփայական է լինելու։ Ավելի լավ է ավելի երկրային բաներից փիլիսոփայել։
Մտածում էի, ինչու չի ստացվում Հայաստանում անել այն, ինչ պետք է կամ կարող ես, իրոք կարող ես անել։ Աշխատանքի արտադրողականության մասին էի ուզում գրել, ինչքանով է այն արտադրողական, եթե այն վազվզոց է ու գրեթե ոչինչ չի տալիս՝ հեռանկարների, զարգանալու, աճելու առումով։ Չես հասկանում, «տո լի» դու ես չարաշահում կամ շահագործում աշխատանքը, «տո լի» աշխատանքն է շահագործում ու չարաշահում քեզ։ Արդյունքում ոչ ոք գոհ չէ, մշտական «անբավարարվածության, թերարժեքության», ինչ-որ «բան պակաս լինելու», քեզ իրացնել չկարողանալու զգացում, ու մյուս կողմից՝ մշտապես ինչ-որ բան պահանջող գործատու։ Միգուցե դու քեզ իրացնելու ներուժ էլ չունես, չի բացառվում, բայց քանի որ ամեն ինչ ինչ-որ շատ նեղ է, քեզ թվում է, թե դու հսկայական ներուժ ունես, իսկ իրացվելու հնարավորություն չկա։ Իսկ երբ հնարավորություններ կան, դրանք արդեն քո հնարավորությունները չեն, կամ չգիտեմ, այլ են այդ հնարավորությունները։
Աշխատանքը, աշխատելը, աշխատատեղը ամեն ինչ վերածվում է ինքնանպատակի, չես հասկանում ո՞ւմ համար՝ քեզ, ընտանիքի, գործատուի, հայրենիքի, պապերի, երեխաների, ապագայի, ում համար կամ ինչու։
Ինքնանպատակ։
Սրա մասին էի ուզում գրել ու մեր, ձեր հայրենիքի մասին։ Իմ հայրենիքն իմ Ղուկասյանն է, կասեք համայնքային կամ կլանային է, միգուցե համայնքային կամ կլանային է, ես դեռ ավելի մեծ կատեգորիաներով չեմ կարողանում մտածել՝ երևի։ Ես ինքս շատ եմ գրում, որ պիտի վերանալ կլանային կամ համայնքային, գաղութային տրամաբանությունից, շատ եմ գրել նախորդ գրառումներում, բայց ես ինքս այդպիսին չեմ կամ եմ, մոտավորապես բանակի «զեմլյաչեստվոյի» պես, չնայած բանակում երբեք չեմ եղել, բացառությամբ եղբայներիցս մեկի «պրիսյագին»՝ զզվելի էր, ահավոր զզվելի զգացում էր, Հոկտեմբերյանում։ Սասունից ու բոլոր նրանցից, ով ծառայել է, ներողություն եմ խնդրում, հարգում եմ ծառայած լինելու հանգամանքը, ես չեմ ծառայել ու դրա համար էլ միգուցե իրավունք չունեմ գրելու դրա մասին, լավ, չեմ գրում։
Վերադառնանք մեր հայրենիքին. հայրենիքն ամեն ինչ վերածում է ինքնանպատակի։ Ամեն ինչ վերածվում է բացարձակ գաղափարի ու վերացական գաղափարի ու բացարձակ նպատակի, սկսած ամենահիմար, ամենաապուշ բաներից, ասենք խանութ գնալուց ու նորմալ առևտուր անելուց, մինչև ավելի լուրջ բաներն ու պետություն կառավարելը։ Ամեն ինչ փակ է, արգելված պտուղի պես, իսկ արգելված պտուղը, ինչպես գիտեք, միշտ քաղցր է լինում ու բոլորը դրան են ձգտում, բոլորը շեղվում են իրական նպատակից ու իրական ցանկություններից ու չեն հասկանում ինչ են ուզում ու ինչու են ուզում։
Հագնվելը նույնպես դառնում է բացարձակ նպատակ, սնվելը ու բան ու գործ թողած մտածում ես երեխեքին ինչ առնես կամ չառնես։
