Friday, December 31, 2010

Ափսոս, իհարկե ու Փառք Տիրոջը ու Շնորհավոր Ամանոր

Տարին ավարտվում է՝ հերթական տարին, հերթական անգամ։ Ոչ սովորական, ոչ կրկնվող, պարզապես հերթական։ Ինչով այն սովորական չէր, երևի ամեն ինչով։ Չէի ասի թե այն արտառոց էր, չնայած իրադարձությունները, հիշարժան իրադարձությունները բավականին շատ էին։ Տոնը, կարծես թե ամփոփիչ է ստացվում, ինքս էլ եմ ուզում ինչ-որ կերպ ամփոփել։ Այն կարծես թե պիտի թույլ տա տեսնել այն, ինչը հնարավոր չէ նկատել ամենօրյա վազքի մեջ։ Ինչ տվեց տարին, ինչ էի ծրագրում ես ինքս, ինչը ստացվեց ու ինչու ստացվեց։ Ահա թե ինչի մասին պիտի լինեն հաջորդող տողերը, իհարկե, եթե ընթացքում միտքն այլ ուղղությամբ չգնա։

Sunday, December 26, 2010

Համբերություն՝ ծով, անսահման, խաղաղ, հանգիստ, դանդաղ

Եթե վերջին մի քանի տարիներին հայաստանյան իրականությունից կտրված չէիք, կամ այս կամ այն չափով առնչվել եք այդ իրականության հետ, հատկապես քաղաքային տաքսիներում, պիտի որ այս ամենը շատ ծանոթ թվա ձեզ, եթե իհարկե դուք ինքներդ ուղղակիորեն չեք անցել այդ ամենի թոհ ու բոհով։ Խոսքը դժգոհության մասին է. երբեմն այն սահման չի ճանաչում ու չի էլ ուզում ճանաչել։ Ակամա ինքդ քեզ հարց ես տալիս, արդյոք «օբյեկտիվ» է դժգոհությունների նման հեղեղը, ավելի ճիշտ՝ հիմնավորված է արդյոք այն։

Friday, December 24, 2010

Մարդս մարդ լինի...

Ցանկացած լեզվում կան արտահայտություններ, որոնք այս կամ այն կերպ մոդելավորում են այս կամ այն իրադրության կամ իրադարձության հնարավոր գնահատականը և հանդիսանում այն արժևովրելու պատրաստի նմուշներ։ Հաճախ այդպիսի արտահայտությունները կարելի է դիտել որպես որոշակի սոցիալ-մշակութային ոսպնյակ, որում կարծես թե բեկվում և խտացվում են մեր մոտեցումները սոցիալական կյանքի և վերջինիս տարբեր կողմերի վերաբերյալ։ Հնարավոր չէ բացառել նաև, որ այդօրինակ պատրաստի բառա-մտածական շրջանակների առկայությունը՝ ժամանակին արտահայտելով մարդկանց մոտեցումները կյանքին, դարերի գործածության արդյունքում ինքն է արդեն ձեռք բերել որոշիչ դեր և այժմ ավանդույթի ուժով ստանձնել կարգավորիչ դեր՝ իրեն ենթարկելով անհատական գնահատականների հավանական տատանումները։

Wednesday, December 22, 2010

«Ման անթա ֆի հայաաթիկա, բլին»

Գրառման առաջին վերնագիրը «Աշխատանքային էթիկայի ու ներքին խոհանոցի ու գրաքննության մասին» էր, բայց երբ գրեցի վերջացրեցի, որոշեցի փոխել. այս մեկն ավելի կոլորիտով է ու իմ լավ ու զեյթունյան տարիների ախպեր Սպիտակցի Գոռի սիրիական կայֆերի պատվին։

Վերջին շրջանում կտրուկ փոխվում է վերաբերմունքը այն ամենի նկատմամբ, ինչն անվանում էի ու շարունակում եմ անվանել վարչական ռեսուրս։ Այնքան կտրուկ է փոխվում, որ ոչ միայն հասցնում եմ առանց հատուկ ջանք գործադրելու նկատել այն, այլև անհարմարավետության ինչ-որ զգացում է ունենում։ Խոսքը վերաբերմունքի այնպիսի փոփոխության մասին է, երբ քննադատությունը վերածվում է քննադատության գրաքննության։

Saturday, December 18, 2010

Հետ ու առաջ, առաջ ու հետ...

Նամակ էի գրում, որում շարադրվող խնդիրը նախապատմությանն անդառնալու անհրաժեշտություն էր պահանջում։ Նամակի լեզուն հայերենն էր, ու նամակը, թեև կարևոր էր, արագ էր գրվում՝ առավել ուշադիր լինելու, խոսքերի ընտրության անհրաժեշտություն չէր առաջանոմ։ Ուստի հանգիստ շարադրում էի, մինչև ինչ-որ անհանգստություն կրկին չառաջացավ մտքիս ստորընկա շերտերում՝ ինձ խանգարելով նամակս ավարտին հասցնել։

Friday, December 17, 2010

ԱՍԱ Ո՞Վ Է ԱԿԱԴԵՄԻԿՈՍԴ, ԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈՒ

Օրեր առաջ հայ ազգն իմացավ, թե ովքեր են հավակնում համալրել իր գիտական սերուցքի՝ ԳԱԱ ակադեմիկոսների ու թղթակից-անդամների շարքերը։ Հասկանալի է, լուրը որևէ անակնկալ կամ գոնե նորություն չէր պարունակում, քանի որ Հայաստանում բարիքների, այդ թվում և գիտական կոչումների բաշխման մեխանիզմներն այնքան պարզունակ են ու կանխատեսելի, որ արդեն ուսանողական տարիներին կարող ես հստակ ենթադրել, թե ում ինչ է սպասվում (ուսխորհուրդ, նոմենկլատուրա, կարիերա և այլն և այլն...)։ Սակայն միևնույն է, ցանկը, թեկուզև կանխատեսելի, այնուամենայնիվ մտորելու տեղիք տալիս է...

