Friday, April 30, 2010

Ընդդիմության, քաղաքացիների ու հասարակության մասին

Մարդիկ սիրում են մեղադրել՝ ուրիշներին, իհարկե։ Ավելի հազվադեպ՝ նաև իրենց։ Բայց միևնույն է, մեղադրում են ու շարունակելու են մեղադրել։ Մեղադրում են և՛ արածների, և՛ չարածների համար։ Մի խոսքով, մեղադրում են։ Մեղադրանքների, չեմ կարծում զուտ հայկական, տարբերակը կա, բայ հայերենում լավ բառ կա՝ խարազանել։ Ահա մեղադրանքի խարազանման տարբերակն էլ կա։ Այն սովորաբար վերջանում է քարկոծմամբ ու հասարակությունը որոշ ժամանակ հանգստանում է։ Շղթան իմ շրջապատում մեկը շատ դիպուկ է նկատում՝ մեղադրել, խարազանել, քարկոծել։ Մեղադրանքների քաղաքական տարբերակն էլ կա, որի հետևում քաղաքական ու բազմաթիվ այլ շահեր են, հիմնականում ինչ որ խմբերի, կոնկրետ խմբերի ֆինանսական ու իշխանատենչական շահեր։ Քաղաքականությունը հիմնականում դեպի այս շահեր է գնում, այդտեղ ազնիվ բաներ քիչ կան։ Բայց մեղադրանքների ու քաղաքականության միջև կապի մեկ այլ կտրվածքի մասին եմ ուզում գրել, որի կենտրոնում անհատն է, ավելի շուտ քաղաքացին ու այս շղթայում այն, ինչ սովորաբար անվանում են ընդդիմությունը, ինչը մեր իրականության մեջ հավասար է ՀԱԿ հապավմանը, վերջինս էլ՝ Լ.Տեր-Պետրոսյան անվանը։ Ահա ինչի մասին եմ ուզում գրել։

Իսկ գրել ուզում եմ մի քանի պատճառներով։ Նախ շատերն են մարտի 1-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների համար մեղադրում Լ.Տեր-Պետրոսյանին կամ Ս.Սարգսյանին կամ Ռ.Քոչարյանին կամ էլի շատ շատերին։ Հետո շատերն են նրանից ինչ որ մի բան պահանջում, իրենց հուսախաբված ու խաբված են զգում ու էլի մեղադրում են նույն Լ.Տեր-Պետրոսյանին կամ Ս.Սարգսյանին կամ Ռ.Քոչարյանին կամ էլի շատ շատերին։ Երեկ Lragir.am-ում չեմ հիշում ում, բայց թունդ ընդդիմադիր մեկի հոդվածն էի կարդում, որը ՀԱԿ-ին մեղադրում էր անհետևողականության ու ԼՂ հակամարտության հարցը գործիք դարձնելու և այլ բաների մեջ։ Մեղադրանքները շատ են, ցանկը կարելի է շարունակել։ Մեղադրում են հիմնականում մարդիկ, որոնք որոշակի կոնկրետ ակնկալիքներ ունեին ՀԱԿ-ից ու Լ.Տեր-Պետրոսյանի շուրջ ձևավորվող կոնյուկտուրայից՝ ակնկալիքներ հիմնականում անձնական բարեկեցության տեսքով։ Սա մի կողմ, քաղաքականությունը եղել ու մնալու է շահերի առաջմղման միջոց, դա նորմալ է։

Մեղադրողների մի շատ ավելի վատ խումբ էլ կա, որոնք զոհողություններ են պահանջում։ Չգիտես ինչու, չգիտես ինչ իրավունքով, պահանջում են ու վերջ։ Իմ ճանաչած այդպիսի մարդիկ հիմնականում երիտասարդներ են ու տաքուկ երիտասարդներ՝ «չաղ ու բախտավոր»։ Նրանց համար ինչ որ մեկը միշտ ինչ որ բան է արել, ու հիմա էլ մեծացել են ու հասարակությունից են պահանջում, որպեսզի այդ հասարակությունը իրենց համար ինչ որ բան անի, զոհողություններ են պահանջում։ Բայց դա էլ մի կողմ։