Այստեղ գրառման «պլանկեն» գցում եմ, որ հետո գրոտեսկն ավելի գրոտեսկային լինի։
Հետո մտածում ես, սեզոնն անցավ, իսկ «կլուբնիկ» (ոչ ելակ) այդպես էլ չկերանք, չնայած կլուբնիկ չես սիրում, թքած ունես կլուբնիկի վրա, որ տանը լինի, չես էլ ուտի, բայց այնպաման ուզում ես առնել, ու քանի որ այն թանկ է, սկսում ես կոմպլեքսավորվել, թե քեզանից ինչ տղամարդ, մի կլուբնիկի փող էլ չես կարողանում աշխատել։ Բայց որ տան ճանապարհին մարշուտկի մեջ կքանստած մտածում ես, որ գերմանացիները իրենց լեզվին ու լեզվի պատմությանը մոտավորապես նույն կերպ են նայում, ինչպես արաբները, առաջինները չափում են «բարձրությամբ»՝ Hochdeutsch, երկրորդները՝ լեզվի ճկունությամբ ու հասարակ ժողովրդի տգիտությամբ (ittisaa’, laHn al-’awaamm), ոչ ոքի, ոչ գործատուին, որը պիտի առաջին հերիթն հետաքրքրված լինի դրանով, որովհետև վճարում է դրա դիմաց, անգամ քեզ չի հետաքրքրում, որովհետռ գործատուն մտածում է շինարարության, իսկ դու՝ մի կիլո կլուբնիկի մասին։
Շեղվում ես դու, քո շրջապատը ու բոլորը ու հասարակությունը ու պետությունը ու շեղվում եք բոլորով ու սկսում ենք բոլորով, ներառյալ ես, խարխափել՝ դալնի լույսով բլիժնիի մեջ կամ մոմի լույսով խավարի մեջ համատարած։ Խավար, ոչ ոք չգիտի ուր է ուզում, կառավարությունն էլ չգիտի ուր է ուզում։
Երեկ ինչ-որ բլոգում նայում էի, թե ինչպես են սարքում Տաթևի ճոպանուղին։ Այն հայլուրյան բլոգ էր, Բանաձև՝ ինչ որ, հերթական քարոզչական ...ագույն ու կյանքում միայն լավը տեսած ու անուղեղ, կամ լվացված ուղեղներով բլոգ։ Ես քննադատում եմ, հայավարի չեմ վայրահաչում, կներեն նրանք ինձ կամ չեն ների, կամ ինձ կքննադատեն, ինչի համար ես հատուկ նրանց շնորհակալություն կհայտնեմ։
Այդ բլոգում ու Տաթևի այդ ճոպանուղու հետ. մոտավորապես այսպես էր՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին։ Հերթական ... քարոզչությունը, որը չի ասում, թե օրինակ, ասենք ինչպիսի տեխնոլոգիաներով են դրանք սարքվում, արդյոք ինժեներները հայեր են, արդյոք ամեն ինչ Հայաստանում է արտադրվում, թե հայերը այդ ամենում միայն հերթական զիբիլ թափողն են, իսկ ինժեներներն ու տեխնոլոգիաները եվրոպական են, մասնավորապես շվեյցարական, եթե չեմ սխալվում։ Եթե այդ ամենը հայկական լիներ, ես կհպարտանայի, իսկ հիմա հպարտանալ չեմ կարող։ Բացատրեցի ինչու, որովհետև իմ ու ձեր՝ դրսում, ոչ Հայաստանում, աշխատած փողերը հոսում են եվրոպացիների գրպանը, հետո Եվրոպայում վերածվում տեխնոլոգիայի, ինչ որ պրոֆեսորի աշխատավարձի տեսքով, հետո մեզանից շատերը մոսկվաներում ասֆալտ փռելով կամ շինարարություն անելով փող են ուղարկում Հայաստան, որ կենտրոնանա ինչ-որ մի տեղ ու վերածվի Տաթևի հիմարագույն ճոպանուղու։
