Wednesday, August 4, 2010

«ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ»

Երբ շրջում ես բլոգերով ու սայթերով, ականատեսն ես լինում բաների, որոնց մասին նախկինում միայն լսել էիր, այն էլ ականջի ծայրով: Օրինակ, հանդիպում ես մարդկանց, որ 21-րդ լուսավոր դարի առաջին տասնամյակում խոսում են գենի ու տարածքի միջև սերտ կապի, Հայկական լեռնաշխարհի և Հայ տեսակի հոգե-մարմնական գծերի անբաժանելիության, առանց Սևանի և Արարատի վսեմ տեսարանների հայի գոյատևման անհնարինության մասին (ինքս արդեն 10 տարի է հեշտությամբ գոյատևում եմ առանց Սևանի լողափների ու այնտեղի զզվելի արևի և վստահ եմ, որ առանց Արարատի «վսեմաշուք տեսարանի» էլ մի կերպ կդիմանամ):
Խոսում են նաև Արմենների Ցեղի նկատմամբ պաշտամունքի, հայ ազգի 5000 ամյա պատմության, դրա գենի վեհության և բացառիկության մասին, մեր ցեղին ստորադասում աշխարհի բոլոր ժողովուրդներին ու ազգերին: Այս ամենը, իհարկե, իրենց գործն է. թող մտածեն ինչ ուզում են, թող գրեն ինչ ուզում, և թող հյուսեն իրենց ուզած ծրագրերը: Դա նրանց իրավունքն է և արտոնությունը՝ տեսնել Հայաստանի ապագան իրենց Արմենական պրիզմայով ու հավատալ այդպիսի Հայաստանի հզորությանը:
Հաճախ բանը հասնում է նաև քիչ ավելի վտանգավոր հայտարարությունների, ինչպիսիք են, օրինակ, ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու պահանջները, կամ էլ Արևմտյան Հայաստանը քրդերին վարձով տալու առաջարկները…
Սա արդեն մի քիչ մտահոգիչ է, որովհետև եթե հետևենք «հինգհազարամյա մշակույթի կրողներ ու Արարատի հետ գենետիկական անուղղակի կապ ունեցող» ազգայնականների խորհրդին ու ճանաչենք ԼՂՀ-ն, ապա Հայաստանն ակնթարթորեն կդառնա վտարակ միջազգային ասպարեզում, կճանաչվի ագրեսոր, իսկ Ադրբեջան էլ պատերազմ սանձազերծելու փայլուն հնարավորություն կստանա:
Դե իսկ քրդերի հետ առք ու վաճառք սկսելու և վարձով տարածքներ հանձնելու (տպավորություն է ստեղծվում, թե խոսքը քյաբաբնոցի մասին է, այլ ոչ թե տասնյակ հազարավոր կիլոմետրերի) մասին առաջարկների ողջամտությունը չեմ էլ քննարկի, կթողնեմ Ձեր դատողությանը: Սակայն սա էլ այնքան մեծ խնդիր չէ, ինչքան թվում է առաջին հայացքից, որովհետև ԼՂՀ անկախության ջատագովները դժվար թե գան իշխանության, և նրանց մտքի փայլատակումներն այդպես էլ կմնան թղթի վրա՝ ի բարեբախտություն մեզ չդառնալով իրականություն:
Բայց կա մի բան, որ իրոք արժանի է քննարկման: Դա, այսպես ասած ազգայնական- հայրենասերների ու հայրենասերների նոր տեսակի՝ խրոխտ և անզիջում «հիգերորդշարասյունականների» (այսինքն այդ տեսության կողմնակիցների) մոտեցումն է այլակարծության յուրաքանչյուր դրսևորմանը: Իսկ մոտեցումը մեկն է՝ ԴԱՎԱՃԱՆ կամ ԳՈՐԾԱԿԱԼ:
Տրամաբանությունը չգիտեմ, տրամաբանություն կարելի է ասել որ չկա էլ, ուղղակի այս մարդիկ համարում են, որ եթե չես հարում իրենց ուղեգծին, եթե չես կիսում իրենց արժեքները, ուրեմն քոնը կեղծ է ու կործանարար՝ տանող դեպի անդունդը: Եթե դու զզվում ես Գարեգին Նժդեհի ուսմունքից, չես հավատում հայ ազգի հինգհազարամյա պատմությանը, կասկածամտորեն ես վերաբերվում Ստամբուլը արյան ծով սարքելու հեռանկարի իրականանելիությանը, եթե դու արյունով ցողված հողեր ու ազատագրված տարածքներ չես պաշտում, եթե Հայաստանին չես համարում տարածաշրջանի հսկա, որը կարող է հավերժ պայքարել բոլորի դեմ ու հարկ եղած դեպքում էլ հակահարված տալ Ադրբեջանին, ապա դու ԳՈՐԾԱԿԱԼ ԵՍ, դու ԴԱՎԱՃԱՆ ԵՍ, եթե չես սիրում ֆիդայական երգեր, իսկ 1900-ականների հայդուկների ուղիղ 90 տոկոսին համարում ես ավազակ ու պատուհաս հայ ազգի գլխին, ապա դու ազգային արժեքները ոտնահարող ու պղծող ՈՒՐԱՑՈՂ ԵՍ: Եվ այսպես շարունակ...
Բայց մի վարկյան, այ ազգայնական-հայրենասեր-անզիջում հայեր: Ձեզ ո՞վ է ասել, որ ձեր տեսակետն է ճիշտ ու անսխալական, ձեզ ո՞վ է ներշնչել, որ հենց ձեր շուրթերով է բարբառում ճշմարտությունը: Ի՞նչ է, դուք բոլորդ դեկարտներ ու սպինոզաներ եք, որ ձեր ասածներն ընդունենք որպես անվերապահ ճշմարտություն: Թե նստել, հատորներով աշխատություններ եք գրել, ձեր տեսությունները հիմնավորող անթիվ-անհամար գիտական հետազոտություններ արել, որ հիմա էլ ձեր կածիքն եք սահմանել որպես ճշմարտության բարձրագույն նշաձող:
Ինչ է, չի՞ կարող լինել այնպես, որ ոչ թե դուք եք ճիշտ, այլ ձեր ընդդիմախոսները, իրատեսական են Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի ոչ թե ձեր, այլ հենց նրանց տեսլականը:
Ըստ ձեզ, չի կարող, որովհետև հակառակ դեպքում գոնե մի ակնթարթ կվարանեիք ու կասեիք. «Ախր իմ եղածն ընդամենը լրագրող-հրապարակախոս ա (լավագույն դեպքում...). ես էտ բնագավառներում ոչ նորմալ կրթություն ունեմ, ոչ նորմալ գիտելիք ու ոչ էլ մասնագիտական վերլուծություն անելու ունակություն: Կարո՞ղ ա էս մարդիկ էլ են ճիշտ, կարո՞ղ ա իրանց ասածի մեջ էլ ճշմարտության մասնիկ կա»:
Ես, համենայնդպես գիտակցում եմ, որ եղածս ընդամենը արևելագիտության բակալավր է, ու երբեք թույլ չեմ տալիս քիթս տնկել ու հայտարարել, որ չկա ճշմարտություն բացի իմինից, իսկ ես դրա անսխալական կրողն եմ:
Եթե հայ ազգի ապագան տեսնում եմ Ադրբեջանի հետ խնդիրը փոխզիջումներով կարգավորելու և հայ-թուրքական սահմանի բացման տիրույթում, ապա հարգում եմ նաև հակադիր տեսակետը, եթե տանել չեմ կարողանում Պարույր Սևակի, Վահան Տերյանի կամ էլ Հովհաննես Շիրազի պոեզիան, ապա չեմ հայտարարում, որ այն վատն է, իսկ նրանց երկրպագուներն անճաշակ ու բռի: Եթե 20-րդ դարասկզբի հայ հայդուկների դերը մեր ազգի բարեկեցության գործում գնահատում եմ 0, ապա դա էլ է փոփոխման ենթական կարծիք, եթե «քաղաքացիական հասարակությունը» համարում եմ սոցիումի ավելի ավելի բարձր ու կատարյալ տեսակ, քան թե Ցեղը կամ էլ Արմենական ազգը, ապա դա էլ անքննելի չէ:
Իսկ ազգային արժեքների ու հայրենասիրության մասին ունեմ ուրույն պատկերացումներ, բայց դրանք հաստատ չեն նույնանում հողերի, «Արարատի ու Սևանի վսեմաշուք» բնապատկերի, կամ էլ թուրքերին ի սրտե ատելու և Ստամբուլն արյան ծով սարքելու ցանկության հետ: Եվ ամենակարևորը, ԴԱՎԱՃԱՆ ու ԳՈՐԾԱԿԱԼ չեմ համարում մարդկանց, ովքեր չեն կիսում կարծիքս…