Գրել ուզում եմ նաև այն պատճառով, որ ինձ հուշում են, թե ես միշտ բողոքում եմ, դժգոհում եմ, ինչն այս պայմաններում հավասար է մյուսներին՝ հասարակությանը, շրջապատին, երկրին, մի խոսքով՝ ոչ ինձ մեղադրելուն։ Դա էլ մի կողմ, չնայած բողոքականության արդյունք է այսօրվա Գերմանիան։)

Մեղադրանքների ու պահանջների մի մեծ հատված ուղղված է ՀԱԿ-ի ու Լ.Տեր-Պետրոսյանի դեմ, որ նա չկարողացավ մինչև վերջ տանել իր սկսած գործը։ Տարավ չէ չտարավ, դա էլ մի կողմ, Լ.Տեր-Պետրոսյանն էլ մի կողմ։

Ավելի լայն նայեք իրականությանը։ ՀԱԿ-ն ու Լ.Տեր-Պետրոսյանը երևույթներ են, նրանց երևույթի տեսանկյունից նայեք։ Նրանք ամենազոր ու ամենակարող չեն, նրանք միայն գործիքներ են, որից կարողանում է օգտվել կամ օգտագործել հասարակությունը կամ էլ չի կարողանում։ Իսկ մեր հասարակությունը, ինչպես տեսնում եք, հիմնականում չի կարողանում։ Հասարակությունում քաղաքացիները քիչ են, հասարակությունում հիմնականում անհատ, առանձին մարդիկ են, առանձին ու անհատ ցանկություններով, անգամ ոչ շահերով, զուտ մարդկային, կենցաղային ցանկություններով՝ ստամոքսը լցնել, տաք հագնվել, սեքս անել, նորից ստամոքսը լցնել, մեքենայով անիմաստ պտտվել քաղաքում։ Ցանկությունները շատ են, բայց հիմնականում նշված թեմաների շուրջ։ Ահա այս անհատները սպասում են, որ երևույթները հասարակական երևույթները պիտի կառավարեն ուրիշները, իսկ իրենք մեղադրեն ու խարազանեն ու քարկոծեն, բայց ոչ մասնակցեն՝ բայց սեքս անեն, ստամոքսները լցնեն ու մեքենայով պտտվեն քաղաքում։

ՀԱԿ-ից ու Լ.Տեր-Պետրոսյանից շատերը սպասում են ինչ որ փոփոխություն, ինչ փոփոխություն, հաստատ համոզված եմ, շատ քչերն են հստակ պատկերացնում։ Քչերը հաստատ գիտեն ինչ են ուզում։

Զարմանում եմ, թե ինչու են մարդիկ կենտրոնանում մարդկանց, ոչ թե երևույթների շուրջ, թեև պատասխանը շատ լավ գիտեմ, լեզվաբանությունից գիտեմ՝ աշխարհը մարդակենտրոն է։ Ինչու ենք մենք այսօր կոնկրետ մարդու հետ հույսեր կապում ու ոչ թե երևույթների, միտումների, կառույցների, ինստիտուտների։ Ինչու ենք մենք շարունակում այսօրվա իրավիճակի մեղավորներ փնտրել կոնկրետ մարդկանց շարքերում ու ոչ երևույթների։ Մարդիկ, անհատ մարդիկ թույլ են, ինչքան էլ «դուխով» լինեն, «դուխը» հնարավոր է կոտրել։ Կոնկրետ մարդկանց շուրջ չէ, որ պետք է կառույցներ կառուցել ու հույսեր կապել։ Ոչ ոք երաշխիք չունի որ նույն անհատը շատ արագ չի վերափոխվի։ Ավելի լավ է հոսք ստեղծվելու հնարավորություն ստեղծել, հոսքը համալրվելու պայմաններ ապահովել, հոսքի ուղղությանը չմիջամտել, այն ինքն իրեն կուղղվի, կգնա, իր արժեքները կստեղծի, եթե արդեն իսկ չունի։