Չեմ ուզում, որ այն վերածվի հերթական քարոզչամիջոցի, հետո ճոպանուղին ու ամբողջ ենթակառուցվածքները կենտրոնանան մի քանի ձեռքում, եթե ոչ գրպանում, եթե արդեն իսկ կենտրոնացված չեն, գոնե հարևան համայնքները կարողանան օգտվել։
Հիմա բացատրեմ իմ «չուզող չուզողության» պատճառը։
Որովհետև այն դառնալու է հերթական հայլուրական մահակը ժողովրդի գլխին, ինչպես «Երևան-Լեննական մարշուտկի շոֆերը» կասեր՝ «մարդուն քյադակ կըքըցեն»։ «Տարածաշրջանային զբոսաշրջային ու ամենաերկար ճոպանուղային կենտրոն»-ի մահակի է վերածվելու այն ու դառնալու է «կլուբնիկ», բայց արդեն ոչ թե շարքային մահկանածուի մակարդակով, բայց արդեն ավելի վատ՝ մի ամբողջ պետության համար։ Բոլորիս գլուխը մի քանի տարի «հարտուգելու» (իմա՝ արդուկել) են, թե տեսեք, տարածաշրջանային կենտրոն ենք արդեն, ինչպես երկնիշ տնտեսական աճով էին հարտուգում, մինչև «փառք Աստուծո»՝ ճգնաժամն եկավ ու ամեն ինչ իր տեղում դրեց։ Իհարկե, ես էլ ավտոյի գործ չեմ անում, բայց թքած ավտոյի գործի վրա, էլ ժողովրդի գլուխը չեն հարտուգում, թե ԱՊՀ-ում մենք Ղազախստանից առաջ ենք՝ երազախաբ եղան պարոնայք, չնայած էլի հասարակ մարդիկ ամեն ինչ քաշեցին ու քաշում են ու դեռ քաշելու են։
Տաթևի դեպքում ավելի երկար են հարտուգելու, շատ երկար, այս նախագահը դեռ 4 տարի էլ ունի նվազագույնը, հայլուրյան ղեկավարությունը դեռ էդքան էլ մնալու է, առջևում ընտրություններ են, արդեն պատկերացրիք ինչի մասին եմ խոսում։
Շեղում են, շեղում են ինձ, ձեզ, մյուսներին։ Ես դժվար եմ շեղվում, որովհետև հիմա սա եմ գրում, բայց հորեղբայրս ավելի հեշտ։ Ոչ թե որովհետև նա ավելի քիչ է հասկանում աշխարհից քան ես, ոչ ես դեռ շատ շատ շատ ու շատ ունեմ նրան հասնելու, նրա չափ հասկանալու համար, բայց նա ավելի պարզ է ապրում, իր գյուղում ու իր առայժմ երկու թոռների հետ։ Նա ոգևորվում է այդ ճոպանուղուց, թեև դրանից նա էլի իր 14 ժամն է ոտքի վրա այս ու այն կողմ վազելու, հետո խոպան է գնալու, որ թոռներին այլ կյանք ապահովի քան ինքն է ապրել։
Նա հավատում է անիծյալ այդ ճոպանուղուն, չնայած հոգու խորքում զգում է, որ խաբում են իրեն։
Նրանք, գյուղում նկատի ունեմ, մի հստակ չափորոշիչ ունեն Հայաստանը չափելու՝ մի լիտր կաթն իրենք ավելի էժան են վաճառում, քան մեկ լիտր հանքային ջուր (ասենք՝ «Ջերմուկ») կամ շշալցված հասարակ ջուր են գնում։ Իսկ մեր մոտ ջուրը շատ համով է, ոչ թե որ մերն է, այլ իրոք շատ համով է, դրա համար էլ նրանք չեն ընկալում ու երբեք չեն ընկալի, թե ինչպես կարող է այդ ջուրն ավելի թանկ լինել, քան կաթը։ Երբ սա փոխվի, Հայաստանը նրանց համար նույնպես կփոխվի։ Իսկ չեմ կարծում որ դա կփոխվի, ուրեմն դեռ խաբում են ու խաբում ու փորձում իրենց լվացած ուղեղներով մեր ուղեղները լվացնել։