P.S. Ժամանակակից գրականության դասական, ավստրիացի մեծ գրող Թոմաս Բերնհարդն իր ստեղծագործություններում սևացնում էր ավստրիական հասարակությանն ու աղբ լցնում դրա վրա, Վիեննայի նման եթերային քաղաքն անվանում աշխարհի ամենակեղտոտ ու գարշելի բնակավայրը, իսկ Ավստրիան՝ ամենաանտանելին երկրներից: Բերնհարդն այն աստիճան էր ատում Ավստրիան, որ նույնիսկ կտակում արգելեց իր ստեղծագործությունների հրատարաումը հարազատ երկրում... Թե ինչ բախտի կարժանանար Բերնհարդը Հայաստանում, չեմ էլ ուզում պատկերացնել, բայց Ավստրիայում նրան պաշտում են ու համարում բոլոր ժամանակների մեծագույն գրող՝ դասական դասականոց:


P.P.S. Քանի որ խոսք գնաց Բերնհարդից, ասեմ, որ նրան ավելի եմ սիրում, քան հայ բոլոր արձակագիրներին միասին վերցրած, Պրոկոֆևին Արամ Խաչատրյանից մեծ կոմպոզիտոր եմ համարում, Դանթեն են ինձ համար երկու Գրգոր Նարեկացի արժե, Հեգելը մի քանի տակ ծալած ունի բոլոր նժդեհներին ու ռափայել պատկանյաններին, դե իսկ հայկական ու իտալական կինոյի միջև չեմ էլ փորձում որևէ զուգահեռ տանել: Ի՞նչ է, պարոնայք հայրենասերներ, հայտնեք ձեր բարձր կարծիքը, ուրեմն ես հայրենասեր չե՞մ:

Չորեքշաբթի, Հայկ
--

13 comments:

  1. Du @ndamen@ mi mard es, vor@ pordzume inchvor banov arandznanal myusneric. isk te ov um calac uni,da erden qo vorosheliq@ che.

    ReplyDelete
  2. Խնդրում եմ, աղաչում պարզապես, հայատառ միայն՝ իհարկե, այլ հավասար պայմանների դեպքում - Մարատ Յավրումյան։

    ReplyDelete
  3. «Արարատի «վսեմաշուք տեսարանի» ...» - հիշում եմ երբ առաջին անգամ տեսա Արարատը, պիտի որ 1988 կամ 1987 կամ 1986 թվականներից մեկը լիներ։ Չեք պատկերացնի ... մինչև հիմա չեմ մոռանում, հրաշք է դա։ Բայց դա ազգայնականության ու այս գրառման հետ կապը չունի, պարզապես, կոննոտացիա։)

    ReplyDelete
  4. Իսկ եթե ավելի լուրջ, խնդիրը կամ միգուցե խնդիր էլ չէ, մտորում կամ մեկ այլ բան, երկիրը կամ հասարակությունը կամ պետությունը տեսնելու ցանկությունն է, պետության, երկրի, հասարակության, ազգի, եկեղեցու, մշակույթի և այլնի մասնիկ քեզ զգալը։ Արժեքներ ընտրելը ... կտրուկ փոխվում է հասարակության կառուցվածքը, ոչ պարզ շրջապատն էլ ավելի է այն բարդացնում, արժեքները ժառանգական չեն, շարունակական չեն, այլ խզված, հատվածական, 1991-ից մինչև 2010 շաաաատ փոքր հատված է գիտակցությունը փոխելու, իրականությունն այլ կերպ ընդունելու, գնահատելու արժևորելու, դասակարգելու ու դրա հիման վրա շարժվելու համար։ Պարզ մի համեմատություն կա, ինչ անել Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հետ։) Արդյունքում Նժդեհ և՛ կա և՛ չկա, և՛ գիտակցվում է և՛ ոչ, Նժդեհ ես և՛ ժառանգել եմ և՛ չեմ ժառանգել, նույնը Նարեկացի և այլն, իմն է և իմը չէ։ Երևի դեպի սա է գնում քննարկումը։)

    ReplyDelete
  5. Հա՛յկ ջան, ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել հոդվածի և ինձ Էլ մի քիչ "գանգատվելու" հնարավորություն տալու համար:)