Saturday, December 11, 2010

Անկեղծության ձևաբանությունը արդի հայերենում

Մի քանի օր առաջ, երեկոյան, հոգնած, ոչ մի կերպ չէի կարողանում ինձ ստիպել անջատել համակարգիչը և գնալ քնելու՝ կարծես, քնելը մի ծանր աշխատանք լիներ ու փորձեի հետաձգել այն՝ այ, մի քիչ էլ հանգստանամ՝ նոր։ Ժամանակ ձգելով աննպատակ նավարկում էի համացանցում, թերթում համակարգչիս մեջ եղած ֆայլերը, ու աչքովս ընկան ժամանակին պահպանված նկարները՝ սկսեցի նայել ու հանկարծ նկատեցի նկարներում պատկերվածներից մի քանիսի աչքերի արտահայտությունները, որ երբեք չէի նկատի այլ պարագայում՝ այնպիսի մի անկեղծությամբ էին այդ աչքերը արտացոլում իրենց տերերի ողջ կեղծավորությունը, որ ակամա ցնցվեցի ու հոգնածությունս էլ անհետացավ։

Friday, December 10, 2010

«Ժամանակ ու վաղեմություն»

Գլախո Զաքարյան հաստատ լսած կլինեք։ Լավ է երգում էլի, հո զոռով չէ։ Չնայած նայած ինչ տրամադրությամբ եք լսում Գլախո։ Հետո Գլախոն նաև իմ ամենամոտ ընկերոջ հոր կեղծանունն էր կամ մականունը, որովհետև նա էլ էր Ցողամարգի ու հարակից գյուղերի կտրվածքով Գլախոյի պես երգում ու շատ էր խմում ու մի հատ ընտիր 21 մեքենա ուներ, հավեսով մարդ էր, հիմա չգիտեմ, էլ Ցողամարգում չեն ու Հայաստանում էլ չեն ու մոտավոր գիտեմ որտեղ են ու մոտավոր գիտեմ ինչով են զբաղված։ Բայց խոսքը Գլախոյի երգերի մասին էր։

Monday, December 6, 2010

Ածանցման մասին ու ածանցյալ վիճակում

Շաբաթ առավոտյան անակնկալ նամակ ստացա, որն ուղարկել էին ուրբաթ իրիկուն, Երևանի ժամանակով, բայց կեսօրին՝ Եվրոպական կենտրոնական ժամանակով։ Նամակը, իհարկե, անսպասելի էր. ինձանից խորհուրդ էր հարցնում մեկը, ումից սովորաբար ես էի խորհուրդ հարցնում։ Խոսքն առօրեական կամ կենցաղային խորհուրդների մասին չէ, մասնագիտական՝ ինչքան էլ զարմանալի լինի, արաբական լեզվաբանական ավանդույթում կոնկրետ մի տերմինի ընկալման կամ մեկնաբանման հնարավորության մասին։ Հիմա կասեք, ինչքան, մեղմ ասած, «տարօրինակ» մարդիկ կան այս աշխարհում, որոնք «տարօրինակ» բաներով են զբաղված ու ուրախանում են դրա վրա։

Monday, November 29, 2010

ԲԵԹՀՈՎԵՆ, ԹԵ՞ ԳՅՈԹԵ

Հենց նոր դիտեցի Լեոնիդ Պարֆյոնովի՝ Լիստևի անվան մրցանակաբաշխության (որի առաջին դափնեկիրն էլ դարձավ նա) ժամանակ արտասանած ելույթը, որտեղ շատ բան է ասվում ռուսական իրականության ոչ այնքան պայծառ կողմերի մասին։ Ռուսաստանը, ի դեպ, շատ ավելի բռնապետական ու թշվառ երկիր է, քան թե մեր սիրելի հայրենիքը։ Պուտին-Մեդևեդև տանդեմոկրատիայի հոգատար ձեռքերում աշխարհի ամենահարուստ ու ընդարձակ երկիրն ընկել է այն աստիճան, որ կարգավիճակով հավասարվել է անցյալի բրիտանական գաղութներին։ Այլ կերպ ասած, վերածվել է հումքի մատակարարի, որը համատեղությամբ նաև կրում է զարգացած երկրների արտադրանքի սպառողական շուկայի «պատվաբեր» տիտղոսը։

Thursday, November 25, 2010

ՆԺԴԵՀԸ ՉԻ ՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ

Օրեր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի թթու խոսք ուղղեց նժդեհական ուսմունքի և դրա ժամանակակից կրողների հասցեին։ Հասկանալի է, նման հակահայրենասիրական պահվածքը չէր կարող մնալ անպատիժ. մի քանի նեոնժդեհական, մասնավորապես Էդիկ Շարմազանովը, անտեսելով «ինտելեկտուալ ուժերի» ակնհայտ անհավասարությունը (բոլորը, անգամ մոլի «սերժականները», կընդունեն, որ Տեր-Պետրոսյանի մտավոր կարողությունները շատ ավելի բարձր են, քան թե ՀՀԿ ողջ խմբակցության համագումարային IQ-ն), հուսահատ և անձնուրաց պայքար սկսեցին Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ կենտրոնացած ապազգային ուժերի դեմ։
Հասկանալի է, որ Նժդեի ուսմունքը նեխած ու կիսահոտած գաղափարախոսություն համարելը անգամ ամենամեծ ցանկության դեպքում անհնար է որակել ազգուրաց և հայրենադավ քայլ՝ ուղղակի ճաշակների տարբերություն է. Էդիկ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և շատ այլոք հարգում են Նժդեհին, նրա մտքերը, նրա խոսքերը, նրա բառերը, նրա բեխերը... Մի խոսքով Նժդեհից բխող ամեն ինչ։

Wednesday, November 24, 2010

«Ցուրտ ու մութ» տարիների լույսն ու ջերմությունը

Չեմ ուզում անդրադառնալ «ցուրտ ու մութ տարիներ» արտահայտության տարատեսակ շահարկումների քաղաքական, հայրենասիրական, բարոյական և այլևայլ մյուս կողմերին՝ անկեղծն ասած, մեծամտություն չթվա, բայց արժանապատվությունիցս ցածր եմ համարում դրանց անդրադառնալը։

Tuesday, November 23, 2010

Իմ ընկեր Չունգուրը

Չունգուր իհարկե իրական անուն չէ։ Անգամ մականուն կամ ծածկանուն չէ։ Ավելի շուտ՝ հավաքական մի կերպարի անուն է, որում կարծես բեկված լինեն հասարակ, ըստ էության, բարի, զգայական, կարեկցող, անգամ նվիրված լինելու ունակ մարդու ճակատագրի լարերի հնչեցրած մեղեդու բոլոր ելևէջներն ու զեղումները։
Շատերն էին գիտակցում (ես կասկած ունեմ, որ նույնիսկ ինքը՝ Չունգուրը), որ այդ մեղեդին, իհարկե, բարձր արվեստ չէ. ավելին՝ գիտեին, որ նվագախմբում քիչ-քիչ հայտնվում են ջութակներ, ալտեր, թավջութակներ, որոնց լարերն արդեն այնպիսի նոտաներ էին վերցնում, որ Չունգուրի հնարավորություններից վեր էին։ Չունգուրը սկզբից շատ էր ուրախանում՝ չէ՞ որ լարերի խորքում նա բարի ու զգայական գործիք էր։ Իր բարակ լարերը փորձում էին ամեն ձայն հանել, միայն թե նոր հնչյունները վստահորեն լցնեն նվագախմբի սենյակը, որտեղ արդեն նեղվածք էր առաջանում։ Նա անկեղծորեն ուրախանում էր նաև այն պատճառով, որ նվագախմբի դիրիժորը ինքն էր հավաքում այդ ջութակներին ու թավջութակներին ու սիրում էր նրանց, իսկ Չունգուրը նվիրված էր դիրիժորին և միշտ սիրում էր այն, ինչ նա էր սիրում։

Sunday, November 21, 2010

Ժամանակները փոխվել են, ժամանակն է փոխվելու...

