Saturday, October 16, 2010

Հանդուրժողականության հակառակ կողմը

Երկու տարի առաջ Ծաղկաձորում կրթական հարցերին նվիրված մի համաժողովի ընդմիջումներից մեկի ժամանակ կարծիքների փոխանակման ընթացքում համալսարանի ռեկտորը մեղադրեց ինձ անհանդուրժող լինելու մեջ։ Խոստովանում եմ՝ հանկարծակի եկա, որովհետև ինձ միշտ թվացել է, որ փորձել եմ հասկանալ մարդկանց, համբերատար լինել նրանց նկատմամբ՝ մի խոսքով, դրսևորել այն, ինչ կարծես թե ծածկվում է «հանդուրժողականություն» հասկացությամբ։
Հետո հասկացա, որ կա պարզապես այդ հասկացության հակառակ ընկալումը՝ որպես այն, ինչ տեսնում ես (անգամ եթե դա հանցագործությու՛ն է), լուռ տանելու, չխառնվելու, «իմ գործը չէ» կարգախոսով առաջնորդվելու ունակություն, այսինքն, ամեն ինչ հանդուրժելու, ամեն ինչի հետ համաձայնվելու մի դիրքորոշում, որն, ըստ էության, լիովին նենգափոխում է հասկացությունը՝ լիցքավորելով այն բացասական բովանդակությամբ։
Իսկ առհասարակ, եթե խորը մտածենք, արդո՞ք «հանդուրժողականություն» հասկացության իմաստային շրջանակում գերակշռում է հենց դրական բեռնվածությունը, ինչպես ընդունված է մտածել։ Չէ՞ որ սոցիալական առումով հանդուրժողականությունը վարքագծային նպատակադրույթ է՝ ուղղված հասարակության այլ անդամների անհատական, էթնոմշակութային և այլ առանձնահատկությունների նկատմամբ չեզոք (ոչ թշնամական, բայց ոչ էլ բարեհամբյուր) դիրքորոշում ձևավորելուն։ Հասկանալի է, կարծում եմ, որ չեզոք (այսինքն, ըստ էության, անտարբեր) վերաբերմունքը հազիվ թե կարող է ապահովել երկարատև կայունություն, ինչի վկայություններն ենք մենք տեսնում այսօր եվրոպական շատ երկրներում։ Հանդուրժողականությունը այս առումով վերածվում է ընդամենը օտարատյացությունը (լայն իմաստով՝ «օտար» ասելով հասկանալով ոչ միայն այլ ազգի, այլ նաև այլ սովորույթների, բնավորությունների, կողմնորոշումների տեր մարդկանց) իր վայրագ ու հասարակության համար պայթյունավտանգ դրսևորումներով կանխելու կարևոր և անհրաժեշտ ֆորմալ մեխանիզմի, որի հենքի վրա կառուցվում է այն, ինչ ընդունված է կոչել «միջմշակութային հաղորդակցություն», «սոցիալական համերաշխություն» և այլն։ Արդյո՞ք աշխատում է այդ մեխանիզմը Հայաստանում։
Համարձակվում եմ պնդել, որ, ինչպես և շատ ներմուծված «այլարժեքային» հասկացությունների պարագայում, չի աշխատում, քանի որ հայտնվելով այն արգանակում, որը կոչվում է ժամանակակից հայաստանյան սոցիալական մշակույթ, այն անմիջապես նենգափոխվում է։ Այդ արգանակի ագրեսիվ միկրոֆլորայում արագորեն ընթանում են մուտացիոն պրոցեսներ. նվիրումը գործին վերածվում է անձնական նվիրվածություն, կազմակերպության կանոնների պահպանումը՝ լիակատար հնազանդության, ղեկավարի առաջադրանքների կատարումը՝ ծառայամտության, կառավարելիության։ Մասնակցային համագործակցությունը փոխարինվում է մասնագիտական արժեքների զիջմամբ ուղեկցվող հաշտվողականությամբ և համաձայնվողականությամբ։ Վերևից ներքև իջնող լրատվության ու թափանցիկ տեղեկատվության բացակայության պայմաններում ինֆորմացիոն դաշտը լրացվում է ներքևից վերև բարձրացող լրտվությամբ և ասեկոսեների տարածմամբ։ Հասկանալի է, որ հանդուրժողականությունն էլ այս պայմաններում ձեռք է բերում «եթե հնազանդ ու լուռ չես, ուրեմն հանդուրժող չես», «եթե չես քծնում ու գովաբանում, ուրեմն հանդուրժող չես», «եթե հանդգնում ես կարծիքդ արտահայտել, ուրեմն հանդուրժող չես» և այդ տրամաբանությամբ աշխատող այլ բանաձևերով տրված տրամագծորեն հակառակ իմաստը։
... Այսպես էլ ապրում ենք՝ կյանքի հակառակ կողմում...

Սամվել Կարաբեկյան՝ Շաբաթ իրիկուն
--

1 comment:

  1. Marat Yavrumyan04 March, 2011 17:51

    «Եթե հնազանդ ու լուռ չես, ուրեմն հանդուրժող չես», «եթե չես քծնում ու գովաբանում, ուրեմն հանդուրժող չես», «եթե հանդգնում ես կարծիքդ արտահայտել, ուրեմն հանդուրժող չես" և այդ տրամաբանությամբ աշխատող այլ բանաձևերով տրված տրամագծորեն հակառակ իմաստը։
    ...Այսպես էլ ապրում ենք՝ կյանքի հակառակ կողմում...»։ Ս.Բ. Կարաբեկյան

    ReplyDelete