Շնորհակալ ենք պարոնայք, շնորհակալ ենք պարոնայք Բանաձև ու Հայլուր ու մասնավորապես Հ1 ու հայկական մյուս մեդիաներ ու հեռուստատեսություններ։ Զարմանում եմ, ինչու մեր մեդիաոլորտը չի գիտակցում իր առաքելությունը, ես էլ եմ մասամբ այնտեղ, չի գիտակցում, իզուր, ափսոս, ցավալի է, շատ ափսոս, չի գիտակցում, սթափության կոչ եմ անում նրանց ու ինձ նաև։ Ծիծաղելի է, ինքս եմ ծիծաղում այս տողերի վրա, ու հիստերիկ ծիծաղ է դա։
Վերջը, մի կիլո կլուբնիկի ու Բանաձևի ու Հ1-ի ու Հայլուրի ու պետության միջև կապը երևի կարողացա բացատրել։
Իսկ հիմա պատկերացրեք, որ սիրտս ոչ թե մի կիլո կլուբիկ է ուզում, այլ անվճար ինտերնետ համալսարանում, նորմալ գրադարան համալսարանում, նորմալ աշխատավարձ նույն համալսարանում։ Դա թույլ կտա էլ չմտածել կլուբնիկի մասին ու մտածել գերմանացիների ու արաբների սեփական լեզվի ընկալման ու գիտակցման նմանությունների ու պատկերացումների մասին, հետո շատ-շատ խելոք գրքեր կարդալ ու մի հոդված գրել, որպեսզի հոդված գրելը չդառնա ինքնանպատակ, վերածվի ու ընկալվի ու գիտակցվի որպես մի կիլո կլուբնիկ։ Ու երբ չստացվի հոդված գրել, ես հասկանոամ, որ ոչ թե երկիրը շատ նեղ է, դրա համար հոդվածը չի ստացվում, այլ իմ գլուխը տձև է ու ուղեղի գալարները քիչ են, դրա համար էլ հոդված չի ստացվում։
Ու ամեն մեկը իր մի կիլո կլուբնիկը ստանա, հորեղբայրս էլ մի լիտր կաթը կարողանա մի լիտր «Ջերմուկի» գնով վաճառել, որպեսզի մտածի, որ կարելի է ոչ թե խոպան գնալ, այլ ավելի շատ կաթ արտադրել, իսկ ես՝ ավելի շատ հոդվածներ գրել, իսկ աղջիկս՝ ավելի լավ սովորել։ Ու ոչ ոք էլի մի կիլո կլուբնիկի մասին չի մտածի, չի զայրանա, որ ինչ-որ լվացրած ուղեղներով Բանաձևով փորձում են իր սեփական ուղեղը լվանալ ու ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի։ Այդ դեպքում ես կզբաղվեմ նրանով, ինչով կարող եմ, իրոք կարող եմ ու արտադրողականությունն էլ համապատասխանաբար բարձր կլինի։ Չնայած հիմա գլուխ կգովամ ու կասեմ՝ իմ արտադրողականությունը ցածր չի, ամեն դեպքում, ով ինձ ճանաչում է, կփաստի, պարզապես Հայստանում պետք չէ սեփական անձին քննադատաբար մոտենալ, որովհետև «եզն օր գընգնի, դանգվորը կըշադընա»։ Դրա համար կներեք իմ անհամեստության համար։
Ուզում էի շարունակել, բայց պիտի ինքնաթիռ նստել։
Ամեն դեպքում, եթե մարդը ստանում է իր մի կլիո կլուբնիկը, նա արդեն մտածում է ոչ թե երկու կիլո կլուբնիկի մասին, այլ՝ այլ բաների մասին, իր ու իր շրջապատի, հարազատների, հետո գյուղի, հետո մարզի, հետո պետության, հետո հայրենիքի, հետո հայության ու հետո ինչ վարչապետն ասում է Հայոց Աշխարհ։ Քանի դեռ նույն վարչապետը կամ ավելի բարձր կամ ցածր, իրենց մոնոլոպոլիաներով հատուկ փակում են իմ մի կիլո կլուբնիկի ճանապարհը, ամեն ինչ մեր երկրում ապուշություն է, հիմարություն ու ոչ իրական, ոչ ռեալ, «ֆիգնյա»՝ մի խոսքով (կներեք)։
«Մի կիլո կլուբնիկ», որը թույլ չի տալիս կամ խանգարում է երկիրը երկիր սարքել ու մեզ մարդ զգալ։