Այս օրերին լրանում է 16 տարին այն օրվանից, երբ մեզանից հեռացավ Մերի Քոչարը, ով 70-ական թվականներից մինչև 90-ականների սկիզբը արևելագիտության ֆակուլտետի դեկանն էր և այդ ժամանակ միացյալ արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վարիչը։ Այս տարի ես արդեն մեկ անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու այդ վառ անհատականությանը՝ Arevelk.info բլոգում հրապարակելով «Հերթական ոլորապտույտ, կամ քանի՞ անգամ հնարավոր է «նույն փոցխի վրա կանգնել» գրառումը (http://arevelk.info/archives/444), որը բավական աղմուկ առաջարցրեց մեր և բանասիրական ֆակուլտետներում և նույնիսկ «արժանացավ» «Ազգ» օրաթերթում հրապարակված անանուն էժանագին մի պասկվիլի։

Saturday, November 20, 2010

Սնահավատության մասին

Աստվածավախ միշտ եմ եղել. այն ինքն իր հետ անկեղծ զրուցելու (անձի երկվությամբ չեմ տառապում) լավագույն հնարավորությունն է։ Ու հասկանալու, արդյոք այն ինչ անում ես կամ ուզում ես անել կամ արդեն իսկ արել ես, տեղադրվում է աստվածավախության մեջ։ Չգիտես ինչու, այն ինչ կոչում են սնահավատություն, եթե ոչ աստվածավախության, այլ հավատի հետ է կապվում. հավատում ես իրերի հաջորդականության ինչ-որ պատճառականության, որը թեև պատճառա-հետևանքային է, բայց բանականության հետ քիչ կապ ունի, խոսքը տրամաբանված բանականության մասին է, ու ամեն չհաջողված ինչը քո ոչ ճիշտ քայլերի պատճառով է։ Երևի սա չէ սնահավատության բնութագիրը, բայց սրա մասին։

Thursday, November 18, 2010

Gaudeamus igitur?

Գաղտնիք չէ, որ բարձրագույն կրթական հաստատությունները պետք է լինեն երկրի սոցիալական առաջընթացը ապահովող գլխավոր ինստիտուտներից մեկը՝ ակտիվորեն մասնակցելով սոցիալական մշակույթի ձևավորման գործընթացներին։ Որպես գլխավոր (և որոշ իմաստով նախապայման հանդիսացող) գործոն այս գործառույթի իրականացման համար հանդես է գալիս ուսանողության՝ որպես ընդհանուր սոցիալական շահ ունեցող խավի կազմավորումը։

Sunday, November 14, 2010

Թե ինչպե՛ս պատահեց, կամ Մարատը, DAAD-ը, Բայրոյթն ու ես

Այնպես ստացվեց, որ հայտնվել եմ Բայրոյթում, որ գտնվում է Բավարիայում, որն էլ, իր հերթին, ինչպես հայտնի է, ազատ պետություն լինելով (այդպես էլ պաշտոնապես կոչվում է՝ Freistaat Bayern, այսինքն, Բավարիայի ազատ պետություն), իր ազատությունն իրականացնում է Գերմանիայի դաշնության կազմում։ Թե ինչպե՛ս հայտնվեցի, դրանում էլ որևէ առանձնահատուկ բան կարծես չկա՝ սովորական ընթացք է մեր օրերում՝ դիմել էի DAAD անունը կրող բավականին հայտնի գերմանական կազմակերպության Հայաստանյան գրասենյակ, հայտս սահմանված ժամկետներում քննարկվել էր, որից հետո ինձ հայտնեցին, որ ես դրամաշնորհ եմ շահել (թեպետև այս հարցում՝ ես ի նկատի ունեմ հայտերի քննարկման ընթացակարգի և չափանիշների թափանցիկությունը, լուրջ վերապահումներ ունեմ, ինչի մասին «անշնորհակալաբար» (իմ բնավորության այդ հատկանիշի մասին քիչ հետո) իրենց հայտնել եմ և՛ Երևանում, և՛ այստեղ արդեն, բայց այստեղ չեմ ցանկանում դրան անդրադառնալ)։

Friday, November 12, 2010

Միթե թշնամին պիտի տձև լինի

Հենց նոր մուլտ էի նայում, ռուսական արտադրության, վերջին տարիների արտադրության՝ Князь Владимир, չորս պրոդյուսերներից երկուսը հայեր էին։ Մուլտը ոչինչ, հայկական էր, չնայած և պատմում էր Ռուսաստանի պատմության (ձևակերպման ադեկվատության մեջ վստահ չեմ) շրջադարձային պահերից մեկի մասին, որն ուղեկցվում էր դեպի քրիստոնեություն դարձով։ Հետո ինքս ինձ ջղայնացա, թե պիտի պարտադիր ռուսական մուլտ լինի, որպեսզի չորս պրոդյուսերներից երկուսը հայ լինեն։ Հայկական «խեղճ» Սասունցի Դավիթը մի քանի տարի, եթե ոչ մի ամբողջ տասնամյակ դարակներում փոշոտվում էր, «Տոբակիչների» ընտանիքն էլ հիանալի շահարկեց դա, չօգնեց, շահարկեց։

Tuesday, November 9, 2010

Ումն են եկեղեցիները՝ մերը, թե նրանցը

Վրաստանի, վրացահայ համայնքի, Ջավախքի, Թիֆլիսի մասին շատերն են գրել։ Անգամ մի քանի հատուկ բլոգ կա վերջիններիս խնդիրների մասին, էլ չեմ ասում բազմաթիվ հրապարակումներ լրատվամիջոցներում, զգուշավոր մեկնաբանությունները, ժամանակ առ ժամանակ հայ-վրացական դարավոր եղբայրության մասին հեռուստառեպորտաժները, ինչ-որ ձևական պաշտոնական այցերը, որոնք վերջում ոչ մի բան էլ չեն տալիս ու ՆՍՕՏՏ-երը, որոնցից և ոչ մեկը, ինչքան ես գիտեմ, դեռևս չի եղել կամ հայրապետական այց չի կատարել Ջավախք։ Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ գրել։