    Իմ կողմից առանձնահատուկ հավանության արժանացավ հատկապես այս միտքդ. "...ԴԱՎԱՃԱՆ ու ԳՈՐԾԱԿԱԼ չեմ համարում մարդկանց, ովքեր չեն կիսում կարծիքս…": Կեցցե՛ս, Հա՛յկ ջան, կեցցե՜ս: Ոսկեղեն ճշտություն կա այս նախադասության մեջ, ու նման մոտեցումն Է անկյունաքարերից մեկը մարկային նորմալ փոխհարաբերությունների. ես կարող եմ այլ կարծիք ունենալ, բայց դա չի նշանակում, թե դավաճան եմ կամ գործակալ: Նման մոտեցումդ իսկապես դիմացինի մոտ ցանկություն և կամք Է առաջացնում առողջ հաղորդակցության՝ թեկուզև այնպիսի հարցերի շուրջ, օրինակ՝ ԼՂՀ անկախության ճանաչումը, որտեղ մեր կարծիքները կարող են չհամընկնել (ԼՂՀ ճանաչման մասին ավելի ուշ):

    Անցնեմ "գանգատիս" բուն թեմային. քո նշած վիրտուալ "հայրենասերներից" ինձ Էլ են, ներեցեք արտահայտության համար, ռաստ եկել: Այո՛, նրանցից, ովքեր չիմանալով պատերազմական իրողությունների մասին՝ հոխորտում են, ինչպես նշեցիր, խեղդել Ստամբուլը արյան ծովի մեջ, միաժամանակ Բաքուն ջրասույզ անել՝ չմոռանալով Իսրայելի հետ բացահայտ առճակետել, Ռուսաստանի վրա մատ թափ տալ, Եվրամիությանը կարգի հրավիրել, Ամերիկային հիշեցնել, որ խիստ երիտասարդ Է (երբ վերջիններիս նախնիները ծառերի վրա թռչկոտում Էին, մեր պապերը քաղաքակրթություն Էին ստեղծել), արաբական աշխարհի հետ ինչ-որ անհասկանալի սիրավեպի մեջ մտնել, և այլն, և այլն: Այդպիսիններ շատ են եղել ու, ցավոք սրտի երևի թե կլինեն, ովքեր խոսքերով հոխորտում են, գործով գրեթե ոչինչ ցույց չեն տալիս, և մերկապարանոց պրոպագանդան Է նրանց զենքը: Ցավոք սրտի մեզանից շատերը ընկրկում են այդ զենքի առաջ: Հոխորտալու փոխարեն կարելի Է պարզապես օրինավոր քաղաքացի լինել: Թող իրենց պտուղները ցույց տան այդ "հայրենասերները", պտուղնե՛րը. տեսնենք խոսելուց բացի ուրիշ ի՞նչ են արել Հայաստանի համար:
    Ես երբեք չեմ ասել և չեմ պարծեցել, թե հայրենասեր եմ: Պարզապես աշխատում եմ ուժերիս ներածին չափով լավ քաղաքացի լինել: Աննկարագրելի տհաճ Է, երբ քեզ դավաճան են համարում զուտ այն բանի համար, եթե համարձակված լինես ասել, որ, օրինակ, ցեղասպանություն գործելու մեջ մեղավոր չես համարում բոլոր ժամանակներում երկիր մոլորակի վրա երբևիցե ապրած ու դեռ լույս աշխարհ գալիք թուրքերին: Օ՜, ինչպե՞ս կարելի Է: Նրանք բոլո՛րը մեղավոր են՝ մեր ու մանուկ: Իսկ եթե այլ կերպ ես մտածում, ապա դու դավաճան ես: Մա՜հ դավաճաններին:

    Այժմ երկու խոսք ԼՂՀ-ն ճանաչելու խնդրո շուրջ: Իմ կարծիքով այն չճանաչելը և Հայաստանին միացնելու բացահայտ ցանկությունը ավելի մեծ հիմք կտա Ադրբեջանին՝ պնդելու, որ հայերը իրոք ագրեսորներ են, և և որ մեր միակ նպատակը ԼՂ բռնակցումն Է Հայաստանին: Մինչդեռ ԼՂՀ անկախության ճանաչումը կապացուցի, որ հայկական կողմի նպատակը մեկն Էր՝ սատար կանգնել իր ինքնորոշման իրավունքը իրացնել ցանկացող Արցախի ժողովրդին այդ գործում: Երկրորդ՝ ԼՂՀ-ն չճանաչելը Հայաստանի կողմեց բնական արգելք Է հանդիսանում մյուս երկրների համար ԼՂՀ-ն ճանաչելու համար: Վերջերս, օրինակ, մի հոդված կարդացի, որտեղ մի ռուս քաղաքագետ մոտավորապես ասում Էր, որ, ըստ Էության, Ռուսաստանը կարող Էր ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն Հայաստանի չճանաչելը բնական արգելք Է հանդիսանում:
    Ես կարծում եմ, որ ԼՂՀ-ն ճանաչելու երևույթը չպետք ընկալել որպես Արցախի կորուստ: Ինչու՞: Ճանաչելուց հետո ևս մենք մերձեցման ուղիով ենք ընթանալու: ԼՂՀ-ն կդառնա լիիրավ անդամ միջազգային հանրության, և ՄԱԿ-ում հայերը մեկի փոխարեն երկու ձայն կունենան. այս վերջին հանգամանքից ադրբեջանցիները շատ են վախենում:

    ReplyDelete
  6. Anonynmous, ախր շաաատ Anonymous-ն ես է:
    Բոլոր մարդիկ էլ փորձում են առանձնանալ մյուսներից: Ազգայնականները փորձում են դա անել իրենց ազգային արժեքների գովաբանությամբ, իսկ ես անձնական մտքերով...
    Իսկ թե ով ում ծալած ունի, դա իրոք իմ գործը չի: Ուղղակի образно выразился: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն ա, որը ոչ ոքին էլ չեմ պարտադրում:

    ReplyDelete
  7. Վարդգես ջան, ոնց որ ասում էր Վոլտերը. Ես չեմ կիսում ձեր գաղափարները, բայց կյանքս կտամ, որ դրանք արտահայտելու հնարավորություն ունենաք...
    Մի օր կհանդիպենք, կխոսենք մեզ բաժանող թեմաների շուրջը :) :) կամ էլ գրառմամբ կարտահայվեմ:

    ReplyDelete
  8. Հա՛յկ ջան, ԼՂՀ-ն Հայաստանի կողմից ճանաչելու հա՞րցը նկատի ունես:)) Եթե այո՝ խնդրե՛մ, կարող ես արտահայտվել՝ ինչպես քեզ հարմար Է. գրառմամբ կամ հանդիպելու ժամանակ: Անձամբ ես ինձ երջանիկ եմ համարում, որ պատիվ ունեցա դառնալ քո նման մարդուն ծանոթ: Ինձ համար հաճելի Է դիմացինի նման մոտեցումը սեփական կարծիքիդ, երբ նույնիսկ կարծիքների ու տեսակետների տարբեր լինելու դեպքում մարդիկ կարողանում են քաղաքակիրթ քննարկում վարել, իսկ եթե անգամ քննարկումը վերածվի Էլ բանավեճի, ապա ողջախոհ և առողջ բանավեճի:

    ReplyDelete
  9. Vardges Hovsepyan04 March, 2011 18:26

    "...ԴԱՎԱՃԱՆ ու ԳՈՐԾԱԿԱԼ չեմ համարում մարդկանց, ովքեր չեն կիսում կարծիքս…"---- Respect!!!!

    ReplyDelete
  10. Հոդվածը լավն էր: Սակայն PPS-իում արտահայտածը, քո կողմից "թիթիզություն" էր (կներես որ "դու" ով եմ դիմում): Չեմ կարծում, որ Բերնհարդին բոլոր հայ արձակագիրներից ավելի սիրելով, կամ էլ Պրոկոֆեւին Խաչատուրյանից մեծ համարելով, առավել եւս Դանթեին 2! Նարեկացու հետ փոխելով ավելի ես ինքնահաստատվում ու հայրենասեր լինելու կամ չլինելու չափը արտահայտում: Ընդհանրապես, որեւէ մեկին, լինի դա փիլիսոփա, գրող, երաժշտահան եւ այլ, կարելի է ընդունել, համաձայնվել, սիրել կամ ոչ: Իսկ համեմատություններ անելը կամ գերադրական աստիճաններ դնելը, այն էլ իսկապես ՄԵԾ դեմքերի միջեւ,կարծում եմ պարզապես անհամեստություն է: ԻՆչպես կասեր Կիսա Վորոբյանինովը` торг здесь не уместен! Այնպես որ, կներես, սակայն նման "պրիմիտիվ" մոտեցումից ելնելով չեմ կարող դատել դու հայրենասեր ես, թե ոչ:

    ReplyDelete
  11. Haik Zargaryan04 March, 2011 18:27

    Արա ջան, շատ լավ ա որ դու ով ես դիմում, ես միայն ուրախ եմ:
    Խնդիրը ստեղ էն ա, որ եթե քեզ համար էտ համեմատությունները հայրենասիրության չափանիշ չեն, ապա շատերը հենց դրանից են կարծիք կազմում, հայրենասեր ես, թե ոչ: Ու հենց նրանց էր ուղղված PPS-ը, թե չէ թիթիզանալու խնդիր չկա: Ուղղակի ցավալի է, երբ մարդու հայրենասիրությունը չափում են հայ զագի մեծանունների նկատմամբ ունեցած հարգանքով ու սիրով...
    Ոնց որ ասեց Վարդգեսը,կարևորը անձի քաղաքացի լինելն ա, այլ ոչ թե ազգային արժեքների ու անունների նկատմամբ ակնածանքը: Ուզում էի ասել, որ Խաչատրյանին կամ էլ Նարեկացուն բացառիկ երևույթ չհամարելով, կարելի ա լինել հայրենասեր` քաղաքացի հայրենասեր: Ինձ համար հայրենասիորւթյունը դա առաջին հերթին քաղաքացիականությունն ա... Թե չէ թիթիզանալու խնդիր իրոք չունեմ, անկեղծ եմ ասում... Ինքնահաստատվելու նույնպես:
    Մերսի մեկնաբանության ու կարծիքի համար
    Վարդգես ջան, քեզ էլ շնորհակալություն :)

    ReplyDelete
  12. Anush Galstyan04 March, 2011 18:28

    Հայկ, կուզեի, որ վերլուծես և հասկանաս, թե քո մոտեցումները ելման կետի որ կողմում են գտնվում: Եթե քեզ համար անընդունելի "հայրենասերների" լավ ու վատ մոտեցումների փառապսակը համարում ես "Ստամբուլն արյան ծով" դարձնելը, ապա ինձ համար մի քիչ դժվար է ընկալել այն հայրենասիրությունը, որի հիմքում ատելությունն է ("եթե տանել չեմ կարողանում Պարույր Սևակի, Վահան Տերյանի կամ էլ Հովհաննես Շիրազի պոեզիան, զզվում ես Գարեգին Նժդեհի ուսմունքից...): Այս պարագայում օրինավոր քաղաքացիությունը վիրտուալ մի բան է, նմանապես վիրտուալ է "սոցիումի ավելի ավելի բարձր ու կատարյալ տեսակ քաղաքացիական հասարակությունը": Հնարավոր չէ սիրել մի բան, ինչն ատում ես, առավել ևս պահել-պահպանել այն: Եւ հավատա, ամեն թուք ու մուր չէ, որ մարդուն Բերնհարդ է դաձնում...
    Ի դեպ, ոչ պակաս հայտնի Անտուան Սենթ-Էքզյուպերին իր "Փոքրիկ իշխանը" ստեղծագործության մեջ խոսում է թեկուզ փոքրիկ մի մոլորակի վրա սեփական վարդը խնամելու ու գուրգուրելու մասին: Որքան է մեզ այդ սերը պակասում..

    ReplyDelete
  13. Haik Zargaryan04 March, 2011 18:29

    Հարգելի Անուշ, իմ հայրենասիրության մեջ չկա ատելություն ու անհանդուրժողականություն: Իսկ Տերյանի, Սևակի ոը Շիրազի մեջ ինձ դուր չի գալիս նրանց պոսեզիայի էսթետիկան, մեկ-մեկ էլ թեմատիկ բովանդակությունը: Բացի այդ, հայրենիքի մասին պատկերացումներս չեն նույնանում վերըթվարկված բանաստեղծների կամ էլ Նժդեհի հետ: Այնպես որ եթե անգամ ատեմ էլ նրանց, կարող եմ միաժամանակ սիրել հայրենիքս, լինել հայրենասեր: Որովհետև հայրենիքն ինձ համար նախևառաջ սահմանադրությունն է, օրենքներն ու բարոյական արժեքները, տնտեսական արդյունավետ համակարգ, անվտանգ գոյություն և այլն...
    Ինչքան հիշում եմ, "Փոքրիկ Իշխանում" կար նաև մի բաոբաբ, որ լկտիորեն զավթել էր Փոքրիկ Իշխանի մոլորակը: Այնպես որ անհնար է մեկուսանալ աշխարհից, ունենալ առանձին ու նվիրական անկյուն և այնտեղ "վարդ գուրգուրել ու խնամել":

    ReplyDelete