Friday, April 2, 2010

Եհովայի վկաների, երեխաների ու կամքի ազատության մասին


2005-ին Գերմանիայում մի ընտանիքի հետ էինք մտերմացել։ Նրանք նույնպես, մեր պես, նոր էին այդ երկրում, թեև մտադիր էին մեկընդմիշտ մնալ այնտեղ։ Ռուսախոս էին, Գերմանիայում հայտնվել էին Հունաստանից, Հունաստան էլ երևի թե Մինվոդիից կամ էլ մոտակա ինչ որ քաղաքից, լավ չեմ հիշում։ Հիմա էլ չեմ հիշում թե ինչպես ծանոթացանք, ինչպես մտերմացանք։ Բայց լավ եմ հիշում, որ նրանք Եհովայի վկաներ էին։
Դավանանքը հայերի մոտ միշտ բացասաբար է ընդունվում, բայց նրանք բարի մարդիկ էին, իհարկե, սկզբից, միայն մեկ անգամ, փորձեցին կրոն քարոզել, բայց այդ պահին իմ ձեռքի տակ Ա.Վեժբիցկայի մի հոդված կար, որտեղ նա իմաստաբանական նվազագույն միավորների՝ իմույթների միջոցով վերլուծում էր քրիստոնության հիմքում ընկած արժեքային պատկերացումները։ Մի երկու պարբերություն կարդացի, ու վերջ, հավատափոխության թեման փակվեց։