Tuesday, November 2, 2010

ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բորոդինոյի ճակատամարտը պատմության մեջ մտել է որպես իր դարաշրջանի ամենաարյունալի օրերից մեկը, երբ մի քանի ժամերի ընթացքում խաղարկվեց Նապոլեոնի ռուսական կամպանիայի անփառունակ հանգուցալուծումը։ Այդ օրը ռուսական բանակի ողջ կազմը մարտնչեց ինչպես երբեք՝ մաքրելով Աուստերլիցի և Ֆրիդլանդի խայտառակ բծերը։ Սակայն Բորոդինոյի հետ կապված կա մի դրվագ, որ իր փայլով ու վեհությամբ խամրեցնում է օրվա մնացյալ բոլոր սխրանքները։

Thursday, October 28, 2010

Հասարակությունն ավելի աղանդային է, քան աղանդները

Կյանքը, ամեն ինչից զատ, նաև հետաքրքիր է. իհարկե, ծիծաղելի է հնչում։ Բայց այն իրոք հետաքրքիր է, եթե հետաքրքրի բառի մեջ յուրահատուկ իմաստ կամ նշանակություն կամ բովանդակություն ես դնում ու այն սահմանափակում նոր բան հայտնագործելու երախայական, կամ երևույթները, իրողությունները այլ կերպ ընկալելու ստեղծագործական հրճվանքի հետ։ Ահա երբեմն այսպես հետաքրքիր է նաև կյանքը։

Saturday, October 23, 2010

«Փարի արաքիլ» կամ Սերժեր թե սերժեր


Khatchadour Tankian - Bari Arakeel - Featuring Serj Tankian -- Հետաքրքիր օր ստացվեց, երբեք չէի սպասի որ գործով կգնամ տուն, թեև Լեննականն այնքան էլ տուն չէ, բայց համարյա թե տան պես մի բան։ Ու շատ լուրջ դեմքով։) Աշխարհ, աշխարհ, տունդ բլի աշխարհ։) Իսկ Լեննականը սիրուն քաղաք է, «մի փոքր ճիգ» (մեջբերում է) ու կարելի է ներկայանալի քաղաք ունենալ, քաղաք, որն իր պատմությունն ունի, պատմությունը, որը բացի մարդկանցից, նաև փողոցների ու տների մեջ է։ Ինչու են Լեննականն ուզում տեխնոքաղաքի վերածել, ու ասենք ոչ Վանաձորը, չեմ հասկանում։ Միգուցե թույլ եմ տրամաբանությունից, չեմ բացառում՝ համեմատ Ներսես Երիցյանի։ Ընդունում եմ, միգուցե։)

Monday, October 18, 2010

Ապրում ես ու չգիտես ինչի մասին է դա

Վերջին մի քանի գրառումներում ու նաև շաբաթների ընթացքում ամեն ինչ սեփական արմատների փնտրտուքի մասին ու շուրջ էր։ Իսկ սա հայացք է դեպի հետ, դեպի անցած տարիներ։ Չգիտես ինչու, ավելի շուտ գիտես, ամեն ինչ փորձում ես կառուցել անցյալի վրա հիմնվելով։ Ու երբ հանկարծ կորցնում կամ վերանայում ես անցյալը գնահատելու կամ իմաստավորելու ավանդական կամ սովորական կամ հիմնական գործիքները, անկախ քեզանից ու տրամաբանորեն մոլորվում ես իրականությունը, ներկան պատկերացնելու հիմնական կողմնորոշիչների ընտրության հարցում։

Saturday, October 16, 2010

Հանդուրժողականության հակառակ կողմը

Երկու տարի առաջ Ծաղկաձորում կրթական հարցերին նվիրված մի համաժողովի ընդմիջումներից մեկի ժամանակ կարծիքների փոխանակման ընթացքում համալսարանի ռեկտորը մեղադրեց ինձ անհանդուրժող լինելու մեջ։ Խոստովանում եմ՝ հանկարծակի եկա, որովհետև ինձ միշտ թվացել է, որ փորձել եմ հասկանալ մարդկանց, համբերատար լինել նրանց նկատմամբ՝ մի խոսքով, դրսևորել այն, ինչ կարծես թե ծածկվում է «հանդուրժողականություն» հասկացությամբ։

Monday, October 4, 2010

Զգացե՛ք տարբերությունը...

Երկու շաբաթ է, ինչ վերադարձել եմ Բուխարայից։ Առհասարակ, երբ հայտնվում ես որևէ այլ երկրում, կամա թե ակամա ինքդ քեզ ընդգրկում ես համեմատությունների մեջ։ Առավել ևս, երբ հայտնվում ես այնպիսի մի երկրում, ինչպիսին Ուզբեկստանն է։ Խոստովանեմ՝ բացի միջնադարյան հնություններից այլ բան չէի սպասում այդ երկրից, որն ասոցիացվում է սովորաբար կոշտ ավտորիտար ռեժիմի և մարդկանց կյանքի համար դրանից բխող բոլոր հանրահայտ հետևանքների հետ։

Saturday, October 2, 2010

Ումի՞ց, երևի ինքն իրենի՞ց

Զգում եմ, որ գրելու բան չունեմ, բայց չգիտես ինչու գրել եմ ուզում։ Ահա թե ինչու կստացվի այն, ինչ կստացվի, եթե, իհարկե, ինչ-որ բան ստացվի։ Դատարկության զգացումը, կարծում եմ շատերին է ծանոթ, թե՛ գլխում, թե՛ հոգում, թե՛ ստամոքսում։ Հոգնածություն էլ և՛ կա, և՛ չկա, ծույլ հոգնածություն։ Վերա-ն կարծում եմ տեղին նախածանց է այստեղ՝ իրավիճակ, իմաստ, առաջնայնություններ, ցանկություններ, արժեքներ, հեռանկարներ։

Monday, September 27, 2010

ПРИЗРАК БРОДИТ ПО АРМЕНИИ-ПРИЗРАК ИДИОТИЗМА

«ՌԱԳԱՆՈՍԵՑՆԵՐ, տեր կանգնեք ձեր ընկերուհիների բաց պորտերին, մենք ՀԱՅ ենք»

«ՈՉ էրոտիկ կայքերին և համասեռամոլությանը»

«ՈՉ թուրքամետ ԱՄՆ-ին, ԱՅՈ Ռուսաստան-Հայաստան դաշինքին»

«Տեր կանգնենք մեր գենին»


Սրանք մեջբերումներ են ՄԵԿ ԱԶԳ կազմակերպությունների դաշինքի «գոհարներից», որոնք զարդարում են մեր քաղաքը։ Ասել թե այս «գոհարները» բթամտության ու իդիոտության զգալի չափաբաժիններ են պարունակում, նշանակում է ոչինչ չասել...