Չորեքշաբթի, Մյունխեն, օդանավակայան, Մարատ

Հ.Գ. (ինքնաթիռում) Անկեղծ, իրոք, չեմ պատկերացնում, պարոնայք որ նստում են խմելու, մի՞թե նրանց մեջ ինչ-որ մեկը չկա, որը չի քծնում ու հայրենասիրության մասին անկեղծ ու հավեսով կենաց չի ասում, որին ինքը ևս հավատում է ու բոլորը հոտնկայս խմում են, ու այդ կենացից պարոնայք ոգևորվում են ու հաջորդ օրը աշխատանքի բոլորովին այլ Հայաստան կառուցելու ցանկությամբ են գնում։ Չնայած նրանք արդեն իսկ կառուցում են իրենց ցանկացած ու պատկերացրած Հայաստանը՝ երկնիշ տնտեսական աճով ու Տաթևի ճոպանուղով ու լողացող դրամով ու Թեղուտի անտառների հաշվին ու իմ ու Ձեր ու մեր բոլորի աշխատանքային ամեն մի վայրկյանի ու մեր ծախսած ամեն մի լումայի հաշվին։ Չգիտեմ, չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ես ատում եմ հարստությունը, հարուստներին, չուզողություն եմ անում ու ուրիշի փողերի վրա աչք ունեմ ու հաշվում եմ, ոչ, երբեք ու երբևիցե, երեխաներովս կարող եմ երդվել։ Բայց, խնդրում եմ, ո՛չ պետության ու պետությունը որպես ժառանգություն ժառանգներին հանձնելու հաշվին։ Այս անգամ էլ չմսխենք, խնդրում եմ։ Ի՞նչ եմ ես, որպես Հայաստանի երրորդ Հանրապետության ներկայիս քաղաքացի ժառանգելու Դավիթին, Սոնային, որոնք դեռ քաղաքացի չեն։ Հարգա՞նք պետության նկատմամբ, որին չեմ հարգում, հայրենասիրությո՞ւն, հայրենի՞ք որը չեմ սիրում կամ էլ սիրում եմ, ինչ-որ քառակուսի մետրեր ինչ-որ շինության ինչ-որ հարկում։ Ո՞ւմ են պետք այդ հարկերը, ասեք խնդրեմ, Դավիթին հաստատ պետք չի գա, ու հույս ունեմ, որ իրոք պետք չի գա ու Աստված տա, որ նա թքած ունենա այդ քառակուսի մետրերի ու իմ աշխատանքի վրա, ես միայն փառք ու գոհունակություն կհայտնեմ Աստծուն, որ Դավիթն այդքան աճել է, որ թքած ունի իմ տարիների վրա։ Այդ Հայաստանում է որ քառակուսի այդ մետրերը բացարձակ նպատակ են՝ կլուբնիկի պես։ «Կլուբնիկ ազգ» ենք, փաստորեն։)
--

7 comments:

  1. Ձեր գրածը միշտ կարդում եմ մեծագույն հաճույքով, չեմ ուզում ավարտվի և գիտեմ ինչու է այդպես. իշխողը լավատեսական էներգետիկան է, որն ինչքան էլ խորքային լինի` երևում է: Դրա համար-ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: ...Ինձ մոտ միշտ էն տպավորությունն է, որ մենք ազգովին ամեն ինչ գիտենք մեր մասին, գիտենք անգամ էն պրոբլեմների լուծումը, որոնք մեզ տանջում են, որոնց մասին անընդհատ խոսում ենք: Բայց միշտ մտածել եմ մի բան ևս. միթե միշտ միայն խոսելու ենք,միշտ բողոքելու ինքներս մեզ ու մեզնից, պահանջելու, քննադատելու....., իմ կարծիքով մենք խոսել սիրող ազգ ենք, երևի ամենից շատ խոսելն ենք սիրում....., բայց մենք նաև ծույլ ազգ ենք:(....