Նրանք միշտ իրենց հետ արևմտահայերենով ինչ որ փոքրիկ թերթիկներ էին բերում, դե լեզվաբանի համար դա գանձ էր։)) Նրանք մի փոքրիկ ունեին, հետո ևս մեկը ծնվեց, հիմա էլ չգիտեմ թե քանիսն են նրանց ընտանիքում։ Միշտ էլ անփույթ եմ եղել ծանոթությունները պահելու հարցում, դրանք մշտական խնամքի կարիք են պահանջում։ Կարծում եմ մարդկային էությունն է այդպես, բոլորն են ինչ որ մի պահ հրաժարվում ինչ որ մի բան խնամելուց, սկսած սովորական կակտուսից մինչև ընկերություն, այստեղ ես չեմ մեղավոր։
Այդ ընտանիքում, ինքներդ եք հասկանում, չափազանց ցավոտ էր կրոնի նկատմամբ ցանկացած խոսակցություն, բայց մի անգամ բանավիճելուց խուսափել չհաջողվեց։ Ահա թե ինչու։
Աղջիկս Գերմանիայում կաթոլիկ մանկապարտեզ էր հաճախում, որտեղ ճաշից առաջ շնորհակալություն էին հայտնում Աստծուն հացի համար, կրոնական տոներին խմբով միշտ եկեղեցի գնում (նրանց խմբում ի դեպ մի թուրք աղջիկ կար, որը նույնպես եկեղեցի էր գնում, սա մի ուրիշ ֆենոմեն է), կրոնական թեմաներով հանդեսներ պատրաստում։
Հետաքրքր է, մեր մանկապարտեզներում հանդեսները կամ գարնանն են նվիրված, կամ աշնանը, կամ Նոր տարուն կամ մայրերի տոնին, իսկ այնտեղ՝ Հիսուսի ծննդյանը, Զատիկին։
Եկեղեցու քահանայի հետ մենք էլ էինք շփվում, լեհ էր, գերմանացի չէր։ Նա էլ անընդհատ առաջարկում էր, որ աղջկաս ու տղայիս կնքեինք։ Նրանք այն ժամանակ կնքված չէին, հիմա էլ չեն։ Ես փորձում էի բացատրել, որ կնքվելով նրանք կաթոլիկ են դառնալու, իսկ մենք Հայ առաքելական ենք։ Չնայած կաթոլիկ, ավելի շուտ «ֆրանկ» (այստեղ տարբերություն կա) են ծնողներս։
Ես ինքս առաքելական եմ, թեև կրոնի մասին շրջապատիս ու ընտանիքիս պատկերացումները մանկուց ինձ հուշել են, որ եթե ծնվում ես ֆրանկի ընտանիքում, ուրեմն ինքդ ֆրանկ ես, դրա համար էլ կքնվել պետք չէ։ Այսինքն կրոնը ժառանգական է, այն գիտակցված որոշում չէ։ Թեզը վիճարկելի է, նվազագույնը ինձ համար։ Ինչ երկարացնեմ, աղջիկս չկքնվեց, կկնքվի, երբ ինքը գիտակցելով ուզի կամ պահանջի։
Կնքվելու թեման արդիական էր նաև իմ մտերիմ Եհովայի վկա ընտանիքում։ Նրանք, որ սկզբում ռուս ուղղափառ էին եղել, ներքուստ կասկածների մեջ էին, արդյոք պետք է իրենց տղային կնքել որպես Եհովայի վկա։ Ես փորձում էի բացատրել, որ ռուս ուղղափառ, հայ առաքելական, հայ ֆրանկ (ոչ հայ կաթոլիկ) հավատքի դեպքում այն ոչ միայն կրոն է, այլև մշակույթ, կենցաղ, արժեքներ, աշխարհայացք, որն առաջին հերթին ազգային է, այն քո ինքնության կարևորագույն մի մասն է, ինչպես ինչ որ լեզվով խոսելը, ինչ որ վայրում ծնվելը, ինչ որ գույնի մազեր, աչքեր ունենալը։
Եհովայի վկայության դեպքում այս ամենը բացակայում է, կամ սկզբնավորման փուլում է, բայց դա չէ կարևորը, կարևորն այն է, որ Եհովայի վկայությունը իրենց համար առաջին շրջանում, գիտակցված ընտրություն է եղել, հասուն մարդու գիտակցված ընտրությունը, որը նախ Ռուսաստանից նրանց բերել է Հունաստան, հետո էլ Գերմանիա։ Մյուսների դեպքում այդ ճանապարհը լուծվում է փախստականների մասին հեքիաթասացության միջոցով, եզդիները բողոքում են Հայաստանում ազգային ինքնությունից, որպեսզի Գերմանիայում փախստականի կարգավիճակ ստանան։ Հայերը հորինում են, թե Բաքվից են և չեն կարողանում ինտեգրվել հայաստանյան հասարակության մեջ և այսպես շարունակ։ Նրանք Եհովայի վկայությամբ են Գերմանիա հասել։
Լավ, դա իրենց գործն է, չեմ մեղադրում, նման իրավունք չունեմ, անգամ մտքովս էլ չի անցնում։ Բայց մի՞թե այդ ընտրությունը կարելի է պարտադրել երեխային, այն էլ սեփական երեխային։