Բայց արժե ո՞ր ...

Кризисное мироощущение переломной эпохи ... ինչ-որ ծանոթ է թվում, չէ՞։ Հասարակական հոգեբանությունը, տրամադրությունները ինչ-որ տարօրինակ ծայրահեղական են, արտաքինից հանդուրժող, հանդուրժողականության քողի տակ, անընդհատ ինչ-որ այլընտրանքի սպասող, հրաշքներին կամ հրաշքով կատարվող վերափոխումների հավատացող, հավատացող դեպի լավը պատահական փոխակերպումների հնարավորությանը՝ հիմնականում Ընտանեկան ու էլի բազմաթիվ այլ լոտոների, ամերիկաներում ու եվրոպաներում ու ռուսաստաններում ապրող բարեկամների ու խոպանի տեսքով, թեև «լավի» մասին պատկերացումները կամ արժեքները, ցանկությունները, վախերը, սպասումները, ակնկալիքները, հույսերը հիմնականում առօրեական, կենցաղային են։ Կարծում եք առաջ ու բարգավաճ ու օրինաց հայաստանների ու լևոնիվկայությունը որտեղից։

Tuesday, September 21, 2010

Անկախություն պետք չէ, եթե բլոտ չես սիրում, չես թքում ու մեքենա էլ չունես

Երեկ նայում էի Գագիկ Հարությունյանի հետ հարցազրույցը «Արմենիա»-ով, անկախության 19-ամյակի շուրջ, լրագրողը, ով վարում էր հարցազրույցը դեբիլոտ էր, Հարությունյանը վերջինիս ֆոնի վրա ու ոչ միայն, ավելի ընկալելի էր։ Լրագրողն ամեն կերպ փորձում էր խոսք քաշել, մոտավորապես, թե «ոնց է, որ իշխանությունները գալիս գնում են, Դուք մնում եք»։ Գ.Հարությունյանը, իհարկե, բացատրեց, որ երկիրը, պետությունը, իշխանությունից տարբեր է, բայց լրագրողն էլի իր անպատասխան հարցով մնաց, մարդ, որն այդպես էլ չկարողացավ հարցազրույցի ընթացքի, համատեքստի, միջավայրի ու բովանդակության մեջ մտնել։ Լրագրողի շատակերության կամ բախտավորության մասին դատել չեմ կարող, բայց որ բթոտ էր, հաստատ, թեև չաղ էլ չէր։)

Sunday, September 19, 2010

Ատամները սեղմած ...

Բոլոր անասուններից ամենաանասունը մարդն է։ Անասուն արտասանելիս հիշեք ամենազզվելի բանը ձեր կյանքում, հետո ամուր, ինքան ծնոտում ուժ ունեք, սեղմեք ատամներն ու առանց ատամները շարժելու, արտասանեք՝ անասուն։ Այդ այդ ժամանակ միգուցե և պարզ լինի, թե ինչ տեսակ մարդկանց նկատի ունեմ ես։ Մտածում ես, պիտի որ շատ չլինեն նման անասուն մարդիկ, ափսոս միայն մտածում ես։ Անասուն մարդկանց մասին։

Friday, September 17, 2010

НАД ПРОПАСТЬЮ ВО ЛЖИ

Մի երկու շաբաթ առաջ Բաքվում որոշել էին հավերժանալ պատմության մեջ՝ օդ բարձրացնելով բոլոր ժողովուրդների և բոլոր ժամանակների ամենամեծ դրոշը։ Ադրբեջանցիները, իհարկե, կհավերժանան պատմության մեջ, բայց որպես շատ կարճ ու շատ անբովանդակային, տեղ-տեղ էլ գարշելի անցյալով մի ժողովուրդ, իսկ մեծ դրոշների ու դրանց ծածանումների մեծ նախագծերը կհամալրեն Արցախն «ազատագրելու» և անիրականանելի այլ բաղձանքների շարքը, որովհետև դրոշն ի հեճուկս Ալիևի և համայն ազերի ազգի որոշեց պատառոտվել։

Thursday, September 16, 2010

Սոլուխմ քաշենք կամ պերեկուր

Мертвые с косами и тишина… իհարկե, առաջին հատվածը չկա, քանի որ լույս է, իրիկուն չէ, օրն էլ հինգշաբթի է, բայց «тишина»-ի մասը կարծես թե լրիվ բռնում է։ Լուռ է, իհարկե, ոչ շրջապատում, այն աղմկոտ է, չնայած ավելի քիչ, քան նախորդ դեպքերում էր, այս անգամ լուռ է գլխում։ Չնայած հայերենում զգում են թոք ու ջիգյարով, պլոճիկներով, սրտով, հոգին ուտելով, իմ մոտ առայժմ լուռ, անզգացումային է գլխում։ Չնայած եթե գլուխը միշտ սովոր է եռռալուն ու տժժալուն ու գորշ նյութի մինչև վերջին բջիջը բռնարվելուն, ապա «հուման» միջավայրը սկսվում է այլ կերպ ընկալվել, գնահատելն ու հասկանալը ավելի ուշ է գալու։

Monday, September 13, 2010

Օրինաց Արթուրի հետ նույն երկրում՝ ապահովագրված մեքենաներով

Առավոտյան բոլորովին ուրիշ բանի մասին էի ուզում գրել, դինամիկայի ու շարունակականության մասին։ Նույնիսկ սկսել էի, բայց օրը բավականին խառը ստացվեց, սկսածն ավատել չկարողացա ու մոռացա ինչի համար էի այդ գրառումը նախաձեռնել։ Տուն վերադառնալիս երկու նոր կրպակատիպ շինություն ընկավ աչքովս։
Քաղաքը պատրաստվում է, քաղաքը, դե հանրապետության կեսից ավելին է, այսինքն հանրապետությունն է պատրաստվում։

Monday, September 6, 2010

Ծուղակ, որից պրծում չկա

Ամեն գրառումն իր ստեղծման նախապատմությունն ունի։ Դրանք երբեմն ես պատմում եմ, դրանք նաև տարբեր են՝ իրադարձությունների, զգացումների ու զգացմունքների, դեպքերի, որոշումների, հանդիպումների, ավտոբուսի պատուհանից նետած ակնթարթի, օրեր, շաբաթներ կամ տարիներ տևած իրականության, էլ չշարունակեմ, նման բազմաթիվ բաների տեսքով։ Երբեմն նախապատմություն կա, բայց երբ նստում եմ գրելու, այդ պահին այն ոչ մի կերպ չեմ կարողանում շարադրել։ Դա ինքս «սեփական մատներն ու ձեր միտքը տաքացնելու» փուլ եմ անվանում։ Սա, ինչպես կռահում եք, բացառություն չէ, ավելի շուտ հենց այս դեպքն է։ Մատներս դեռ տաք չեն, չնայած ահավոր շոգ է, տեսնենք ինչ դուրս կգա։

Wednesday, September 1, 2010

ՏԵՐ, ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՀԱՅԼՈՒՐԷ

«Հայլուրի» և իմ վերջին հանդիպման արդյունքում ծնվել էր մի գրառում, որը դարձավ այս բոլգում ինձ համար առաջինը: Երեկ այնպես ստացվեց, որ իմ ու «Հայլուրի» ճանապարհները կրկին խաչվեցին, և այս հանդիպումը նույնպես նախորդի նման արգասաբեր էր...

