Friday, March 26, 2010

Ի՞նչ անել

Ռուսական «Культура» ալիքով ամեն կիրակի, կեսօրին մոտ, հետաքրքիր մի հաղորդում կա, կոչվում է Что делать?։ Հավաքվում են իրոք խելացի փորձագետներ ու իրոք խելացի բաներ են խոսում ռուսական հասարակությանը հուզող թեմաների մասին։ «Ի՞նչ անել» հայերեն թարգմանությունը կարծում եմ տեղին չէ, շատ ավելի համապատասխան է երևի թե «Ինչպե՞ս վարվել» տարբերակը։
Հարցադրումը տեղին է հայաստանյան իրականության համար, ինձ ավելի շուտ դրա ոչ գլոբալ, ողջ համաշխարհային նշանակության կամ հայ-թուրքական կարգավորումների կտրվածքն է հետաքրքրում։ Ռուսական հեռուստահաղորդման լրջությանն էլ չեմ հավակնում։))) Պարզապես պարզ այս հարցադրումն այնքան էլ պարզ չէ։ Իսկ կտրվածքն իմ դեպքում ավելի փոքր է, նեղ, միգուցեև աննշան, ճղճիմ։ Այն անհատների մասին է, անհատների ու հասարակության մասին։ Ինչպես են անհատներն ընկալում այդ հասարակությունն ու ինչպես են իրենք տեղավորվում այդ հասարակության մեջ։

Լեզուն այս հարցում հետաքրքրի գործիք է, այն թույլ է տալիս առաջին հայացքից պարզ թվացող կապակցությունների մեջ տեսնել այդ կապը, տեսնել կապի անհատների փիլիսոփայությունը։ Ես նվազագույնը երեք այդպիսի փիլիսոփայություն գիտեմ, որոնք այս կամ այն պահին օգնում են ինձ (իրականում շավ ավելի շատ են դրանք, դրանց մասին գրելն է անիմաստ։)
«Էշի երկիր է», սիրում էր ու սիրում է կրկնել հայրս։ Ընդ որում, կրկնում էր, երբ հասարակությունը թեժ կոմունիստական էր, երբ կոմունիստ պաշտոնյաներն էին իր ընկերները, դրանից բխող արտոնություններով։ Կրկնում էր երբ պետությունը փլուզվում էր, երբ փլուզվեց, հետո երբ բոլլոր ՀՀՇ-ականներ էին, հետո երբ ՀՀՇ-ականներ չէին, հետո ինչ որ խառը տարիներ էին, կրկնում է նաև այժմ։ Սա փիլիսոփայություն է, որ թույլ չի տալիս, կամ հասարակությունը հնարավորություն չի ստեղծում անհատին իրացնել սեփական ներուժն ամբողջությամբ։ Մնում է կորցված հնարավորությունների, մսխված տաղանդի ու ներուժի զգացումը։ Անհատը տեսնում է հասարակության բաց ու թույլ կողմերը, բայց չի չարաշահում, չի շահարկում, չի օգտագործում այդ կողմերը սեփական եսը հարստացնելու, գռփելու համար, ոչ թե որովհետև մուտք չունի դեպի այդ հնարավորությունները, այլ որովհետև դա ճիշտ, կամ ավելի շուտ արդար չի համարում։ Ինչքանով է փոիլիսոփայությունն աշխատում երևանյան իրականության մեջ, թողնում եմ ձեր խղճին, բայց իմ ծննդավայրում այն աշխատում է։ Նյութական բարիքներ միգուցե և շատ քիչ է ապահովում, քան կարող էր, փոխարենը մեծ է հարգանքը։ Այն կարող է անգամ մի քանի կմ ձգվող ավտոշարասյան վերածվել, երբ դու զգում ես դրա կարիքը կամ շրջապատը փորձում է, ամեն կերպ փորձում է «վարձահատույց» լինել քեզ։
Մյուսը «Կյանքի մեջ լոգիկա չկա»-ն է։ Երբ մի քանի երկար ու դժվարին օտարկերյա համալսարանական տարիներից հետո կրկին հայտնվեցի ԵՊՀ-ում, ոչ մի կերպ չէի կարողանում տեղս գտնել։ Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ գործընթացները, շարժերը, ուսումնական պրոցեսը, մարդկանց հասկանում էի, բայց կոնյուկտուրան չէի հասկանում։ Տարօրինակ էր այդ ամենը։ Պատասխանն ու իմ համար նաև նոր օրիենտիր հուշեց գործընկերուհիներիցս մեկը։ Նա մի առիթով ասաց, թե ոչ մի տեղ լոգիկա փնտրել պետք չէ, անգամ կյանքի մեջ։ Սա փիլիսոփայություն է, որն ամեն ինչ ընթացքի մեջ է թողնում, նվազեցնում բանականության դերը։ Բանականությամբ կյանքի բոլոր գործոնները հաշվի չես առնի ու փիլիսոփայությունն այսքանով տեղին է, կենսունակ։ Բայց այն հետևանքային է, մխիթարող։
Ամենագործունն այս շարքից ու արարատյան դաշտավայրային իրականության մեջ «բրթի գնան» է։ Միշտ իրադարձությունների շրջապտույտի կենտրոնում, միշտ ինչ որ լուծում առաջարկող։ Փիլիսոփայությունը բազմաթիվ շերտեր ունի. «բրթել» կարելի է շատ բաների համար, ուրախ ու տխուր պահերին, անգամ այն ժամանակ, երբ էլ գնալու ո՛չ տեղ կա, ո՛չ էլ տրամադրություն։ Բայց «բրթելու» վատն էլ հենց «բրթելն» է, դու միշտ «բրթողի» դերում ես, իսկ իրականությունը միշտ խորթ ու թշնամական։ Հակառակ դեպքում դու ինքդ կգնայիր ու բրթելու կարիք էլ չէիր ունենա։
«Ինչպե՞ս վարվել»-ը էլի մնում է, միանշանակ պատասխան սպասելը հիմարություն է նվազագույնը։ Բայց արդար ու անհատին հարմարավետ սցենարները փնտրելուց հազիվ թե արժե հրաժարվել։
Մարատ

No comments:

Post a Comment