Կարծես ստանդարտներն իմ մոտ երկակի են, ֆրանկությունն իմ համար ժառանգաբար է ու դա իմ համար նորմալ է, իսկ Եհովայի վկայությունը ոչ մի դեպքում ժառանգաբար չէ ու աննորմալ։ Աննորմալ է, որ հայրն ուզում է, որ իր որդին նույնպես Եհովայի վկա լինի։ Դա նույնն է, եթե մեկն ինձ փորձի համոզել, որ աղջիկս կամ տղաս չպետք է քրիստոնյա լինեն։
Բայց խնդիրը իմ համար ահա թե ինչում է։
Կրոնն իմ համար, շնորհիվ հորս, ինչի համար շնորհակալ եմ նրան, հավատք է, բայց հավատք ինչ որ որոշակի պատկերացումների նկատմամբ, որը գործընկերներիցս ու ընկերներիցս շատերը արժեհամակարգ են կոչում։ Այն պատկերացում է արդար ու սեփական քրտինքով հաց վաստակելու, մեծերին ու փոքրերին հարգելու, մյուսներին չնեղացնելու, վիզ չծռելու, անգամ «հորս հացը մուննաթով չուտելու» և էլի ուրիշ շատ բաների մասին։ Այս ամենը միավորվում է Աստծու, ավելի շուտ Տիրոջ հանդեպ հավատքով։
Իսլամում այս ամենը ես տեսնում եմ, բուդդիզմում նույնպես, անգամ ինչ հեթանոսություն է անվանվում, աթեիզմը նույնպես հավատք է՝ հավատքի անհնարինության հավատք։ Իսկ Եհովայի վկայությունում այս ամենը կարծես չկա։ Դու պարտադրում ես քո որդուն չունենալ ինքնութայն ինչ որ հատված, որը գալիս է հորից, ով կոնյակ խմելուց առաջ վերև է նայում (տղաս նույնպես սովորել է պապից ու կենաց ասելիս «փառքդ շատ է» ասում), գալիս է մորական պապից, ով չգիտես ինչու պարտադիր «հավատ» կամ ավելի շուտ «պաշտած է քրֆում», մորական տատի թոնրում թխած հացի հոտից, երբ խմորը բացելուց առաջ միշտ խաչակնքում է ու խմորի վրա ձեռքով խաչ հանում, կամ հորական պապից, ով միշտ ծխում էր ու միշտ տխուր էր, միշտ իր մտքերի հետ ու իմաստուն, հորս հորաքրոջից, ով ամբողջ կյանքում եղբոր երեխաների մասին էր հոգ տարել։ Այս ամենը կրոն է, հավատ, իմ շրջապատի համար ֆրանկություն, իմ համար՝ ինքնություն, ոչ կրոնական ինքնություն։ Դրա համար էլ ուզեցի կնքվել հայ առաքելական Լեննականի (ոչ Գյումրիի) Յոթ վերքում։ Կա արդյո՞ք այս ամենը Եհովայի վկայությունում։ Մի՞գուցե և կա, բայց ես չեմ կարծում։ 
Ահա թե ինչու երեխային պետք չէր, ըստ ինձ, կնքել փոքր տարիքում։ Չգիտեմ ընդունեցին նրանք ինձ թե ոչ, բայց երեխային չկնքեցին։ Հիմա չգիտեմ։
Հիմա կասեք ինչ կապ ունի այս ամենը երեխաների ու կամքի ազատության հետ, ինչպես պնդել էի վերնագրում։ Ասեմ. պետք չէ պարտադրել ինչ որ մի բան, այն էլ երեխաներին ու դրա անունը լավ կամ վատ դաստիարակություն դնել։ Երեխան ծնվում է ու արդեն հասուն մարդ է, առաջին իսկ օրը։ Միգուցե հնչյունը հնչույթից չի տարբերում, բայց դա չէ կարևորը։ Աղջիկս ծնված առաջին օրը մեծ ու սիրուն կլոր աչքերով ինձ էր նայում, տղաս միշտ քնած էր, բայց երկուսն էլ հասուն մարդիկ էին, ձևավորված մարդիկ, փոքրիկ մարդուկներ։)))))
Նրանց ազատություն է պետք տալ, ապրելու, շնչելու, ինչ որ մի բան անելու, ջարդելու, վազվզելու, քանդելու, թափթփելու ու հետ չհավաքելու ազատություն։ Միգուցե պետք է և հետևել, կողքից հետևել, ուրախանալ, զրուցել, քննարկել, բանավիճել, ջղայնանալ, վիճել, տղաների հետ խմել, բայց ոչ պարտադրել, ոչ պատժել։ Վերջին երկուսը կարծես թե Եհովայի վկայություն են հիշեցնում։
Ահա և ինչի մասին ուզում էի գրել։
Վերջաբանները ես կտրուկ եմ գրում։ Ընդունում եմ, այդպես է, բայց հենց դա է դրա իմաստը. ոչ միայն սեփական եզրակացություն անել, այլև այդպիսի հնարավորություն տալ մյուսներին, պայմանով, որ երևույթների կապի իմ առաջարկած ուղին նրանք կարողացել են ընկալել։
Հինգշաբթի իրիկուն, Մարատ
--

6 comments:

  1. Սամվել
    Մարատ, ինձ թվում է` մի քանի բան խառնել ես իրար: Կրոն, աղանդ, կնունք` թվում է նույն թեմայի մեջ են, բայց լրիվ առանձին տարողունակ ենթաթեմաներ են:Հավատքի վերաբերյալ պատկերացումներդ այնքան էլ առաքելական չեն, ուստի հարց է ծագում` ինչու էիր ուզում անպայման կնքվել Առաքելական եկեղեցում: Ինչ որ թերհասկացողությոն կա չէ?` հավատքի հարցում, ու հնարավոր է` մինչև կյանքիդ վերջը այդ թերհասկացողությունը չվերանա: Դու ենթագիտակցորեն այնքան էլ չես վստահում հավատքի կազմակերպական ձևերին, լինի դա աղանդ կամ Առաքելական եկեղեցի, բայց ավանդույթի ուժով կնքվում ես վերջինում: Դա նորմալ է, նորմալ կլինի նաև, եթե երեխայիդ էլ տանես այնտեղ: Դրանով չես խաբում ոչ իրեն, ոչ քեզ, ոչ էլ ինչ որ իրավունքներ ես խախտում: Միևնույն է` նա մեծանալու ու իր սեփական արժեհամակարգն է ձևավորելու: Հիշեցնեմ, որ մեր եկեղեցին նույնպես ունի մանկական խմբեր, որոնցում ակտիվ քարոզչություն է տանում: Համձայն եմ, որ երեխային պարտադրել չի կարելի, նույնիսկ ծնողական իրավունքի շրջանակում: Ճիշտն ասած` չգիտեմ, արդյոք Եհովայի վկաներ մոտ ընդհանրապես այդպես է, ամեն ինչ պարտադրանքի վրա է:

    ReplyDelete
  2. Ողջույն Սամվել, ամբողջ գրառման ընթացքում ուզում էի բացատրել, որ առաքելականությունն ու ֆրանկությունը իմ համար մշակույթի տարրեր են, որոնք ես եկեղեցում չեմ սովորել, որովհետև եկեղեցի իմ շրջապատում չի եղել։ Եկեղեցի չկա նաև իմ երեխաների շրջապատում։ Իսկ թե մշակույթ է արդյոք Եհովայի վկայությունը, երևի թե մշակույթ է։ Իսկ առաքելական եմ ուզել դառնալ պարտադիր, որովհետև այն իմ հայ ինքնության մի մասն է, իզուր չէ այն կոչվում Հայ առաքելական։ Ֆրանկությունը հորս ինքնության մի մասն է։ Այլ թեմա է, ֆրանկների ու հայերի մասին պատկերացումների հակադրումը, միգուցե և գրեմ այդ մասին, եթե ֆրանկների ու հայերի մասին բազմաթիվ անեկդոտներից մեկը հիշեմ։ Հավատքի մասին պատկերացումները, կամ քո նշած «(թեր)հասկացողությունները» տարբեր են, իմ մոտ մի փոքր խառը։ Կնունքը, ի դեպ, իր հիմքում կրոնական չէ, այն հասարակության մեջ նոր անդամ ընդունելու արարողակարգ է։ Այն քրիստոնեական, իսլամական, եհովայական, հրեական, հեթանոսական ինչ ուզում ես կարող է լինել։ Նույն շարքում է նաև թլպատումը։ Այս ամենը իհարկե տարբեր մակարդակներում են, բայց միավորված են ու արժեքների առանձին մասեր են։ Ինձ համար ավելի կարևոր արժեքներ չպարտադրելու, այլ գիտակցաբար ընտրելու ազատությունն է։ Բայց միևնույն է, ամեն ինչ հակասական է ու հարաբերական։ Իրար խառնելը՝ նորմալ (չնայած «նորմ» ու «նորմից շեղում» հասկացությունը ևս հարաբերական է, լեզվաբանությունից շատ լավ գիտեմ։))
    Ամեն դեպքում, շնորհակալ եմ արձագանքի համար
    Մարատ

    ReplyDelete
  3. Բարի օր Մարատ, շնորհակալություն արձագանքի համար: Ես չգիտեմ, որքան և ինչ առնչություն ես ունեցել կրոնի հետ, բացի նրանից, որ եկեղեցում կնքվել ես: Կամ ինչ չափով ծանոթ ես Աստվածաշնչին, որի վերաբերյալ բանավեճ ծավալեմ: Մի բան ուզում եմ շեշտել` գիտակցաբար ընտրելու ազատությունն ու կրոնը հակընդդեմ են: Ցանկացած կրոն քեզ պարտադրելու է որոշակի պատկերացումներ, որոնք դեմ են լինելու քո գիտակցական էությանը, բայց դու ստիպված ես լինելու ընտրություն անել` քննելու Աստվածաշունչը, որն ինքնին սրբապղծություն է, կամ կուրորեն հավատալու դրան: Իսկ մնացածը դրանից ածանցվում է:

    ReplyDelete
  4. Մարատ ջան ինձ շատ դուր եկավ գրելու քո ոճը այն առումով որ չափազանց նրբանկատ և հարգալից ես ներկայացնում այն մարդկանց հավատալիքներն ու ավանդույթները որոնք տարբերվում են քեզանից: Այլակարծության նկատմամաբ բարձր տոլեռանտություն ունես. հատկություն որը շատ ցավոք քիչ է հանդիպում մեր հայրենակիցների մոտ: Ինչևէ, պարզապես կցանկանամ մի փոքրիկ ուղղում անել: Բանը նրանում է որ բավականին քաջածանոթ եմ բողոքականության հիմնական ճյուղերին /դիսերտացիայիս թեման էր/ և կարող եմ մի բան հաստատ ասել. Եհովայի Վկաների մոտ երեխաների մկրտել չի թույլատրվում փոքր հասակում, որովհետև մինչ մկրտություն յուրաքանչյուր ցանկացող նախ պետք է ուսումնասիրի Աստվածաշունչը այնուհետև պետք է հարցազրույց անցնի, որի ընթացքում տվյալ համայնքի երեցները պարզում են թե որքանով է մկրտության թեկնածուն ճիշտ հասկացել հիմնական ուսմունքները աստվածաշնչյան: Այդ իսկ պատճառով մկրտության գնում են հիմնականում արդեն համեմատաբար հասուն հասակում: Իսկ եթե մկրտության գնացողն անչափահաս է, բայց ինքը շատ է ցանկանում մկրտվել` այդ դեպքում անհրաժեշտ է երկու ծնողների գրավոր համաձայնությունը:

    ReplyDelete
  5. Շնորհակալ եմ Աթեիստին մեկնաբանության ու տեղեկության համար։ Իմ նկարագրած ընտանիքում և՛ հայրը, և՛ մայրը Եհովայի վկաներ էին, երկուսն էլ ուզում էին տղային մկրտել։ Մայրը մկրտված էր, հայրը՝ ոչ, ու ջանք չէր խնայում մկրտվելու համար։

    ReplyDelete
  6. Նշեմ պարզապես որ Եհովայի Վկաների ուսմունքի համաձայն այն անձը ով որ մկրտված չէ, թեկուզ և կիսում է իրենց համոզմունքները, իրավունք չունի կոչվելու Եհովայի Վկա: Այդ կոչումը նրանք ստանում են միմիայն մկրտվելուց հետո: Նման պրակտիկա ընդունված է նաև այլ քրիստոնեական կոնգրեգացիաներում:

    ReplyDelete