Այս անգամ «Հայլուրի» թղթակիցները որոշել էին մի ռեպորտաժ նվիրել Քաշաթաղի դպրոցներից մեկին, որը լուսաբանում էր կրթական հաստատության առօրյան և ուսումնական գործընթացը։ Ընդ որում, այս ամենը թղթակիցները ներկայացնում էին դպրոցի երիտասարդ ու տոկուն տնօրենի աչքերով, որը հանգամանալիցորեն պատմում էր դպրոցի խնդիրների, նպատակների և հնարավորությունների մասին։

Sunday, August 29, 2010

ԳԻՇԱՆԳՂՆԵՐԸ

Նախօրեին ավարտվել է տարվա նոմենկլատուրային ամենանշանակալի իրադարձությունը` «Բազե» երիտասարդական հավաքը, որի հովանու ներքո Ծաղկաձորում չորս օր շարունակ առանց հանգստի ու դադարի «ինտեգրվում էին» քաղաքական մի քանի կուսակցության երիտթևեր: Ամենամյա այս միջոցառումն իբր միտված է համախմբել քաղաքական տարբեր հայացքներ ու դիրքորոշումներ ունեցող երիտասարդների, դարձնել նրանց մի կուռ ամբողջություն և ձևավորել քաղաքացիական հասարակության կորիզը:

Friday, August 27, 2010

ԹՇՆԱՄԻՆ ՏՆԻՑ Է ԼԻՆՈՒՄ

Պաշտոնական Բաքուն հերթական քայլն է արել՝ վերադարձնելու հպատակ ադրբեջանցի ազգի քոչվոր ու խաշնարած նախնիների «դարավոր հայրենիքը»՝ Լեռնային Ղարաբաղը։ Այս անգամ հարձակման նշանակետը տեղեկատվական ոլորտն է։ Օրերս Բաքվի պետական համալսարանին կից բացվել է Հայկական ուսումնասիրությունների գիտական կենտրոն, որի գործունեությունը, հասկանալի է, չի սահմանափակվելու զուտ գիտական աշխատանքներով։

Wednesday, August 25, 2010

Յո՞ երթամք...

Այս գրառումը պատմություն ունի։ Ծառի նման, որի կեղևի շերտերով կարելի որոշել նրա տարիքը։ Այն, ըստ էության, կուտակվել ու ձևավորվել է 2006-2009 թթ., որոշ հատվածներ ձևավորվել են ռեկտորին ուղարկած իմ վերլուծական զեկուցագրերում, ռեկտորատի նիստերի ընթացքում առաջացած մտորումներում, հետո, երբ պարզ դարձավ, որ այս ամենը չի տեղավորվում բարեփոխումների պաշտոնական վարկածի շրջանակներում, փորձեցի այն հոդված դարձնել համալսարանական թերթի համար, մանավանդ, որ հոբելյանական տարի էր։ Իհարկե, դա սպասելի բարդություններ առաջացրեց, և հետո որոշ հատվածներ օգտագործեցի բարեփոխումներին նվիրված տարբեր ձևաչափի կոնֆերանսներում իմ ելույթներում... և այսպես շարունակ։ Այսպիսի տեսքով շարադրել եմ հիմա ու ինձ թվում է, որ հարցերը մնում են ակտուալ, ու արժե դրանց մասին խոսել. Հայկի վերջին գրառումն էլ է դա վկայում։ Եվ ուրեմն.

ԿԱՐՄԻՐ ՄԱԿՈՒԼԱՏՈՒՐԱ ԿԱՄ ԲԱԼԼԱԴ «ԳԻՏԱՀԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

Արդեն մի երկու ամիս անցել է այն օրից, երբ վերջին անգամ մտա համալսարան` կատարելու դիպլոմային աշխաքանքիս պաշտպանության վեհ առաքելությունը: Դրանով շրջվեց կյանքիս հերթական էջը: Անցյալ դարձան համալսարանական երկար ու ձիգ չորս տարիները, իսկ դրանցից հուշ մնացին մեր մասնաշենքի պատկերը հենց այնպես, ինչպես նկարագրել էր պ-ն Կարաբեկյանն իր գրառման մեջ, անթիվ-անհամար առարկաներ ու դրանցից անբաժան ստուգարք-քննություններ, մեկ էլ երևի ջերմ հիշողություններ մի քանի մարդու (թե դասախոս, թե ընկեր) մասին:
Հուշերի կողքին համալսարանից մնաց նաև գիտելիքի որոշակի պաշար, որի կրողը արաբագետ-իսլամագետ կոչվելու բարձր պատվին է արժանանում: Պատիվը շնորհում է կարմիր ստվարաթղթի կտորը` 3 000 դրամ ինքնարժեքով (հենց այդքան գանձվեց ինձնից դիպլոմիս համար), որի տերը դառնալու բախտին արժանացա նաև ես:

Monday, August 23, 2010

"Если у вас нету тёти..."