    ReplyDelete
  2. Ես երբեք լուծումներ չեմ առաջարկում, դրանք և՛ չկան, և՛ «իմ խելքի բանը չեն»։ Խոսել չնայած չեմ սիրում, «բողոքել» կամ «նվնվալ» երբեմն ստացվում է, թեև այն ավելի շուտ բողոք չէ, այն շրջապատը հասկանալու փորձ է, որպեսզի հնարավորինս գիտակցված լինի արձագանքը, չնայած տրամաբանության հետ շատ քիչ բան կապ ունի մեր մոտ։ Ծուլության հետ կապված՝ չեմ կարծում որ ծույլ ենք, պարզապես բոլոր ջանքերը տարբեր ուղղությամբ են ու առայժմ առանց նպատակի։ Քչերն են գիտակցում ինչի համար է այս ամենը, բացի նեղ անձնային շրջապատից։ Հոսք չկա, հոսանք չկա, ուղղություն չկա, նպատակ, ցանկություն, ինչ որ մի բանում ընդգրկված, ներգրավված լինելու, ինչ որ մեծ բանում, որը հայրենիքի հետ է կապված՝ չկա։ Գիտակցումը չկա, ոչ «սուտի» հայրենասիրական ստից ճառելը, ամեն առավոտյան գիտակցությամբ արթնանալը ու գիտակցությամբ աշխատելը չկա ու ասենք քֆրտելով քնելը, որովհետև քնելն աշխատանքից հետո է ու աշխատանքին չի խանգարի, դա չկա։ Ստեղծելը դժվար է, շատ մեծ ջանքեր են դրանք պահանջում։ Իհարկե, ես պիտի անեմ, դուք պիտի անեք, մենք բոլորովս պիտի անենք։ Իսկ մենք կամ մեզանից շատերը առայժմ կլուբնիկով են զբաղված կամ ավելի փափուկ ու պատրաստի հնարավորությունների են ձգտում։ Չգիտեմ, ինքս գլուխ չեմ հանում, բարդ է։)

    ReplyDelete
  3. Samvel Karabekyan04 March, 2011 18:44

    Կավելացնեի, Մարատ ջան. "նորմալ ակադեմիական հարաբերություններ, ընդհանուր կրթական արժեքների դավանում, կազմակերպական պատշաճ մշակույթ... Եվ այլ "մանրուքներ", որոնց առկայության պարագայում միայն, ըստ իս, որևէ հաստատություն իրավունք ունի պատվիրել և մուտքին փակցնել ՀԱՄԱԼՍԱՐԱՆ անվանումը պարունակող ցուցանակը։

    ReplyDelete
  4. Narine Bezirganyan04 March, 2011 18:45

    Erevi mer (im entaniqi) baxte berel a, vor menq artasahmanum, manavand evropayum, chenq aprel... ;)

    ReplyDelete
  5. Marat Yavrumyan04 March, 2011 18:45

    Չգիտեմ Սաղաթելյան-Բեզիրգանյաններ, միգուցեև այո, միգուցեև ոչ ։)

    ReplyDelete
  6. Hovhannisyan Mary04 March, 2011 18:46

    Ցնցված ու փշքաղված եմ: Բառեր էլ չեմ գտնում: Մի կիլո կլուբնիկ... ինչ մեծ բան է, բայց որ չկա, հայրենիք արժի... :((((((((
    տխրեցի

    ReplyDelete
  7. Marat Yavrumyan04 March, 2011 18:46

    Մարի, իհարկե, հայրենիք չարժե, մանավանդ որ հայրենիքն, ասենք, Ղուկասյան (Աշոցքն) է, բայց այն ու նման լիքը կենցաղային բաները թույլ չեն տալիս կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա, կամ էլ ավելի կարևորները վերածում են երկրորդայինի կամ թողնում զուտ խանդավառության վրա։

    ReplyDelete