ՀԱԿ-ն ու Լ.Տեր-Պետրոսյանը, Ս.Սարգյսանի, Ռ.Քոչարյանի, Գ.Ծառուկյանի, ԼՂ հակամարտության, հայ-թուրքական հաշտեցման, Հայոց ցեղասպանության, Տ.Սարգսյանի ու նրա թիմի, ժամանակ առ ժամանակ էլ ՀՅԴ-ի հետ մեկտեղ հոսքեր են։ Պիտի ընտրել հոսքերից մեկն ու մեկին, մասնակցել հոսքին ու շարժվել։ Պարտադիր չէ հանրահավաք գնալ, պարտադիր չէ բարիկադներ կառուցել, պարտադիր չէ ինչ որ մեկի վրա կրակել։ Կարելի է աշխատել, ստեղծել, արարել, ուրիշի աշխատելու ու ստեղծելու իրավունքը հարգել, ուրիշի գլխի վրայով չքայլել։ Շատ բան կարելի է անել կամ էլ օգնել, որ անեն։

ՀԱԿ-յան «ֆենոմենն» այն էր, որ նա կարողացավ մի այնպիսի հոսք առաջարկել, որը ԹՎՈՒՄ էր, թե տարբերվում է մյուսներից։ Այն այնքան է նույնական մյուսների հետ, քանի դեռ մեխանիզմների ու կառույցների ու ինստիտուտների փոխարեն Փաշինյաններ, Զուրաբյաններ, Սուքիասյաններ, Տեր-Պետրոսյաններ, ԼՂ կարգավորում, հայ-թուրքական սահման, Հայոց ցեղասպանություն է առաջարկում։ Այն կտարբերվի այն դեպքում, երբ կսկսի առաջարկել ընտրական գործող համակարգ, աշխատանքային գործող օրենսդրություն, արհմիություններ, կրթական համակարգ, հարկահավաքագրում, առողջապահական համակարգ՝ մի խոսքով կառույցներ, ոչ մարդիկ։

Կամ էլ կարելի շարունակել մնալ անհատ՝ ստամոքս լցնել, սեքս անել ու քաղաքում անիմաստ թափառել։

Ուրբաթ իրիկուն, Մարատ
--

3 comments:

  1. konfliktabanutyan mej ed yerevuyty kochvuma artaqin lokus kontrol, ed tipi mardik amen inchum en mexavorner pntrum, menak qaxaqakanutyuny chi, skasats exanakic, baxtic, astsuc, char achqic... magistrosakan thesis es masin er... u ete menq chunenaqn nerqin lokusov qaxaqaciner, chem kartsum es erkrum voreve ban poxvi, menq inqners`yuraqanchyur qaxaqaci piti poxvi, hamadzayn em andzakentronutyan avanduyty institutakentroni poxarinman hrataputyan het

    ReplyDelete
  2. Դժվար է ասել երբ նման քաղաքացիները մեծամասնություն կկազմեն, կարծում եմ ոչ մոտ ապագայում։ Մտածում էի դա կգա բարեկեցության հետ, բայց իմ իմացած բարեկեցիկ շատերն են դժգոհ ու անիմաստ պահանջկոտ քաղաքացիներ, իսկ առավել վատ է, որ նրանք երիտասարդ են ու ընդդեմ մեր պետության ու շատ հաճախ երկրից դուրս։ Հայրենիքից, երկրում ապրող քաղաքացիներին, իրադարձություններից «էլ ավելի բարեկեցիկ հեռուեն» հեշտ է շատ ավելի պահանջել։ Չգիտեմ, երևի ամեն ինչ ժամանակի հետ կա։

    ReplyDelete
  3. Մեկ ել ֆայմեն ստամոքսը լցնելու ու քաղաքում անիմաստ թափառելու արանքում պաշտպանվեն, որ իրանց նման աննպատակ մարդիկ չծնվեն...

    ReplyDelete