Ամբողջ օրը մտածում եմ՝ ի՛նչ ահռելի պատասխանատվություն վերցրեցինք 20 տարի առաջ, երբ ընդունեցինք Անկախության հռչակագիրը։ Չեմ շփոթում դերանունը. այո՛, վերցրեցինք, որովհետև սա այն բացառիկ դեպքերից էր, երբ բոլորս անխտիր մասնակցեցինք այդ արարողությանը, անկախ նրանից, պատգամավոր էինք, թե կանգնած էինք շենքը շրջապատած մարդկանց բազմության մեջ։ Ինչպես ասում են՝ մեկ շնչով։
Քսան տարի անց նույն շենքի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հետ փորձում էի պաշտպանել Հռչակագրի հիմնական դրույթներից մեկը՝ հայոց լեզվին վերաբերող։

Saturday, August 21, 2010

Ժամանակի մեքենան

Չեք հավատա, բայց, այն, ինչ կարդում եք, գրվել է երազում։ Նոր քնել էի, երբ կարծես ինչ-որ բան հրեց-պոկեց ինձ ներքևից, և զգացի, որ կտրուկ վեր եմ խոյանում։ Ենթագիտակցության մի ծայրով հասկացա, որ դեռ քնած եմ, և անհանգստանալու կարիք չկա՝ պարզապես երևի մի երազ է սկսվում, ու պատրաստվեցի հարմարավետ դիրք ընդունելով հետևել իրադարձությունների զարգացմանը։ Նույնիսկ կատակով հասցրեցի մտածել՝ չլինի՞ Մուհամմադ մարգարեի պես Երուսաղեմ գիշերային ճամփորդություն է սպասում ինձ ։)

Իմաստուն նախագահ եմ ուզում՝ իմ ու ձեր քվեներով

Վերջին օրերի ու կարծում եմ առաջիկա մի քանի շաբաթների, եթե ոչ ամիսների անցուդարձի հիմնական թեման ՌԴ նախագահի այցն է լինելու։ Եկավ, կքնեց, ինչ-որ զրուցեցին, հետո գնաց։ «Վերլուծություններ», «ռեպորտաժներ», «քննարկումներ», ռեպլիկներ, գրառումներ, ինչպիսին սա է, ինչքան ուզեք։ Դրանք երբեմն հետաքրքիր է կարդալ, երբեմն քմծիծաղով, երբեմն զգացումով, որ միգուցե ապուշություն ես կարդում, հեռուստատեսային ռեպորտաժների մասին էլ չեմ խոսում, ոչ միայն հայկական, այլև ռուսական կողմից։ Ինչ-որ մի գրառում, որը կարդալիս ինչ-որ բավարարվածության զգացում կունենաս, առայժմ գոնե ինձ չի հանդիպել։ Շնորհակալ կլինեմ, եթե ինչ-որ հղում հուշեք, բայց խնդրում մի քիչ «նորմալոտ» գոնե։) Ինչ այցելություն էր դա, ինչ կտա մեզ, նրանց, ինչ կտա հիմա, վաղը, հիսում տարի անց։ Հարցեր են, որոնց պատասխանները կասկածում եմ, որ ունեն անգամ վերևներում՝ բացի ոչ մի բան չասող ժպիտներից։ Ահա այս ամենի մասին։

Friday, August 20, 2010

«ԼԱՎ ՉԻ ԼԻՆԻ...»

2000 թ. շահագաործման հանձնվեց Շվեդիան Դանիային կապող Էրեսունյան կամուրջը: Կառույցի շինարարությունն ընդհանուր առմամբ տևեց 4 տարի և դրա արդյունքում կյանքի կոչվեց ծովի մեջ վեր խոյացող 16 կմ. երկարությամբ ահռելի մի կամուրջ` երթևեկության 4 հոսքերով ու երկաթգծով: Պարտադիր չէ լինել շինարար կամ էլ ճարտարապետ, որպեսզի հասկանալ, թե մտքի ու աշխատանքի ինչ հսկայական ծավալներ են ներդրվել այդ նախագծում, ինչքան ճիգ ու եռանդ, ինչքան ֆինանսներ: Ակնհայտ է նաև, որ կամուրջն իսկական օրհնություն է Շվեդիայի և Դանիայի բնակչության համար, քանի որ Սկանդինավիան մայրցամաքից բաժանող անանցանելի ջրային տարածությունը վերածում է բարձրակարգ մայրուղու, ինչով բազմապատիկ հեշտանում է մարդկանց տեղաշարժը:

Saturday, August 14, 2010

«Մի կիլո կլուբնիկ», որը Հայաստան արժե

Առավոտյան, երբ հավաքվում էի, ու գնացքում էի՝ ճանապարհին, մտածում էի՝ սա կգրեմ, նա կգրեմ, հետո մտածում էի, չէ, երկար կլինի, հետո՝ ոչինչ էլ չգրեցի։ Հետո, երբ արդեն օդանավակայանում նստեցի որ գրեի, արդեն մոռացել էի, ինչ էի գրելու։ Բայց հիշում էի, որ անպայման ինչ-որ մի կոնկրետ բանի մասին էի ուզում գրել ու շատ էի ուզում, որովհետև չափազանց կարևոր էի համարում դա։ Հետո էլի փորձեցի հիշել, էլի փորձեցի հետո ինչ որ աղոտ հիշեցի, բայց չեմ կարծում որ կստացվի հենց այն՝ ինչ ուզում էի առավոտյան։ Առավոտյան այն մի շնչով կգրեի, հիմա պիտի որ արհեստական ստացվի մի փոքր, որովհետև «ուղեղիս զոռ եմ տալու», իսկ զոռ տալով արդյունքները միշտ չէ որ ինձ են գոհացնում։)) Դե, գնացինք ուրեմն։

СОБАЧЬЕ СЕРДЦЕ

Այսօր Օպերայի կողքով ինչ-որ տեղ էի շտապում և Արամ Խաչատրյանի արձանի մոտ անհասկանալի իրարանցում տեսա: Առաջին բանը, որ անցավ մտքովս, դա ցուցարարներին ծեծող կարմիր բերետավորներն էին: Սակայն քիչ մոտեցա, ու աչքերիս առջև հետաքրքիր մի տեսարան բացվեց...

Friday, August 13, 2010

ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ, ՀԱՅԵՐԻ ԵՎ 4501 ԱՆԻՄԱՍՏ ՏԱՐԻՆԵՐԻ ԿԱՊԸ

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Կալիֆոռնիայի ֆեդերալ դատարանը հակասահմանադրական ճանաչեց միասեռակաների ամուսնությունն արգելող օրենսդրական դրույթը` կանաչ լույս վառելով հազարավոր միասեռական զույգերի երջանկության համար, ովքեր անցյալում զրկված էին միմյանց «ամուսին» անվանելու հաճույքից:
Դատարանի որոշումը բավական հնչեղ արձագանք ունեցավ ամերիկյան հասարակության շրջանում, իսկ երանգները թե խսիտ դրական էին, թե հակառակը: Ինչպեսև վայել է իսկական ազատական հասարակությանը, ամերիկացիների մի զգալի մասը, չնայած ավանդական սեքսուալ կողմնորոշմանը, սատար կանգնեց միասեռականներին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվող արգելքի մեջ տեսավ Հիմնադիր Հայրերի հռչակած Մարդու իրավունքների դեկլարացիայի ոգուն հակասող խտրականություն: Մի մասն էլ ելակետ ընդունեց ավելի պահպանողական մոտեցումներն ու անզիջում պայքար սկսեց դրա դեմ:

Wednesday, August 11, 2010

Սայլապանս կառավարիդ վնաս չէ, վնաս չէ

Այնպես ստացվեց, որ վերջին երկու օրվա ընթացքում ինչ որ չափազանց շատ էին առիթները մտածել մարդկային հարաբերությունների կամ սոցիալական կապերի մասին։ Իհարկե, ես չափազանց հեռու եմ այս ամենն այս կամ այն կերպ «խորը ընկալելու» ունակություններ ցուցաբերելուց, իսկ թե ինչու, ներքևում։ Բայց չգիտես ինչու, քանի որ ամեն ինչ քո շուրջ է պտտվում, անկախ քեզանից կամ օբյեկտիվորն իրոք այդպես է, թվում է, թե այդ ամենը քո մասին է։ Եվ քանի որ միշտ չէ որ հարաբերությունները դրական կողմից են նկարագրվում, իհարկե, «ցավոտ է» ընկալել կամ ընդունել կամ գիտակցել, որ միգուցե և քեզ է վերաբերում այդ ամենը, միգուցե և չի վերաբերում։

Tuesday, August 10, 2010

CONSUMER SOCIETY ԿԱՄ ԷԼ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ

Այս գրառումն էլ նոր չէ. գրվել է մոտ երկու ամիս առաջ: Սակայն քանի որ բլոգի ու Facebook-ի «լսարանները» տարբեր են, ապա ուզում եմ տեղադրել նաև այստեղ: Գրառումը երկար է, շատերին միանշանակ անհետաքրքիր կթվա, բայց, կարծում եմ, արժե ընթերցել, նամանավանդ որ թեման խորհրդածությունների տեղիք է տալիս:

ԱՄՆ-ում բնակվում է մի փիլիսոփա-քաղաքագետ՝ Ֆրենսիս Ֆուկույաման, որն աշխարհին առաջին անգամ իր մասին հայտնեց 1992 թ.՝ հրատարակելով "Պատմության ավարտն ու վերջին մարդը" աշխատությունը։ Լինելով նեոհեգելական (ոմանց համար էլ պսևդոհեգելական)՝ Ֆուկույաման գրքում զարգացնում է Հեգելի «պատմության ավարտի» տեսությունը՝ պայմանավորելով այն ազատական գաղափարների ու ժողովրդավարական կարգի անթերիությամբ և ունիվերսալությամբ։

Monday, August 9, 2010

Լավ կլինի, ապե՛

Երեկ նայում է այս սա՝ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 2015 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ», որի հղումը, չգիտեմ որտեղից, երևի Խաչիկն էր Գևորգյան դրել Facebook-ում։ Ինչ որ ներկայացվելու է կառավարության քննարկմանը կամ արդեն իսկ ներկայացվել ու հաստատվել է և այլն։ Այսինքն հերթական ծրագիրը, որը պիտի կյանքի կոչել։ Պիտակումներ կամ որակավորումներ չեմ սիրում տալ, ծրագիր է, որը լավ, թե վատ գրված է, ես չեմ հավակնում պնդել, թե «ես որ լինեի, թույն բան կանեի» և այլն և այլն։ Կրթության կառավարման կամ որակի բարելավման ոլորտի մասնագիտական պատրաստվածություն չունեմ, թեև այս կամ այն կերպ ներառված եմ այդ ոլորտում (դիլետանտություն՝ ելնելով բլոգի նախորդ մի քանի մեկնաբանությունների ու գրառումների ոգուց։)։

Saturday, August 7, 2010

Ոչ մի խճանկար

Մի շաբաթից ավելի է, եթե ոչ շատ, ոչինչ չէի գրում՝ բլոգի համար։ Միգուցե և նկատած կլինեք, չնայած հազիվ թե, Հայկ Զ.-ն հազիվ թե թողներ որ նկատեիք կամ նկատեինք։ Երիտասարդական եռանդն ու խանդավառությունն ասում է իրենը։) Հետաքրքիր էր հետևել, ընթերցողի աչքով հետևել այդ ամենին, դրսից հետևել, սակայն ներսից նայելու հնարավորություն ունենալ, համեմատել, համեմատել, համեմատել, հետևություններ անել, նայել։ Հետաքրքիր է այդ ամենը, իրոք, եթե տեղադրում ես ավելի բարդ կոնտեքստի մեջ ու փորձում ավելի լայն շրջանակում նայել։ Չափազանց պարզ է այն ինչ վիրտուալ իրականություն են անվանում, երբեմն պարզունակության աստիճանի։ Բայց այն մի այլ առավելություն ունի՝ այն մոդել(ոտ) է ու շնորհիվ իր պարզության (տարրերի միջև կապերը խիտ չեն) ելքային ինչ որ գաղափարներ է հուշում, թույլ տալիս տեսնել ավելի բարդ երևույթների առանձին կողմերը։

ՕԹՅԱԿ, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ՄԵՆՔ

Օրերս Իրանում գործարկվել է մի կայք, որը, կարելի է ասել, ծայրից ծայր «նվիրված է» Հոլոքոստին: Այնտեղ ներկայացված են իրանցի մի ծաղրանկարչի` ոմն Մազյար Բիջանիի աշխատանքները:
Հասկանալի է, որ եթե մի բան ունի իրանական ծագում և այս կամ այն կերպ առնչվում է հրեաներին, ապա պետք է լինի հակասեմականության մարմնացում: Սա էլ բացառություն չէ, ընդ որում ամենադաժան կերպով ծաղրի են ենթարկվում հրեաների ամենասուրբ ու նվիրական զգացմունքները՝ Հոլոքոստի զոհերի հիշատակը: Բիջանին առանց այլևայլության հայտարարում է, որ Հոլոքոստ ասվածը սիոնիստական քարոզչամեքենայի հյուսած առասպելն է, զոհերն ու տառապանքները հնարած են, իսկ իրական մարդասպաններն ու հանցագործները հենց հրեաներն են:

Friday, August 6, 2010

ՊԱՏՎԵՐՈՎ «ՀԱԿԱՀԻՍՏԵՐԻԱ»

Ես կտրականապես դեմ եմ, երբ Հայաստանում, որը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, բանակի դեմ մի հիստերիկ շարժում է սկսվում:


Վահան Շիրխանյան

Սա քաղվածք է պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայում ինձ անհայտ պաշտոն զբաղեցնող Վահան Շիրխանյանի հարցարզույցից, որի վերնագիրն էր ոչ ավել ոչ պակաս «Հիստերիկ շարժում՝ բանակի դեմ»: Բացի վերևի ինքնատիպ մտքից, Շիրխանյանն արտահայտում է ևս մի քանիսը, որոնցով էլ եզրափակում է իր ոչ պակաս ինքնատիպ հարցազրույցը: