Monday, March 22, 2010

Հայ բլոգերների, բլոգոսֆերայի ու նորարարության մասին

Շաբաթ, ինչպես միշտ համալսարան գնալուց հետո, գնացի մի հանդիպման, որը կազմակերպել էին էլ չեմ հիշում ով, բայց հայ բլոգերների հանդիպում էր, մոտավորապես այսպես կարելի է բնութագրել։ Հանդիպումն առաջինը չէր, նրանք մեկ անգամ էլ էին հանդիպել, մի քանի ամիս առաջ, բայց ես այն ժամանակ դեռ բլոգեր չէի, հիմա էլ չեմ, պարզապես օրագիր եմ վարում։) Նրանք բլոգները մոնետարիզացնելու ինչ որ ինտերնետ նախագիծ էին մշակել ու դա էին ներկայացնում։


Ես, իհարկե, համեմատ նրանց մի քանիսի, դեռևս նորեկ եմ ոլորտում, բայց նորեկությունը անպայմանորեն չի նշանակում ինֆորմացված լինելու, կամ ոլորտի մասին պատկերացումներ ունենալու, կամ միտումների տեսնելու հարցերում նույնպես նորեկ լինել։ Հայաստանյան ինտերնետ ու կայքերի զարգացման շուկային, հայաստանյան փառահեղ ՏՏ ընկերություններին ծանոթ ու մասնագիտության բերումով հետևում եմ 2006թ. նոյեմբերից։

Իմ հետաքրքրությունը նախ սիրողական էր՝ հայերենը ինտերնետում ավելի շատ տեսնելու ցանկությամբ։ Այս փուլի արդյունքները հայերեն թարգմանված մի քանի ծրագրերին էին, ծրագրերի թարգմանությունների համար անհրաժեշտ թեզաուրուս-բառացանկերի կազմումն էր, նաև բջջային հեռախոսների թարգմանության համար։ Արդյունքներն այդպես էլ մնացին իմ և համախոհների համակարգիչներում, թեև օգնեցին «Կապիտալ»-ում ՏՏ ոլորտի նյութեր խմբագրելու ժամանակ։ Մյուս փուլում մոտեցումը գիտական էր, մասնագետների հետ, մեքենայական թարգմանություններում լեզվաբանական տարրի ուժեղացման ձգտմամբ (մասնագիտությամբ լեզվաբան եմ)։ Անարդյունք, որովհետև ջանքերը մեծ ռեսուրսներ են պահանջում, ամենից առաջ ժամանակային ռեսուրսներն, ու զուտ անհատական մղմամբ հնարավոր չէ արդյունքի հասնել։ Երրորդը սկսվեց 2008-ի ապրիլից. միայն տպավորության մասին գրեմ՝ հայաստանյան ՏՏ ընկերություններից շատերը ոչ միայն սեփական գաղափարներ առաջադրել, այլև տրվող գաղափարները իրագործել պատրաստ չեն։ Իսկ ծիծաղելին այն է, որ քո տրված գաղափարները քեզ են վերաշարադրվում նվազագույնը վեց ամսից-մի քանի տարի անց ու անպայման Lite տարբերակով։) Հայաստանյան ՏՏ ոլորտի մասին ինչ հիմա խոսում են, հատկապես հեռուստատեսությամբ ու կառավարությունում ու նաև իրենք ընկերությունների ղեկավարները, միֆ է, իրականության հետ կապ չունի։ Բացառություններ միգուցե և կան, բայց բացառությունների վրա ոլորտ չես կառուցի։

Հոռետեսական այս ֆոնի վրա բլոգերների ինքնակազմակերպման այս ձգտումը միանշանական ողջունելի է, թեև նրանք իմ գնահատականի կամ իմ կարծիքի անհրաժեշտությունը չունեն, ես էլ տտքննադատ չեմ ու չեմ էլ հավակնում։) Բայց իմ համար հետաքրքիր էր զանգվածը, մարդկային զանգվածը, որը հավաքվել էր ու նաև գաղափարները, որոնք քննարկվում էին հանդիպման ընթացքում։

Այս ամենից դուրս, հայատառ ու հայերեն ինտերնետը այսօր խնդիրներ ունի, շատ մեծ խնդիրներ։ Փորձեք հաշվել թե քանի հայատատառ ու հայերեն միջազգային ռեսուրս կա, Google-ի գլխավոր էջը հայերենով չհաշված։ Փառք Աստծո, Խաչիկը (ARMACAD) նախաձեռնեց կամ էլ նոր խթան տվեց Facebook-ի հայերեն թարգմանությանը։ Վերջ, կարծում եմ։ Այսօր հայատառ հայերեն գրելու առաջնային խնդիր ունենք։ KdWin-յան տրամաբանությամբ դա հնարավոր չէ, բացառված է։

Նույն բլոգները, դրանք հիմնականում հայերեն էլ չեն, էլ չեմ խոսում, որ այդպիսի բլոգ վարելու ծառայություն առաջարկող միջազգային պլատֆորմների (Blogger, Wordpress, LifeJournal և այլն) ադմինիստրատիվ հատվածը ընդհանրապես հայերեն չէ (մի թեթև բացառությամբ Wordpress-ի)։ Օրինակ՝ Արխիվ ծառայությունը. «Արխիվ» գրում ես հայերեն, իսկ ամիսներն արդեն անգլերեն են, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու այսպես շարունակ։ Հիշեցնում է Nokia հայաստանյան գրասենյակի ապուշ պնդումը հեռուստատեսային գովազդի ընթացքում, թե հեռախոսի մենյուն ու ստեղնաշարը ձեզ հասկանալի լեզվով է, դե նկատի ունեն ռուսերենը։ Բայց գլխավորը, որ հայերեն չէ։ Իսկ եթե իմ համար ռուսերենից ավելի հասկանալի է ասենք սուահիլին, այս դեպքում ի՞նչ։

Հայերենով վեբ գործիքների, միջազգային վեբ գործիքների իսպառ բացակայության պայմաններում հայերը սիրում են մեծ-մեծ խոսել, մեծ-մեծ ծրագրեր կազմել։ Ինչ որ մեկը ասենք Firefox-ի հայերեն թարգմանությունը տեսել է (այն կա, բայց 1.1 տարբերակի համար է)։ Կամ նույն ծրագրի addon-ների ո՞ր մասն է հայ ծրագրավորողների կողմից գրվել, կամ հայերեն ուղղագրություն, միայն տառասխալները ստուգելու, քերականական առաջարկների ու թեզաուրուսի մասին չեմ խոսում, ինչ որ ծրագիր կա՞, որն աշխատում է բրաուզերներում։ Կա խնդիրների առաջնահերթությունը պարզելու խնդիր։ Սրանից պիտի սկսել։

Պատկերացումների իմ այսպիսի շրջանակում հանդիպման ընթացքում դրվող հարցադրումները մեղմ ասած թեմայի մեջ չէին, ոլորտի խնդիրները չէ որ քննարկվում էին։ Հանդիպումը շատ արագ վերածվեց ներկայացվող ծրագիրը քննադատելու կամ «դոշ տալու» հակամարտության։ Հետո էլ սկսվեց, թե հայ բիզնեսը պատրաստ է, թե պատրաստ չէ գովազդի տեսքով գումարներ ներդնել բլոգներում։ Բիզնեսի անունից պնդումներ էին անում հիմնականում բիզնեսը չներկայացնող մարդիկ, իսկ ներկայացնող չորսից երկուսը՝ ՏՏ և զբոսաշրջություն, ավելի շուտ ամբարտավան-ինքնահավան էին (հոմանիշային շարք չէ, այլ գրոտեսկ), մեկը (Ինեկոբանկ) ընդհանրապես տեղյակ չէր ու չէր էլ պատկերացնում թե ինչի մասին է խոսքը, երևի բանկից ուղարկել էին, իսկ վերջինը ներկայացվող նախագծին մրցակից ծառայություն էր ներկայացնում ու ավելի շուտ չհիմնավորված նեգատիվ ու մեղադրողական էր տրամադրված։ Կառուցողական բանավեճի մասին այս պայմաններում խոսել հնարավոր չէր։

Իսկ այն, որ բլոգների մոնետարիզացիայի ներկայացվող հնարավորությունների պիկը, միջազգային պիկն արդեն անցյալում է, դրա մասին մոռացել էին։ «Արտերկրում», ինչպես սիրում են համեմատվել հայերը, այժմ այլ լուծումների փնտրտուքում են։ Պատմահամեմատական լեզվաբանության ու պատմական բարբառագիտության մեջ իզոգլոսների (զուգաբանությունների) տարածման ալիքային տեսություն կա՝ երևույթը կենտրոնից պերիֆերիայում հայտնվում է ալիքաձև տարածմամբ (պիկերի ու անկումների տեսքով) ու պերիֆերիայում շատ ավելի երկար կյանք ունենում, կան կենտրոնում։ Միգուցե և այս տեսության պայմաններում հայ բլոգերների այս մտահաղացումն աշխատի։

Ամեն դեպքում, մենք կենտրոնում չենք։ Ու մտահոգիչն այստեղ ահա թե ինչին է, որը, ի դեպ, մտահոգիչ է Հայաստանում մյուս բոլոր ոլորտների համար, ես կարող եմ վստահությամբ պնդել մամուլի ու կրթության ոլորտի համար։ Պիտի ընդունել, որ տեխնոլոգիաներում մեր իրականությունը հետ է ու հետևողի, ուրիշների հետևից վազողի դերում։ Տեխնոլոգիաները պիտի լայն հասկանալ՝ սկսած լեզվաբանություն դասավանդելու տեխնոլոգիայից, ավտոմեքենան սպասարկելու տեխնոլոգիայից, ճանապարհ կառուցելու տեխնոլոգիայից, գիրք տպելու տեխնոլոգիայից, հեռուստաեթեր ստեղծելու տեխնոլոգիայից, պետություն կամ փոքրիկ մի կոլեկտիվ ղեկավարելու տեխնոլոգիայից, որակյալ բովանդակություն ստեղծելու տեխնոլոգիայից, մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Այստեղ ավելի կարևորը բովանդակային կողմն է, բովանդակությունը, ոչ թե ստից-մտից ձևը, եթե իհարկե ուզում ենք առողջ հասարակություն ունենալ։ Թե չէ Range Rover Sport-ներ վարող անիմաստ ուսանողների շատ եմ ճանաչում։

Հայ բլոգերները բացառություն չեն, որովհետև հայ հասարակության գիտակից կամ ոչ գիտակից մի մասն են։ Ինչքան մեծ է գիտակցության աստիճանը, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանք վեր կկանգնեն այդ ամենից։ Ամեն դեպքում, նրանց քննարկումների բովանդակությունը հուսավառ չէր, թեև հանդիպման փաստը ոգևորիչ։

Մարատ

No comments:

Post a Comment